Լրահոս
Օրվա լրահոսը

Կադաստրի արխիվից փաստաթղթեր են անհետանում

Մարտ 13,2012 13:12

Քաղաքացի Գուրգեն Միրզոյանի կադաստրային գործի փաստաթղթերից մի մասն անհետացել է, մի մասի բովանդակությունն էլ փոփոխվել է ի վնաս նրա:

Տարիներ ի վեր կադաստրի հետ կապված խնդիրները քաղաքացիների համար  գլխացավանք են առաջացրել: Այս գերատեսչությունը մարդկանց կադաստրային գործերը խճճել է՝ ինչպես իրեն ձեռնտու է եղել: Մի այսպիսի պատմության մեջ է հայտնվել քաղաքացի Գուրգեն Միրզոյանը: Չգիտես ինչու՝ կադաստրի արխիվից նրան պատկանող բնակարանի որոշ փաստաթղթեր ուղղակի անհետացել են, եւ ավելի ուշ Գուրգենը պարզել է, որ կադաստրային գործում այնպիսի թղթեր են հայտնվել, որոնք կեղծ են ու միանգամայն այլ բովանդակության: Այսօր քննչական մարմինը դեռ մի բան էլ Գուրգեն Միրզոյանին է մեղադրում կեղծիքի ու խարդախության մեջ: Բանն այն է, որ Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմինի 52 հասցեում գտնվող սեփական տունը, որը Գ. Միրզոյանը 1997 թ.-ին որպես նվիրատվություն է ստացել, կադաստրը 2007 թվականից սկսած՝ տարբեր պատճառաբանություններով չի գրանցում: Գ. Միրզոյանի խոսքերով՝ նվիրատվության ժամանակ տան մի մասնաբաժինը ստացել է եղբոր որդին: Հետագայում թե՛ տան եւ թե՛ հողամասի չափերը Գ. Միրզոյանն իր ուժերով ավելացրել է: 2006 թվականին էլ տան սեփականության վկայականում մասնաբաժիններով հստակ նշվել է, թե ում ինչքան տարածք է պատկանում: Կադաստրը նույնպես տվել է եզրակացություն, ըստ որի՝ գույքի 1/20-րդ մասը՝ մոտ 44 քմ-ն, պատկանում է եղբորորդուն. սա ամրագրվել է նաեւ դատարանի վճռով: Սակայն երբ օրերից մի օր եղբոր ընտանիքում տարաձայնություն է առաջացել, եւ Գուրգենի եղբոր կինը բաժանվել է, նա պահանջ է ներկայացրել իրեն հատկացնել արդեն ավելացված գույքի եւ հողամասի ուղիղ կեսը:

Բայց քանի որ ուժի մեջ մտած վճիռ կա, թե գույքի որքան հատվածն է օրենքով նրա որդուն պատկանում, եղբոր կնոջ պահանջը մերժվում է, ուստի, Գ. Միրզոյանի խոսքերով, իրենց նպատակին հասնելու համար իր նախկին հարսը կեղծիքի հիմքով դիմում է Արաբկիրի քննչական բաժին: 2008-ին տան սեփականության վկայականը, դատարանի վճիռը եւ կադաստրի արխիվային գործը քննչական բաժինն առգրավում է, գույքի վրա էլ կալանք է դրվում:

«Առավոտի» հետ զրույցում Գ. Միրզոյանը պատմեց, որ այստեղից էլ սկսվում է իր տան «խլոցիի» պատմությունը: Նրա խոսքերով. «Քննչական մարմնում իմ տան սեփականության վկայականն անհետանում է: Այն, որ վկայականը նրանց մոտ է, այդ մասին է վկայում նաեւ կադաստրի աշխատակցի՝ Նաիրա Մելիքյանի առգրավման արձանագրությունը, որտեղ պարզ գրված է, որ Ն. Մելիքյանն իրենց է հանձնել ե՛ւ կադաստրային գործը, ե՛ւ սեփականության վկայականը: Այդ ամենի նպատակն այն էր, որ վկայականն արանքից դուրս գա: Իսկ կադաստրից վերցրած միասնական տեղեկանքները, որոնք վկայում են մասնաբաժինների բաժանման մասին եւ բնեղենով գույքը առանձնացնելու կադաստրի եզրակացությունը, կադաստրում պատճառաբանել են, որ անուշադրության պատճառով վրիպակ է եղել, ընդ որում՝ 2-3 միասնական տեղեկանք կա»: Գ. Միրզոյանի խոսքերով՝ Արաբկիրի քննչականում առանց որեւէ լուրջ ապացույց ունենալու հայտարարել են, որ տան մասնաբաժինների հատվածը կեղծ է ավելացված. «Այդ փաստաթղթերը հանձնել են ձեռագրաբանական քննության՝ ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ում, որտեղից եկել է եզրակացություն, ըստ որի՝ իբր հնարավոր չէ պարզել՝ հետազոտելի ձեռագիր եւ թվագիր գրառումների պարզ կատարման, գրաֆիկական նյութերի խիստ սակավության պատճառով: Եվ քննիչը գործը կասեցրել է կեղծիք անողին գտնելու պատրվակով»:

Մինչդեռ Գ. Միրզոյանն ունի անկախ փորձագետի եզրակացություն, որը հաստատում է, որ վկայականում գոյություն ունեցող ձեռագիր տեքստը եւ նշված տեքստերում տեղադրված թվագիր գրառումները կատարված են միեւնույն անձի կողմից: Ըստ Գ. Միրզոյանի. «Այսինքն՝ քննիչը ՊՈԱԿ-ի ձեռագրաբանականի հիման վրա է որոշում, որ կեղծիք է տեղի ունեցել, կադաստրի աշխատակիցներն էլ խոստովանել են, որ անուշադրության վրիպակ է, ես չեմ կեղծել, եղբայրս չի կեղծել, կադաստրի աշխատակիցները չեն կեղծել եւ ման են գալիս կեղծիք անողին, որ գտնեն՝ գործը բացեն»:

Եվ քանի որ կեղծիքի մեղադրանքով գործը կարճվել է, եւ նույն հիմքով չէին կարող կրկին գործ հարուցել, կասեցված գործից մաս են առանձնացրել եւ ձեւակերպումը փոխելով, այս անգամ խարդախության հիմքով են գործ հարուցել: Ներկայումս գործը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում է՝ դատավոր Արմեն Խաչատրյանի մոտ: Մարտի 5-ին տեղի ունեցած դատական նիստում դատավորը Գ. Միրզոյանի միջնորդությունը մերժել է, որով քաղաքացին խնդրել էր էլեկտրոնային արխիվը նույնպես ներգրավել՝ որպես իրեղեն ապացույց: Ըստ Գ. Միրզոյանի՝ դատավորը իր միջնորդությունը գտել էր ոչ նպատակահարմար: Մինչդեռ քաղաքացին պնդում է, որ կա տարբերություն կադաստրի ֆիզիկական եւ էլեկտրոնային արխիվների միջեւ: Բացի այդ, Գ. Միրզոյանը պատմում է, որ երբ քննիչը գործի որոշ նյութեր տրամադրել է իրեն՝ ծանոթանալու, պարզ է դարձել, որ որոշ նյութեր կեղծված են, այսինքն՝ միասնական տեղեկանքը, որը կադաստրը տրամադրել է Գ. Միրզոյանին, գործի նյութերի մեջ արդեն փոփոխված տարբերակով է եղել: Կադաստրի արխիվային գործում այդ տեղեկանքի բնօրինակը բացակայել է, չկա նաեւ քաղաքացու դիմումի բնօրինակը, որով դիմել է միասնական տեղեկանք ստանալու: «Բնօրինակի փոխարեն պատճենն է, որի մեջ ակնհայտ երեւում է տվյալների անհամապատասխանություն: 2007-ի օգոստոսի 23-ի միասնական տեղեկանքը նույն փաստաթուղթն է՝ տրված 2007-ի հոկտեմբերի 2-ին, պարզապես որոշակի տվյալներ ջնջել են եւ ուղղումներ են կատարել իրենց ձեռնտու ձեւով: Բացի ամսաթվից, ջնջված են նաեւ մասնաբաժինների մասին տվյալները, եւ փոփոխված է կադաստրային էջի համարը: Իսկ արխիվում առկա փաստաթուղթը, որտեղ ֆիքսված են մասնաբաժինների մասին տվյալները, կադաստրի աշխատակիցները քննիչին պատճառաբանել են, որ անուշադրության սխալ է եղել: Նույնը վերաբերում է քաղաքացու, այսինքն՝ իմ դիմումին. փոփոխված են ամսաթիվը, մուտքագրման ամսաթիվը, կադաստրային էջի համարը, եւ տեքստից ջնջված է մի ամբողջ նախադասություն»,- ասաց Գ. Միրզոյանը:

Հաջորդ նիստին, որը տեղի կունենա մարտի 14-ին, Գ. Միրզոյանը դատարանին է ներկայացնելու նաեւ այս ապացույցները, որոնք, ըստ նրա, ակնհայտորեն վկայում են ողջ գործի «սարքած» լինելու մասին:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031