Երեկ Հանրային խորհուրդը քննարկեց Երեւանի կրպակների հարցը: Նրանց էր դիմել «Կրպակատերի շահերի պաշտպանություն» կազմկոմիտեն, խորհուրդն էլ նրանց հրավիրել էր կոնկրետ հարցերի վերաբերյալ կոնկրետ առաջարկներ լսելու, մանավանդ որ՝ վերջիններս պնդում էին, որ կրպակները մոնտաժում են ու դրանց փոխարեն ավելի նոր ու գեղեցիկներն են տեղադրվում: Ամիրյան փողոցում գտնվող դերձակի ծառայություններ մատուցող կրպակի տիրոջը՝ Հովհաննես Տիգրանյանին, օրինակ՝ մեկ ամիս են տվել, որպեսզի կրպակն իր ուժերով ապամոնտաժի, սակայն նա դա անել չի պատրաստվում: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Դիմել եմ տարբեր գերատեսչությունների, որպեսզի ապացուցեմ, որ ես այդ կրպակը ժառանգություն եմ ստացել, դա իմ սեփականությունն է, ասել են, որ մեկ ամսվա ընթացքում պատասխան կտան: Հիմա Հանրային խորհուրդը միջին օղակն է, որի օգնությամբ մենք փորձում ենք մեր խնդիրները բարձրացնել»: Նա վստահեցրեց, որ իր կրպակը ոչ մեկին չի խանգարում եւ մի բան էլ գեղեցկացնում է քաղաքի տեսքը. «Արտասահմանցիները տեսնում են ու զարմանում, որ այդտեղ այդպես գեղեցիկ բան կա: Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեն, որ ամեն մի կրպակը մի ընտանիքի պատմություն է: Խաղում են մարդկանց ճակատագրի հետ»:
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը ներկաներին հորդորեց կոնկրետ առաջարկություններով հանդես գալ, որպեսզի առաջիկայում Երեւանի քաղաքապետարանում բանակցելու հարց բարձրացվի: Իսկ մինչ այդ «Կրպակատերի շահերի պաշտպանություն» կազմկոմիտեի ղեկավար Արեւիկ Ղազարը հորդորեց կրպակների ապամոնտաժումը դադարեցնել: