Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաուրանյան շարժման ներկայացուցչի արձագանքը Կիրիենկոյի հայտարարությանը

Փետրվար 08,2012 18:18

ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն փետրվարի 7-ին լրագրողներին ասել էր, որ Հայաստանում ուրանի ուսումնասիրման ժամանակ հաշվի է առնվելու հայկական կողմի դիրքորոշումը. «Կան ուշագրավ հանքեր, հետաքրքիր հեռանկարներ: Բայց դա հավելյալ ուսումնասիրման ու հետաքննման կարիք ունի: Երկրորդ, ես պաշտպանում եմ Հայաստանի կառավարության դիրքրոշումը, որն այժմ շատ մեծ զգուշությամբ է մոտենում այդ նախագծերի քննարկման հարցին այն մարդկանց հետ, ովքեր ապրում են հանքերի մոտակայքում: Ես լավ եմ հասկանում. մարդիկ պահանջում են բացարձակ երաշխիքներ, որ դա ազդեցություն չի ունենա բնության վրա: Դա լուրջ քննարկումների, ապացույցների ներկայացման կարիք ունի:

Ավելին, ես հասկանում եմ, որ հնարավոր է այդ ապացույցները չբավարարեն մարդկանց: Դա նույնպես հնարավոր է: Դրա համար էլ հնարավոր է, որ հայտնաբերված ոչ բոլոր հանքնավայրերը կարող են կիրառության մեջ դրվել: Մեզ համար կարեւոր է, որ «հայ-ռուսական լեռնահանքային ընկերությունը» զբաղվելու է ոչ միայն ուրանի հանքների հետազոտմամբ, այլ նաեւ մետաղահանքների ուսումնասիրմամբ: «Այդ դեպքում կապահովվի աշխատանքի երկարամյա նպատակահարմարությունը»:

«Կայուն զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ` Արմեն Փարսադանյանն այս կապակցությամբ տարածել է իր մեկնաբանությունը. «Եթե պարոն Կիրիենկոն կարծիք է հայտնում, որ անպայման հաշվի կառվի հայկական կողմի դիրքորոշումը ուրանի հանքերի հնարավոր շահագործման վերաբերյալ: Մենք 2010թ-ին ստորագրահավաքի միջոցով հայտնել ենք հայկական կողմի դիրքորոշումը: Մնում է ՀՀ իշխանությունները մարտահրավեր չնետեն հանրությանը և ՀԿ-երին:

Հակաուրանյան շարժումը նախաձեռնողները կազմակերպել են ստորագրահավաք, որին մասնակցել են 13.850 քաղաքացի, որոնց դիրքորոշումը հստակ պատկերացնելու նպատակով հնարավորություն էր տրվել նախագծի վերաբերյալ իրենց կարծիքը արտահայտել կողմ,դեմ,ձեռնպահ պատասխաններով: Ստորագրահավաքին մասնակիցների 99%-ից ավելին դեմ են արտահայտվել ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը:Անիմաստ են նաև այն խոսակցությունները, որ ստորագրահավաքը կազմակերպվել է միայն բացասական դիրքորոշում ունեցող քաղաքացիների շրջանում, քանի որ ստորագրահավաքին աջակցել են մոտ 200 կամավորներ և կամավորները նախապես չէին կարող իմանալ քաղաքացիների դիրքորոշումը:

Ես համաձայն չեմ պարոն Կիրիենկոյի այն կարծիքին, որ ՀՀ իշխանությունները պատշաճ երկխոսություն են վարում տարածաշրջանի բնակչության հետ և այս արտահայտությամբ նա փորձում է մեղմել իշխանությունների և հանրության միջև ծագած հակասությունը խնդրի վերաբերյալ` այնինչ հանրության դիրքորոշումը հստակ է և անփոփոխ:

Պարոն Կիրիենկոն փորձում է առանց ՀՀ իշխանությունների վստահության կորստի, քաղաքակիրթ ձևով ակնարկել, որ իհարկե կան հանրության և իշխանության միջև տարաձայնություններ, բայց դա լուծելի է , որը ավելի շատ ՀՀ իշխանությունների ներքին խնդիրն է:

Առիթից օգտվելով ևս մեկ անգամ հիմնավորենք մեր դիրքորոշումը: Մենք դեմ ենք ուրանի որոնողական աշխատանքներին, քանի որ չենք վստահում, որ այն կլինի անվտանգ շրջակա միջավարի և մարդու առողջության վրա: Ասեմ ավելին ՀՀ իշխանությունները չեն կարող դիմակայել ազդեցիկ պետությունների էներգետիկ ոլորտի զարգացման հավակնություններին և մերժել ուրանի հանքերի շահագործման առաջարկները:

Մենք չենք կարծում, որ ՌԴ-ը մտադիր է հետ կանգնել պետական շահերից հանուն Հայաստանի շրջակա միջավայրի պահպանության խնդիրների և բնակչության առողջության, ուստի պարոն Կիրիենկոյի արձագանքը մեր մտահոգություններին ձևական բնույթ է կրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829