Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

Կլիմայական վտանգների հետևանքով 2025 թվականին ավելի քան 171 միլիոն աշակերտի կրթությունն խաթարվել է․ ՅՈՒՆԻՍԵՖ

Սեպտեմբեր 14,2026 10:35 Share

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 14 սեպտեմբերի, 2026 թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած նոր վերլուծության համաձայն՝ 2025 թվականին ամբողջ աշխարհում նախադպրոցականից մինչև ավագ դպրոցի տարիքի ավելի քան 171 միլիոն աշակերտի՝ յուրաքանչյուր տասներորդի կրթությունն ընդհատվել է կլիմայական վտանգների հետևանքով։

«Ընդհատված ուսումնառություն․ 2025 թվականին կլիմայական վտանգների հետևանքով դպրոցական կրթության ընդհատումների համաշխարհային պատկերը» վերլուծությունն ամփոփում է 106 երկրների կամ տարածքների տվյալները և ցույց տալիս, որ կլիմայական վտանգները, այդ թվում՝ փոթորիկները, ջրհեղեղները, ջերմային ալիքները, երաշտներն ու անտառային հրդեհները, հանգեցրել են կրթական գործընթացի ընդհատման, դպրոցների վնասման, հեռավար ուսուցման անցման, ուսումնական ժամանակի կրճատման, դպրոց հաճախելիության նվազման և ամբողջ աշխարհում միլիոնավոր աշակերտների՝ դպրոցից դուրս մնալու ռիսկի մեծացման։

«Միլիոնավոր երեխաների համար կլիմայական վտանգները ոչ միայն ընդհատում են կրթական գործընթացը, այլև ավերում դպրոցները, ստիպում ընտանիքներին լքել իրենց բնակավայրերը: Արդյունքում առավել խոցելի երեխաները, հատկապես՝ աղջիկները, կարող են ընդմիշտ դուրս մնալ կրթական գործընթացից», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը։

Վերլուծության համաձայն՝ անցյալ տարի կրթական գործընթացի ընդհատումների ամենատարածված պատճառը փոթորիկներն են եղել՝ ամբողջ աշխարհում ազդելով 109 միլիոն աշակերտի ուսումնառության վրա։ Ջրհեղեղներն խաթարել են առնվազն 70 միլիոն երեխայի, իսկ ջերմային ալիքները՝ 50 միլիոն երեխայի ուսումնառությունը։

Թեև կրթական գործընթացի ընդհատումներն ազդել են եկամտի տարբեր մակարդակ ունեցող աշակերտների վրա, վերջիններիս երեք քառորդը բնակվում է ցածր և միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ կրթական համակարգերը հաճախ չունեն կլիմայական արտակարգ իրավիճակների ժամանակ ուսումնառության շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ռեսուրսներ։

Տվյալների համաձայն՝ 40 երկրում կլիմայական վտանգների հետևանքով դպրոցական կրթությունը տարվա ընթացքում մի քանի անգամ ընդհատվել է։ Օրինակ՝ Մադագասկարում տարվա ընթացքում երաշտների, արևադարձային ցիկլոնների և ջրհեղեղների մի քանի ալիք է գրանցվել, որոնք ազդել են 280,000 աշակերտի ուսումնառության վրա։ Իսպանիայի Վալենսիայի ինքնավար համայնքում խաթարվել է ավելի քանի 500,000 աշակերտի ուսումնառություն մարտին տեղի ունեցած փոթորիկների և դրան հետևած «Գաբրիել» հետարևադարձային ցիկլոնի հետևանքով։ Երկրի մյուս հատվածներում հազարավոր աշակերտների ուսումնառությունը խաթարվել է մայիսի և հունիսի ծայրահեղ շոգի և հոկտեմբերին տեղի ունեցած «Ալիս» փոթորկի հետևանքով։

Ուսումնառության խաթարում և կրթական գործընթացից դուրս մնալու բարձր ցուցանիշները կարող են նվազեցնել աշխատուժի արտադրողականությունը, դանդաղեցնել տնտեսական աճը և դժվարացնել աղքատության կրճատմանն ուղղությամբ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Զեկույցի համաձայն՝ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու դեպքում 2025 թվականին կլիմայական վտանգների պատճառով դպրոցական կրթության ընդհատումներ ունեցած երեխաների՝ ողջ կյանքի ընթացքում ստացվելիք եկամուտների հնարավոր կորուստը կարող է կազմել առնվազն 200 միլիարդ ԱՄՆ դոլար։

Կլիմայական վտանգների հետևանքով դպրոցների աշխատանքի ընդհատման կամ փակման դեպքում աղջիկների՝ դպրոցից դուրս մնալու ռիսկն ավելի բարձր է։ Դպրոցների և սանիտարահիգիենիկ ենթակառուցվածքների վնասումը, տեղահանությունը և ընտանիքի եկամտի կորուստը կարող են աղջիկների վրա դնել ընտանիքի անդամների խնամքի և ջուր բերելու լրացուցիչ պարտականություններ։ Այս գործոնները կարող են նաև մեծացնել մանկական ամուսնության ռիսկը՝ ավելի դժվարացնելով աղջիկների վերադարձը դպրոց՝ դասերի վերսկսումից հետո։

Միևնույն ժամանակ, զեկույցում ներկայացված են արդեն իսկ կիրառվող գործնական լուծումներ, որոնք օգնում են պաշտպանել ուսումնառությունը կլիմայական վտանգների ազդեցությունից։ Դրանց թվում են կլիմայական դիմակայունության ներառումը կրթության ազգային պլանավորման մեջ, դպրոցական ենթակառուցվածքների ամրապնդումը, ընդհատումների ընթացքում և դրանցից հետո ուսումնառության շարունակականության ապահովումը, ինչպես նաև կլիմայական կրթության ներառումը ուսումնական ծրագրերում՝ երեխաներին և երիտասարդներին փոփոխվող աշխարհին հարմարվելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինելու նպատակով։

Հիմնվելով արդեն իսկ արդյունավետորեն կիրառված այս մոտեցումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին և գործընկերներին կոչ է անում ընդլայնել ջանքերը և կրթությունը պաշտպանել կլիմայական վտանգների առավել ծանր հետևանքներից՝

ամրապնդելով կրթական համակարգերի կլիմայական դիմակայունությունը՝ արտակարգ իրավիճակների ժամանակ ուսումնառության շարունակականությունն ապահովելու համար,
ավելացնելով կրթության դիմակայունությանն ուղղված ներպետական և միջազգային ֆինանսավորումը,
ներդրումներ կատարելով կլիմայական վտանգներին դիմակայուն կրթական ենթակառուցվածքներում՝ սովորողներին և կրթության ոլորտի աշխատողներին պաշտպանելու համար,
երեխաներին և երիտասարդներին տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ դիմակայունությունն ամրապնդելու և կլիմայական գործողություններին նպաստելու համար,
ամրապնդելով կլիմայի և կրթության վերաբերյալ տվյալների համակարգերը՝ ընդհատումներն ավելի արդյունավետ կանխատեսելու, դրանց արձագանքելու և դրանց հետևանքները հաղթահարելու համար։

«Կլիմայական վտանգները սպառնում են երեխաների կյանքին և ապագային», – նշել է Ռասըլը։ «Այսօրվա երեխաների և ապագա սերունդների կրթությունը պաշտպանելու համար մենք պետք է ներդրումներ կատարենք այնպիսի դպրոցների և կրթական համակարգերի ստեղծման ու ամրապնդման մեջ, որոնք կարող են դիմակայել կլիմայական ցնցումներին»։

Հիշեցնենք, որ ս․թ․ հունիսին հրապարակված ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երեխաների կլիմայական ռիսկերի զեկույց – 2026»-ի (Children’s Climate Risk Report 2026) համաձայն՝

Հայաստանում ավելի քան 580,000 երեխա ենթարկվում է կլիմայական առնվազն երկու վանգի ազդեցության, իսկ շուրջ 30,000 երեխա՝ կլիմայական առնվազն երեք վտանգի։

Ավելի քան 650,000 երեխա ենթարկվում է օդերևութաբանական երաշտի, ավելի քան 375,000-ը՝ գյուղատնտեսական երաշտի, 460,000-ը՝ հաճախակի ջերմային ալիքների, իսկ շուրջ 20,000-ը՝ գետերի վարարումից առաջացող ջրհեղեղների ազդեցության։

Ավելի քան 668,000 երեխա ենթարկվում է օդի աղտոտվածության ազդեցության։

Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել