Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Միշտ կգտնվեն մասնագետներ, ովքեր կդժգոհեն

Մարտ 15,2012 15:06

Այսօր՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, փոխնախարար Մանուկ Մկրտչյանը և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանն այցելեցին Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց, որտեղ հիմնադրամի աջակցությամբ արդեն երկու տարի է, ինչ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգվել են դպրոցի սանհանգույցները, դահլիճը, մուտքի դռները, ջրահեռացման խողովակները, բուֆետը, խոհանոցը, բուժկետը եւ պահակակետը, իսկ առաջիկայում սպասվում է նոր պատուհանների տեղադրում եւ դասասենյակների վերանորոգում:

Նախարար Ա. Աշոտյանին դահլիճում ընդունեցին դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները: Նախարարը նշեց, որ ավագ դպրոցների կայացումը կրթական համակարգի գերակա խնդիրներից է: Նաեւ նկատեց, որ մեր հասարակությունը դժվար է ընտելանում կրթական ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես՝ 12-ամյա կրթությանը. «Միշտ հայտնվում են մասնագետներ, ովքեր դժգոհում են դրանից: Մեր նպատակն է՝ պահպանել ազգային դպրոցի ավանդույթները՝ համադրելով դրանք համաշխարհային կրթական մակարդակի հետ: 12-ամյա կրթությունն է երեխային տալիս գիտելիքների անհրաժեշտ պաշարը»:

Մ. Մկրտչյանն էլ հավելեց, որ հենց դպրոցական տարիներին ձեռք բերված գիտելիքներն են լավ ապագայի հիմք ստեղծում. «Ձեզանից յուրաքանչյուրն ընդունակ է հետագայում սովորել բուհերում եւ որոշակի խնդիրներ լուծել: Համարձակ եղեք եւ կհասնեք դրան»:

Բ. Բեգլարյանն աշակերտներին խորհուրդ տվեց. «Ինքնաքննադատաբար մոտեցեք ձեզ եւ ձգտեք անհաջողությունները չվերագրել շրջապատի մարդկանց»:

Թիվ 16 ավագ դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանը երախտիքի խոսքեր հայտնեց ԿԳ նախարարությանը՝ արվարձանում գտնվող իրենց դպրոցին օգնություն հատկացնելու համար: Տնօրենը խոստացավ կատարել կրթական բարեփոխումներին ուղղված առաջիկա ծրագրերը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031