Սյունիքի մարզում՝ Մեղրի քաղաքի հարեւանությամբ նախատեսվում է կառուցել փախստականների քաղաք: Նախնական ծրագրով այն անվանվելու է Բագարան: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: Ըստ նրա,արդեն պատվեր են ստացել 100 հազար բնակչի համար քաղաքի նախագիծ ստեղծելու. «Քաղաքի տեղը մենք ենք ընտրել: Այդ վայրն ենք ընտրել՝ հաշվի առնելով բնակլիմայական պայմանները»: Ա. Թարխանյանի խոսքերով, ընտրված տարածքի բնակլիմայական պայմանները մոտ են մերձարեւադարձային կլիմային՝ մեղմ ձմեռ է, փափուկ գարուն, սարերն էլ փոքր բլրակներ են, որոնցով շրջապատված է լինելու ամբողջ քաղաքը: Ճարտարապետի խոսքերով, տեղի ընտրության համար բավականին հետազոտություններ են արել. «Կանգ առանք այդ տարածքի վրա, քանի որ նաեւ ապահով է»:
Նա ասաց, որ նախատեսում են ստեղծել նաեւ արհեստական լիճ, որի վրա կկառուցվի փոքրիկ հիդրոկայան. «Գաղափարը համայնքի ձեւավորումն է: Լճի մոտ ձեւավորվելու է կենտրոնական փողոց, որի շուրջը տարածվելու են բնակելի շենքերը»: Բացի բնակելի թաղամասերից, նախատեսվում է ստեղծվել ադմինիստրատիվ մաս՝ առողջարանային եւ կրթական գոտիներ, ինչպես նաեւ արդյունաբերական, մասնավորապես՝ գյուղատնտեսական արդյունաբերության համար:
Ա. Թարխանյանը նշեց, որ սա իրենց գաղափարն է, սակայն պատվերը տվել է Փախստականների միությունը: Նախագիծը դեռ պետք է արժանանա կառավարության եւ փախստականների հավանությանը. «Չգիտեմ քանի մարդ կտեղավորվի այս քաղաքում, սակայն մեր պարտավորությունն է նախագծել մի քիչ ավելի մեծ քաղաք, քան թե իրականում կարող են բնակվել»:
Մեր հարցին, թե ինչքան գումար կպահանջվի այս քաղաքի կառուցման համար, տիկին Թարխանյանը պատասխանեց. «Բյուջեի մասին չեմ կարող ասել, քանի որ դեռ բյուջեն չի հաշվարկվել, բայց Երեւանի կենտրոնի վրա ծախսված գումարի չափ գումար կպահանջվի»:
Կարդացեք նաև
Անուշ ԽԵՉՈՅԱՆ


















































