Գնահատելով Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններում իրենց քաղաքական ուժի չարդարացած ակնկալիքները եւ Նիկոլ Փաշինյանի այսօր ուղիղ եթերում արած հայտարարությունը, թե պետականամետ ընդդիմություն է հարկավոր, որը կառուցողական եւ արդյունավետ կպայքարի իշխանության դեմ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց. «Ընտրությունները հետաքրքիր տպավորություն են թողել։ Իշխանության ներկայացուցիչները, որոնք շատ են սիրում խոսել անցյալում անցկացված ընտրություններից, հենց նախկինում կայացված ընտրություններն էին հիշեցնում։ Բայց մի պարզ տարբերությամբ, որ նախկինում իշխանությունները նույնպես հաղթում էին, բայց ընդդիմադիր թեկնածուներին չէին ձերբակալում։ Իսկ հիմա ընդդիմադիր թեկնածուին ձերբակալում են։
Ինչ վերաբերում է պետականամետ ընդդիմություն ունենալու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, հավանաբար իշխանությունն իր կողմից ուղղորդվող ընդդիմությունը նկատի ունի»։
Հարցին, թե պետականամետ ընդդիմություն եւ արտահերթ ընտրություններ ասելով իշխանությունն արդյո՞ք այսօրվա ընդդիմությանը ասպարեզից հանելու, մասնավորապես, ԱԺ-ից հեռացնելու նպատակ չունի, պատգամավորը պատասխանեց. «Այս ընդդիմությունը գործող իշխանությանը, բնականաբար, ձեռք չի տալիս, որովհետեւ այս ընդդիմությունը մտածում է Հայաստանի մասին, կողմ չէ զիջումներ՝ առանց խաղաղության քաղաքականությանը։ Գիտեք, որ իշխանություններն արդեն համաձայնել են հերթական զիջմանը՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Զիջումների շարքն այսպես շարունակվում է։ Երեւի իրենց այնպիսի ընդդիմություն է պետք, որն իրենց պես կհամաձայնի ամեն ինչ զիջել Ադրբեջանին հանուն ոչնչի։
Մենք խաղաղություն առանց զիջումների կոնցեպցիայի կողմնակիցն ենք եւ մեր ամբողջ գործունեությունն էլ ուղղված է հենց դրան։ Հայաստանը արդեն շատ բան է զիջել եւ այլեւս որեւէ զիջելու բան չունի։
Կարդացեք նաև
Իսկ իշխանության 70-80-90 տոկոսների տենդենցը վկայում է այլ պրոցեսների մասին եւ ոչ ժողովրդավարության»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































