Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը Լիբանանում ամենամշակութայինն են

Նոյեմբեր 08,2011 00:00

\"\"Դա փաստում է նաեւ Լիբանանում Հայաստանի դեսպանի մշակույթի գծով խորհրդական Միրեյ Խանամիրյանը:

Հայ մշակույթի հանրահռչակման կարեւորագույն հանգրվաններից են հատկապես Մերձավոր Արեւելքի գաղթօջախները, քանի որ ավանդական սփյուռքի հիմնական զանգվածը կենտրոնացված է այստեղ: Ցավոք, շատ հաճախ Մերձավոր արեւելքում մեր արվեստը ներկայացվում է չափազանց սահմանափակ՝ ընդգրկելով հայաստանյան շոու-բիզնեսի մի քանի երգիչ-երգչուհիների:
Օգտվելով առիթից, որ Երեւանում է Լիբանանում Հայաստանի դեսպանի մշակույթի գծով խորհրդական Միրեյ Խանամիրյանը, «Առավոտը» ցանկացավ տեղեկանալ, թե ի՞նչն է պատճառը, որ ցածրաճաշակ, արդեն ունկնդրի ականջը վաղուց «չարչարած» երգիչ-երգչուհիներն են հանդես գալիս արտերկրում, մասնավորապես՝ Լիբանանում, այն դեպքում, երբ ունենք իսկապես բարձրակարգ եւ եվրոպական բեմերում քննություն բռնած անվանի արվեստագետներ ու երաժշտախմբեր: Մեր զրուցակիցը հաստատելով, որ հայ մշակույթը իրենց մոտ հաճախ ներկայացվում է ոչ պատշաճ մակարդակով եւ ընդգծելով, որ նման միջոցառումները մասնավոր կապերի շնորհիվ են, այլ ոչ պետական. «Երկու տարի է՝ ինչ դեսպան Աշոտ Քոչարյանի խորհրդականն եմ մշակույթի գծով, սակայն 1993թ., երբ Լիբանանում բացվեց ՀՀ դեսպանությունը, մասնակցություն եմ ունեցել մշակութային ծրագրերի նախապատրաստմանն ու իրականացմանը: Լիբանանցին գիտի, որ հայը տաղանդավոր է, բայց, շիտակ ասած՝ քաջատեղյակ չէ հայ արվեստին: Սկսած 1997թ., դեսպանատան նախաձեռնությամբ Լիբանանում փայլուն համերգներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ, որպես մենակատարներ հանդես են եկել դաշնակահար Արմեն Բաբախանյանը, հայտնի սոպրանո Ջուն Անդերսոնը, հրավիրվել են օպերային երգչուհի Անահիտ Մխիթարյանը, Վահագն Հայրապետյանի ղեկավարած ջազ անսամբլը, Սիլվա Մեքինյանի հիմնած «Նոր անուններ» միության շնորհալի երիտասարդները, տեւական ժամանակահատված 3-4 հայ քանդակագործներ մասնակցել են սիմպոզիումի եւ արված քանդակները նվիրել Հալեի քաղաքապետարանին, եւ այլն»: Նշելով, թե Լիբանանի նորանշանակ մշակույթի նախարար Գաբի Լայունի խորհրդականը՝ հայազգի Միշել Դո Շատարեւյանն է, հավաստիացրեց, որ արդեն մշակվում են ծրագրեր՝ հայ մշակույթը պատշաճ ներկայացնելու ուղղությամբ եւ կոնկրետ 2012թ., երբ Երեւանը հայտարարված է գրքի միջազգային մայրաքաղաք, Լիբանանը կներկայացնի ճանաչված պատմաբան Նինա Չիթեջյանի, լիբանանի Ֆրանսիական համալսարանի թանգարանի տնօրեն Լեւոն Նորդիկյանի, Ազգային թանգարանի ղեկավարներից Րաֆֆի Ջերջյանի՝ հայերի պատմությանն առնչվող աշխատությունները:
Տիկին Խանամիրյանը արաբներին հայկական մշակույթին ծանոթացնելու գործընթացում կարեւորեց նաեւ տուրիզմը, նշելով, որ վերջին շրջանում երկու խումբ, շուրջ 60 արաբ՝ գիտության, կրթության եւ արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում էին Լիբանանում ամերիկյան եւ ֆրանսիական համալսարանի թանգարանների բարեկամներին, եղել են Հայաստանում եւ տպավորված վերադարձել: Օրինակ, Լիբանանի Ֆրանսիական համալսարանում լույս տեսնող հեղինակավոր L՝ORIENT. LE JOUR ամսագիրը ամռանը անդրադարձավ Հայաստանին: Պարբերականի մշակութային պատասխանատու Մարիա Շախթուրան հանդես է եկել ընդարձակ հոդվածով: Մ. Խանամիրյանը փաստեց նաեւ վերջերս Հայաստանից ժամանած դիրիժոր Ռուբեն Ասատրյանի եւ Բեյրութի ֆիլհարմոնիկ նվագախմբի հիանալի ելույթի մասին, որի ժամանակ հնչել են Ա. Խաչատրյանի, Գ. Եղիազարյանի, Խ. Ավետիսյանի երկերից, իբրեւ մենակատարներ էլ հանդես են եկել ջութակահար Անուշ Նիկողոսյանն ու քանոնահարուհի Կարինե Հովհաննիսյանը: Ասաց նաեւ, թե տեղի տասնամյա նվագախումբը ընդգրկված լինելով կոնսերվատորիայի կազմում, ժամանակավորապես դժվար օրեր է ապրում հիմնադիր, կոնսերվատորիայի նախագահ Ուալիդ Ղոլմիենի մահվան առիթով եւ այս պաշտոնում հավանական թեկնածուներից մեկն էլ հայազգի դիրիժոր Հարութ Ֆազլյանն է: Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ առաջիկայում կապ կհաստատվի նաեւ Լիբանանի եւ Երեւանի կոնսերվատորիաների միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել