Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ – «ԿԼԻԵՆՏ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբեր 06,2011 00:00

Վարդան Պետրոսյանի «Սեռասարսափը»՝ իշխանություններ-ժողովուրդ հարաբերության եւ Հայաստանի մասին:

\"\"

Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դիտեցի Վարդան Պետրոսյանի նոր՝ «Սեռասարսափ» կինոներկայացումը, որի սցենարը հեղինակը գրել է Փարիզում: Նշենք, որ հեղինակի այս ներկայացումն էլ անցավ լեփլեցուն դահլիճում, ավարտվեց «բրավոների» տարափով: Facebook-յան էջում էլ միայն ջերմ խոսքեր են: Մասնավորապես ինձ «Սեռասարսափն» առանձնապես դուր չեկավ: Ամեն ինչ չափից շատ պարզունակ էր, տեղ-տեղ ահավոր ձանձրալի ու խեղճ: Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է խոսել ճնշված խավի, ժողովրդի մասին եւ զուգահեռ անցկացնել օլիգարխներից մեկի առյուծի վանդակը նետված ավանակի հայտնի պատմության միջեւ: Կամ ի՞նչ մի նորություն էր «ջիփազգի» մեքենաներով անգրագետ, հաստավիզ հայազգիների տհաճ առատությունը Հայաստանում: Երկար էր նաեւ ներկայացման բարոյախոսական-բարոյախրատական մասը:
Մի բան, սակայն, պարզ է, ի տարբերություն հայաստանյան շատ արտիստների, Վարդանը գոնե անկեղծ է իր հանդիսատեսի հետ, սիրում է հանդիսատեսին, վուլգար չէ, «մի քանի կոպեկով» չի ծաղկեցնում սրա-նրա սեղանը, զավակի հարսանիքը, սիրուհու ծննդյան տոնը: Հասկանում ես, որ Վարդանի հումորի մեջ ցավ կա Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ, ամեն ինչ կատարյալ տեսնելու ձգտում: Բայց ինչ անի մարդը, որ այլեւս կրկնվում է: Չնայած այնքան սիրված է, որ թեկուզ իներցիայով ու հին «դափնիների» ազդեցության տակ ժողովուրդը դեռ կգնա նրա ներկայացումներին:
Դեռեւս օգոստոսին կայացած ասուլիսում դերասանն ասել էր, թե «Սեռասարսափ» վերնագրի ընտրությունը պատահական չէ՝ ներկայացման մեջ արծարծվում են հարցեր, որոնց մասին եւ խոսում ենք, եւ՝ ոչ: Անդրադառնալով ներկայացման վերջին, Վ. Պետրոսյանը նաեւ ասել էր, թե իշխանություն-ժողովուրդ հարաբերությունները հասցված են մարմնավաճառ-«կլիենտ» հարաբերությանը: Այս հարցում լիովին համամիտ ենք նրա հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել