Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դժվարն իրոք խիստ է հեշտացել

Փետրվար 04,2012 22:49

Ձեր կարծիքով՝ ի՞նչ է խոստովանում կինը, երբ ասում է. «Ես գիտեմ, որ դժվարը հեշտացել է»: Իսկ ի՞նչ նկատի ունի տղամարդը, երբ ասում է. «Ես գիտեմ ճիշտ ձեւը»:

Փոքրիկ հարցում արեցինք՝ փորձելով պարզել, թե ինչ զուգադրություն են առաջացնում այս հարցադրումները: Ստացված պատասխաններից հրապարակման ենթակա է թերեւս միայն մի տարեց մարդու հառաչը. «Բայց ախր հեշտն էլ է դժվարացել, էդ էլ կա, չէ՞»:

Չշարունակենք հանելուկները: Սա մի ծրագրի հոլովակներն են, որոնցից ամեն մեկում բացատրվում է, թե, ասենք, «այժմ փոքր բիզնեսը կարելի է գրանցել ընդամենը 30 րոպեում՝ մոտենալով միայն մեկ պատուհանի կամ էլեկտրոնային եղանակով», կամ «Կատարելով 1 օրինական վճարում և հանձնելով 1 քննություն ՃՈ բաժանմունքում՝ կարելի է ստանալ վարորդական վկայական», «Ստուգում իրականացնող պետական մարմինների կողմից ստուգայցերի հաճախականությունը խիստ սահմանափակվել է» եւ այլն: Մի խոսքով, ինչ առաջ շատ դժվար էր՝ հիմա, ըստ այս հոլովակների՝ բավական հեշտացել էր:

Եվ հենց այս ծրագիրը նկատի ուներ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ ՀՀ կառավարության վերջին նիստում ասում էր. «Փետրվարի 1-ից զանգվածային լրատվական միջոցներով մենք սկսել ենք մի մեծ արշավ, որի նպատակն է էապես բարելավել պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը: Մենք ձեզ հետ միասին այս բնագավառում շատ հետևողական ենք եղել: Այս աշխատանքները տրամաբանական ավարտին հասցնելու համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքացիներն իրազեկված լինեն, թե ինչպիսի ծառայություններ ենք մենք նրանց մատուցում և ինչպիսի փոփոխություններ ենք իրականացնում այդ ծառայությունների որակը բարձրացնելու համար, որպեսզի այն իրավունքները, որոնք ունեն մեր քաղաքացիները, իրացվեն ամբողջությամբ: Դա նշանակում է, որ մեր քաղաքացիները պետք է իրազեկված լինեն շուրջ 18 գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, և մենք Համաշխարհային բանկի օժանդակությամբ սկսել ենք լայնածավալ իրազեկման ակցիա: Զանգվածային լրատվական միջոցները տեղեկացնելու են մեր քաղաքացիներին, թե ինչ նոր հնարավորություններ ենք նրանց համար ստեղծել, և ինչպես նրանք կարող են օգտվել այդ հնարավորություններից»:

Ստեղծվել է հատուկ կայք, որտեղ տեղադրված են այս բոլոր հոլովակները եւ ամեն մեկի վերջում ասվում է, որ եթե քաղաքացին խնդիր ունի՝ կարող է զանգել: Կարող ենք պատկերացնել, թե ինչ ծանրաբեռնված է լինելու այդ հեռախոսահամարը: Մենք վերջին շրջանում էլ ենք բազմաթիվ բողոքներ լսել եւ վարորդական իրավունքի համար պահանջվող գումարների, եւ ստուգում իրականացնող մարմինների վերաբերյալ: Ուստի ուշադիր հետեւելու ենք, թե արդյոք լուծվելո՞ւ են նման խնդիրներն ահազանգերից հետո:

Իսկ մինչ այդ՝ մի հռետորական հարց. արդյոք եթե այդ «դժվարն» իրոք հեշտացել է կամ հեշտանա, քաղաքացիներին կարիք կլինի՞ հավելյալ իրազեկելու ու ծախսելու Համաշխարհային բանկի միջոցները, որոնց համար հաստատ ավելի արդյունավետ կիրառում կարելի կլիներ գտնել:

Ու շատ ավելի մի պարզ հարց՝ ո՞վ է եղել հայերենի ուսուցիչն այն մարդու, որը հղացել է. «Ես գիտեմ, որ դժվարը հեշտացել է» ոչ հայերեն նախադասությունը:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829