Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում հայ պատվիրակ. Ինչո՞ւ եք Բելառուսին անդրադառնում, իսկ Ադրբեջանին ու Թուրքիային՝ ոչ

Հունվար 25,2012 15:08

Քիչ առաջ ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվեց իրավիճակը Բելառուսում: Հարցի առնչությամբ ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի պատվիրակության անդամ  Նաիրա Զոհրաբյանը եւ մասնավորապես հայտարարեց. «Բելառուսին անդրադառնալը մեզանում կարծես թե դառնում է պարտադիր ավանդույթ։ Այն, որ Բելառուսում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ կապված բազում խնդիրներ կան, դա, իհարկե, որեւէ մեկս չի վիճարկում։ Սակայն, ամեն անգամ, երբ մենք սկսում ենք անսահման ջանադրությամբ քննարկել Բելառուսին, ես վերստին համոզվում եմ, որ երկակի ստանդարտները, ցավոք, սկսում են գերակա դառնալ մեր Վեհաժողովում։ Երբ թե զեկույցի հեղինակը, թե այստեղ ելույթ ունեցողները մատնանշում են Բելառուսում տիրող իրավիճակը քաղաքական ազատությունների, մամուլի ազատության, երթերի եւ ցույցերի ազատության հետ կապված, ես ուզում եմ վերհիշել՝ արդյոք մեր Վեհաժողովում եղե՞լ են նման բուռն քննարկումներ, օրինակ, կապված Ադրբեջանում տիրող իրավիճակի հետ, որտեղ քաղաքական ազատությունների, մարդու իրավունքի կամ մամուլի ազատության մասին խոսելը հավասազոր է զավեշտի։ Ադրբեջանը համառորեն հրաժարվում էր քաղբանտարկյալների հարցերով դիտորդին թույլ տալ մուտք գործել իր երկիր, բայց ես ոչ մի կերպ չեմ մտաբերում, որ այդ խայտառակության հետ կապված մենք որեւէ գործուն քայլ արած լինենք»:

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ԲՀԿ ներկայացուցիչը նաեւ հիշատակեց, որ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ՝ «Թուրքիայի արտոնագրման պետական վարչությունը գրանցել է «Սարկոզի» անվանումով զուգարանի թուղթ եւ երեխայի տակդիր։ Իսկ թե պետական նույն այդ կազմակերպությունն ի՞նչ է գրանցել նախագծի հեղինակ Վալերի Բուայեի անունով, ես անգամ անհարմար եմ զգում բարձրաձայնել։ Սակայն այս ամբիոնից նման ջանադիր քննադատություն երբեւէ չի հնչել ԵԽ անդամ եւ ԵՄ անդամության հավակնություն ունեցող երկրի հասցեին, որտեղ տիրում են միջնադարյան բարքեր եւ կարգեր»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ նշեց. «Այո, եթե Բելառուսն ուզում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ, ապա այդ երկիրը պետք է լուծի լրջագույն խնդիրներ քաղաքական ազատությունների, մահապատժի, մարդու իրավունքների հետ կապված։ Հարգարժան Հերկելն իր զեկույցում կոչ է անում ուժի մեջ պահել այդ երկրի հանդեպ գործող սանկցիաները։ Մինչդեռ, ինձ մի պարզ ճշմարտություն է հայտնի՝ ցանկացած սանկցիա բումերանգի էֆեկտ ունի, եւ ցանկացած սանկցիա միշտ աշխատում է ժողովրդի դեմ։ Մենք կոչ ենք անում խորացնել կապը Բելառուսի ժողովրդի հետ, սակայն համառորեն դիմադրում ենք, որ նույն այդ երկիրը լիարժեք մասնակցություն ունենա Արեւելյան գործընկերությանը, որի կարեւորագույն բաղադրիչներից մեկը ժողովուրդների միջեւ շփումներն են։

Ինչեւէ, ես կիսում եմ զեկուցողի մտահոգությունը եւ ես եւս հույս ունեմ, որ Բելառուսի իշխանությունները թույլ կտան ԵԱՀԿ առաքելությանը վերադառնալ և վերստանձնել իր գործողությունները երկրում, ինչպես նաեւ լիարժեքորեն կհամագործակցեն  մարդու իրավունքների բոլոր միջազգային կազմակերպությունների հետ»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն սերտորեն համագործակցում է Բելառուսի իշխանության հետ: Եվ ԵԽԽՎ ամբիոնից ԲՀԿ ներկայացուցիչը հայտարարեց. «Մեկ բան հստակ է՝ պետք է շարունակել երկխոսությունը Բելառուսի ժողովրդի հետ, որովհետեւ միայն երկխոսությամբ է հնարավոր լուծել անգամ առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիրները։ Բայց ինձ համար հստակ է նաեւ այն, որ երկակի ստանդարտները երբեւէ չպետք է տեղ ունենան մեր կառույցում, եւ չպիտի լինեն արտոնյալ երկրներ, որոնք կարող են «ժողովրդավարություն» գնել նավթով, կամ մեկ այլ արտարժույթով»:

Զեկուցողն իր ամփոփիչ խոսքում անդրադարձավ Նաիրա Զոհրաբյանի ելույթին եւ հայտնեց անհամաձայնություն:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031