Լրահոս
Օրվա լրահոսը

Անվանի բրիտանահայեր պարգեւատրվեցին Սփյուռքի նախարարության կողմից

Ապրիլ 04,2012 13:09

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագա­վորություն կատարած այցի առաջին օրը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, այնուհետև Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանին: Վերջինիս հետ քննարկվեցին առաջիկայում Գյուլբենկյան հիմնարկության կողմից Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում իրականացվելիք ծրագրերը:

Օրվա երկրորդ կեսին նախարար Հ.Հակոբյանը հանդիպեց Ուելսի եկեղեցական հայրերի պատվիրակության հետ: Հարավային Ուելսի եկեղեցական խորհրդի նախագահ Ջոն Թորոսյանը ներկայացրեց համայնքի կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները` անդրադառնալով հատկապես Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվելիք ձեռնարկներին: Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպեց համայնքային կառույցների ղեկավարներին և ներկայացուցիչներին: Հ.Հակոբյանը հանդես եկավ ընդարձակ ելույթով` ներկայացնելով Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու հիմնական ծրագրերը: Հանդիպման վերջում ներկաները դիտեցին ՀՀ սփյուռքի նախարարության եռամյա գործունեության մասին ֆիլմ: Նախարարը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի գործարար միջավայրին, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին և այլն:

Հաջորդ օրը նախարարն այցելեց Սուրբ Սարգիս և Սուրբ Եղիշե հայկական եկեղեցիներ, հանդիպեց հոգևոր սպասավորների և համայնքի ներկայացուցիչների հետ:

Լոնդոնի  մեկօրյա դպրոցի տնօրեն Ռուզան  Թաթուլյանի հետ հանդիպման ընթացքում  քննարկվեցին կրթական ոլորտին առնչվող մի շարք ծրագրեր:

Այնուհետև Հ.Հակոբյանը հանդիպեց համայնքային և եկեղեցական խորհրդի անդամներին, քննարկվեցին համայնքի հիմնախնդիրները, անդրադարձ կատարվեց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հանձնախմբի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին:

Օրվա երկրորդ կեսին նախարարը հանդիպեց ՀՀ նախկին վարչապետ, գործարար Արմեն Սարգսյանին, քննարկվեց «Երևան, իմ սեր» ծրագրի ընթացքը:

Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագա­վորություն կատարած այցի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց մի խումբ անվանի բրիտանահայերի:

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, հայապահպանության գործում նշանակալի ավանդի, Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու համար Հ.Հակոբյանը բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի գործադիր վարչության ատենապետ, ՀՅԴ ներկայացուցիչ Վիգեն Հալաջյանին և Հարավային Ուելսի եկեղեցական խորհրդի նախագահ Ջոն Թորոսյանին պարգևատրեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, հայապահպանության գործում զգալի ավանդի, Հայաստանում և Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն ծավալելու, գործուն կապեր ամրապնդելու համար Հ.Հակոբյանը բրիտանահայ գործարար, բարերար, «Eurasia House   International» կազմակերպության հիմնադիր, նախագահ Արմեն Սարգսյանին, բրիտանահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանին, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի տնօրենների ժողովի տեսուչ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանին պարգևատրեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, նոր սերնդի հայեցի դաստիարակության գուրծում ունեցած նշանակալի ներդրման համար Հ.Հակոբյանը բանաստեղծ, հրապարակագիր, ազգային գործիչ Ասատուր Գյոզալյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլիամ Սարոյան» մեդալով:

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, Սփյուռքի հայկական համայնքներում հասարակական ակտիվ գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայանպաստ գործունեության համար Հ.Հակոբյանը բրիտանահայ բարերար Սեդրակ Մուրադյանին, Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցու խնամակալության պատվո նախագահ Հրաչ Չիլիգիրյանին, «Նավասարդյան» կենտրոնի խնամակալության ատենապետ, ՀՄԸՄ Լոնդոնի վարչության անդամ Արմանդ Աբրահամյանին,  Հայ տան խնամակալության ատենապետ, Բենլյան և Էսեֆյան բարեգործական կազմակերպությունների կառավարիչ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սարկավագ Ստեփան Օվանեսոֆին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30