Լրահոս
Օրվա լրահոսը

1993 թվականից ի վեր, հիմա Հայաստանում հաստատված են ամենաբարձր գները

Փետրվար 02,2012 11:16 Share

Այս տարվա հունվարին, ըստ ՀՀ ագգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տեղեկանքի, 2011 թվականի համեմատ կյանքը թանկացել է 12.9 տոկոսով, ընդ որում՝ պարենային ապրանքները թանկացել են 21.4 տոկոսով։ Ըստ նույն տեղեկանքի, անցած տարվա դեկտեմբերի համեմատ գները աճել են 3.6 տոկոսով։ Սա ամենաբարձր ցուցանիշն է անցած 7 տարիների ընթացքում։ Մեկ այլ ուշագրավ ցուցանիշ. ըստ ԱՎԾ-ի՝ բանջարեղենը եւ կարտոֆիլը 2011 թվականի հունվարի համեմատ թանկացել են 11 տոկոսով, միրգը՝ 25 տոկոսով, մսամթերքը՝ 10 տոկոսով, ձկնեղենը՝ 3.2 տոկոսով… Մի խոսքով, կյանքը շարունակում է թանկանալ աննախադեպ տեմպերով։ Թե ուր կարող են հասնել գները, դժվար է նույնիսկ պատկերացնել։ Ամենաուշագրավն այն է, որ ՀՀ կենտրոնական բանկը պաշտոնապես արձանագրում է, թե գների բարձրացումը ամենեւին պայմանավորված չէ մարդկանց գնողունակության աճով։ Ընդհակաոակը՝ գնողունակության աճ տեղի չի ունենում։ Նույն ԿԲ-ն պաշտոնապես արձանագրում է նաեւ, որ գների բարձրացումը պայմանավորված չէ նաեւ արտաքին շուկաների ազդեցությամբ։ Այսինքն, այն երկրներում, որտեղից ներկրվում են այդ ապրանքները, գները չեն աճում։ Իսկ դա նշանակում է, որ գնաճի պատճառը զուտ ներհայաստանյան խնդիր է։ Սա պայմանավորված է երկու պատճառով։ Առաջինը, իհարկե, տնտեսության մոնոպոլիզացիան է։ Մոնոպոլիստները, մրցակիցներ չունենալով, ապրանքները վաճառում են ըստ իրենց ախորժակի։ Երկրորդ պատճաոը ներքին արտադրության ծավալների նվազումն է։ Եթե որեւէ ապրանք, ասենք՝ կարտոֆիլը կամ միսը թանկանում է, նշանակում է՝ առաջարկը կամ որ նույնն է՝ արտադրությունը նվազել է։ Եթե առաջարկը աճում է, ապա տվյալ ապրանքը պետք է էժանանա։ Սա շուկայական տնտեսության թիվ մեկ սկզբունքն է եւ ուրեմն, ի դեմս արձանագրված գնաճի՝ մենք ունենք Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի ճշգրիտ պատկերը՝ տնտեսությունը օրեցօր ավելի է մոնոպոլիզացվում, եւ արտադրությունը՝ նվազում։ Թե պաշտոնական վիճակագրությունը տնտեսական աճերի ինչ ցուցանիշներ է նկարում, դա ամենեւին կարեւոր չէ։ Այդ նկարները կարելի է կախել Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի նախընտրական շտաբներում։ Արձանագրենք առայժմ, որ Սերժ Սարգսյանի «Առաջ, Հայաստան» կարգախոսը մի իմաստով իրագործված է. դրամի ներդրման պահից, այսինքն՝ 1993 թվականից ի վեր, հիմա Հայաստանում հաստատված են ամենաբարձր գները։

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829