Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ բացառում, որ եթե հունիսի 7-ից հետո Նիկոլը ինքնահռչակվեց վարչապետ, ապա Հայաստանի անունից որոշակի մասնաբաժին TRIPP-ից նվիրելու է Ադրբեջանին և Թուրքիային». Արմեն Աշոտյան

Մայիս 27,2026 23:23 Share

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կատարած մեկ ժամից էլ պակաս տևողությամբ այցին և այդ ընթացքում հենց «Զվարթնոց» օդանավակայանում ստորագրված երեք փաստաթղթերին, ասաց․

«Մարկո Ռուբիոն իր մեկ ժամից պակաս տևած այցելության ժամանակ Հայաստանի հետ ստորագրեց երեք փաստաթուղթ։ Ուզում եմ ներկայացնել այդ փաստաթղթերի հետ կապված կարևոր նրբությունները, որոնք այս պահի դրությամբ դուրս են մնացել ընդդիմության խոսույթից։ Ուզում եմ օգնել ընդդիմությանը, որը այս պահին զբաղված է ընտրարշավով, որպեսզի դրանք այս պահին ճիշտ ներկայացվեն հանրությանը և օգտագործվեն նաև ընտրարշավի ժամանակ։

Առաջինը հազվագյուտ մետաղների օգտագործման հետ կապված շրջանակային փաստաթուղթն է։ ԱՄՆ-ի ընդհանուր քաղաքականությունն է՝ հազվագյուտ հանքանյութերի և մետաղների հանածոների մատակարարման և այլնի հետ կապված առաջնահերթություն ունենալ ամբողջ աշխարհում։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս փաստաթուղթը Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ է։ Հայաստանում հիմնական ու կարևոր հանածոն մոլիբդենն է, մեր երկիրն ունի համաշխարհային պաշարների 7 %-ը, որը հիմնականում Սյունիքում է։ Ըստ բաց աղբյուրների՝ այդ հանքանյութի հիմնական սպառողը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Չինաստանն է։ Այդ հանքանյութի հիմնական սպառողները եվրոպական երկրներն են։

Վաշինգտոնի հետ կնքված համաձայնագրով փաստացի Հայաստանը ստանձնում է պարտավորություն՝ իր հազվագյուտ մետաղներն ու հանածոները առաջնահերթ վաճառել և ուղղորդել ԱՄՆ-ին՝ ի հաշիվ ԵՄ-ի, որովհետև թիվ մեկ շուկան Բելգիան է, Հոլանդիան և շատ այլ երկրներ։ Այսինքն, այդ փաստաթղթով Վաշինգտոնը Բրյուսելից ուզում է խլել հայկական մոլիբդենը։

Երկրորդ փաստաթուղթը կոչվում է «Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն»։ Հետաքրքիր փաստաթուղթ է, որովհետև Հայաստանի հետ Բայդենի ադմինիստրացիան իր գոյության վերջին օրերին ստորագրել է ռազմավարական գործընկերության կանոնադրություն։ Տեքստային վերլուծությունը ցույց է տալիս, որ կան որոշակի տարբերություններ՝ այս նոր փաստաթղթում կա հստակ հղում անցած տարվա վաշինգտոնյան սամմիթին, կա TRIPP-ի հետ կապված հիշատակում և այլն։ Մի քիչ ավելի կոնկրետիկա կա միջուկային ռեակտորների հետ կապված և այլն։ Այսինքն, այն, ինչ չկար բայդենական փաստաթղթում։ Բայց խնդիրը միայն դա չէ, քանի որ Թրամփի ադմինիստրացիան սիրում է «թյունինգ» անել Բայդենից ստացած այս կամ այն ուղղությունները, դա դարձնել աննախադեպ։ Այսուհետև այդ բառն է՝ «համապարփակ»։ Սա թող շփոթության մեջ չդնի, սա ընդամենը տոնածառային, դեկորատիվ փիառ բառ է, որի մեջ որևէ լուրջ փոփոխություն չկա։

Համապարփակ ռազմավարական գործընկերությունը ենթադրում է նաև հստակ համագործակցություն անվտանգային և պաշտպանական ոլորտներում։ Այնինչ, երբ որ բացում ենք անվտանգային ոլորտի հետ կապված բաժինը, տեսնում ենք, որ որևէ լուրջ, առարկայական բան գոյություն չունի։ ԱՄՆ-ը չի ստանձնում այս համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթղթով Հայաստանի պաշտպանության, անվտանգության ապահովման որևէ պարտավորություն, բացի Հայաստանին «մեծահոգաբար թույլտվությունից»՝ ապագայում համապատասխան մեխանիզմներով գնել ամերիկյան արտադրության զենքեր։ Այսինքն, այս փաստաթղթով Հայաստանի պաշտպանունակության, անվտանգության վրա որևէ լուրջ ազդեցություն չի նախատեսվում, որևէ նոր երաշխիք գոյություն չունի։ ԱՄՆ-ը չի ստանձնում որևէ պարտավորություն, ինչը հակասության մեջ է մտնում համապարփակ հասկացության հետ։ Այսինքն, ակնհայտ է, որ համապարփակ բառն ունի դեկորատիվ, կոսմետոլոգիական, ֆինտիֆլյուշկա բնույթ։

Երրորդ փաստաթուղթը կոչվում է «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Թրամփի ուղի, հանուն միջազգային խաղաղության… նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր»։

Այստեղ կան շատ լուրջ սպառնալիքներ։ Այս համաձայնագրով ընդամենը ընդգծվում է նախապես իմ հայտնած մտահոգությունը առ այն, որ թեպետ Թրամփի ուղու ակցիաների բաշխումը 74/26 պետք է լիներ, այս նոր կնքված համաձայնագրով ակնհայտ երևում է, որ հանգիստ այս պրոյեկտը կարող է վերածվել ոչ թե հայ-ամերիկյանի, այլ հայ-ամերիկյան-ադրբեջանականի, հայ-ամերիկյան-թուրքականի։ Այս նոր փաստաթղթով չկա արգելք կողմերին՝ վերավաճառել կամ իրենց մասնաբաժինը որևէ այլ կերպ փոխանցել երրորդ կողմերին։ Ավելին, նախատեսված է մեխանիզմ։

Այս համաձայնագիրն ընդգծում է մեր մտահոգությունն առ այն, որ այս պրոյեկտը չի մնալու հայ-ամերիկյան։ Ակնհայտ է, որ կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ երրորդ կողմերին փոխանցել իրենց ակցիաները։ Եվ այդտեղ հերթի մեջ առաջինը կանգնած են Թուրքիան և Ադրբեջանը։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ցանկանում է գնել, ամերիկացիներն էլ ասացին «ՕԿ», Հայաստանի այս գործող իշխանությունն ասելու է չէ՞։ Դա ամենամեծ սպառնալիքն է, որովհետև այս իշխանությունը թրքամետ է, թրքահպատակ է, պրոթուրքական է։

Ես չեմ բացառում, որ եթե Աստված մի արասցե, հունիսի 7-ից հետո Նիկոլը ինքնահռչակվեց վարչապետ, ապա Հայաստանի անունից ինքը որոշակի մասնաբաժին նվիրելու է Ադրբեջանին և Թուրքիային։

Հաջորդ մտահոգությունը։ TRIPP կորպորացիան, որ ստեղծվում է այդ մասնաբաժիններով, իրավունք է ունենում ենթակապալառուներ ունենալ և այս կամ այն գործողության, գործառույթի համար վարձել նոր կողմերի։ Դրանք կոչվում են երրորդ կողմեր։ Ու նաև այստեղ է ակնհայտ, որ դրանք առաջնահերթության կարգով կարող են լինել թուրք-ադրբեջանական ֆիրմաներ, որոնց պատվիրակվելու են որոշակի լիազորություններ, որոնք ստանալու են նույն լիազորությունները, ինչ TRIPP կորպորացիան։

Երրորդ խնդիրը։ Փաստորեն Հայաստանը իրոք զրկվում է ինքնիշխանությունից այդ տարածքի վրա, այդ տարածքում իրավունքները ամբողջությամբ տալիս է այդ կորպորացիային, որտեղ 74 %-ը Հայաստան չի։ Ու խոսել ինքնիշխանության մասին այս ռեժիմի օրո՞ք։ Հետևաբար, երեկ ստորագրված այս համաձայնագրերը՝

ա. Հայաստանին ոչինչ չեն տալիս,
բ. Հայաստանից խլում են ինքնիշխանություն,
գ. Հայաստանի ներսում պատուհան են բացում թուրք-ադրբեջանական ներխուժումների համար,
դ. Անվտանգային որևէ լուրջ բաղադրիչ Հայաստանին չեն ավելացնում,
ե. Նիկոլը վճարում է ԱՄՆ աջակցության համար գին՝ մեր բոլորի հայրենիքի, մեր բոլորի երեխաների հաշվին»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031