Համահայկական գիտական խորհուրդը այսօր նամակ է ուղարկել ՀՀ կառավարության պաշտոնական խորհրդատու՝ ԳԱԱ նախագահությանը, պատճենն էլ՝ ՀՀ նախագահին եւ վարչապետին: Նամակում անդրադառնալով ՀՀ ԿԳՆ Գիտության պետության կոմիտեի կողմից ՀՀ պետբյուջեից գիտությանը հատկացված գումարների աննախադեպ փոշիացմանը, Համահայկական գիտական խորհուրդը հույս է հայտնել, որ ՀՀ ներկայիս գործադիր իշխանության ցանկության դեպքում կարելի է շուտափույթ դադարեցնել գիտության ոլորտի խիստ կասկածելի նախաձեռնություններից մեկը: «Խոսքը վերաբերում է հանրապետությունում երկրորդ արագացուցիչ-ինստիտուտի կազմակերպման «Քենդել» ծրագրին, այն էլ հանրապետությունում միջազգային հեղինակություն վայելող Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի առկայության պայմաններում, որը, անկասկած, գիտությանը հատկացված առանց այն էլ խիստ սուղ միջոցների փոշիացման հերթական նախաձեռնությունն է։ Զարմանք է պատճառում այն փաստը, որ ՀՀ կառավարության պաշտոնական խորհրդատու ՀՀ ԳԱԱ նախագահությունը համառորեն լռում է, այսինքն՝ ակներեւաբար չի իրականացնում ՀՀ օրենքով իրեն վերապահված պետական նշանակության գործառույթը։ Եվ դա այն դեպքում, երբ ՀՀ կառավարության այդ ծրագրի թե գիտական, թե ֆինանսատնտեսական հիմնավորումների անբավարարության մասին բազմիցս արծարծվել է, եւ այն քննադատվել է հանրապետական մամուլում։
Ուստի գտնում ենք, որ մի կողմից՝ պետական միջոցների ակնհայտ փոշիացման, մյուս կողմից՝ գիտության «թռիչքային» զարգացում ենթադրող հակադիր կարծիքները կարող են հստակեցվել միայն ՀՀ կառավարության պաշտոնական խորհրդատու պետական մարմնի՝ ՀՀ ԳԱԱ նախագահության պաշտոնական կարծիքը հայտնելու դեպքում՝ համապատասխան ասուլիսի միջոցով։ Մասնավորապես, ակնկալում ենք ՀՀ ԳԱԱ-ի կարծիքը առնվազն հետեւյալ երեք կարեւոր հարցերի կապակցությամբ՝ ա) ՀՀ-ում նման արագացուցիչի անհրաժեշտության գիտական հիմնավորումը եւ միջազգային մասշտաբով նմանատիպ արագացուցիչների հնարավորությունների, կարիքների վերլուծությունն ու գնահատումը գիտական տեսակետից, քանի որ ենթադրվող ծրագիրը ակնհայտորեն չի կարող ունենալ զուտ տեղական նշանակություն, բ) տարբեր երկրներում արդեն գործող նմանատիպ արագացուցիչների կառուցման եւ կահավորման ծախսերի վերլուծությունն ու գնահատումը, հետեւաբար եւ համադրումը ՀՀ կառավարության ծրագրի համար հիմք հանդիսացող ֆինանսատնտեսական հաշվարկների հետ, գ) տարբեր երկրներում արդեն գործող նմանատիպ արագացուցիչների պահպանման ծախսերի գնահատումն ու դրանց աղբյուրների վերլուծությունը։ Կարծում ենք, որ ՀՀ հարկատուները իրավունք ունեն տեղեկացվելու այդ մասին, քանի որ նրանց հաշվին են ֆինանսավորվում նաեւ հենց ՀՀ կառավարության պաշտոնական խորհրդատու՝ ՀՀ ԳԱԱ նախագահության ծախսերը»,- ասված է նամակում։
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ


















































