Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը` Լեւոն Զուրաբյանին. «Ինչեր ես դուրս տալիս, ա’յ տղա» (Տեսանյութ)

Ապրիլ 04,2012 15:58

Այսօր Քաղաքագետների միությունում 4 քաղաքական ուժ` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ԲՀԿ-ն ստորագրեցին միասնական շտաբ ստեղծելու մասին հայտարարության տակ: Քննարկմանը ներկա Գալուստ Սահակյանը, ինչպես տեղեկացրել ենք, հրաժարվեց ստորագրել` պատճառաբանելով, որ նման նախաձեռնությամբ ԱԺ-ն արդեն հանդես է եկել եւ ՀՀԿ-ն իր համաձայնությունը տվել է. «Եթե դուք ուզում եք հիմա մեսիջներ ուղարկեք ժողովրդին, թե ռոմանտիկ մի բան եք կատարում` ուրիշ բան»:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը չհամաձայնեց ԱԺ-ի հռչակագրի տակ ստորագրել` բացատրելով, որ նրանց չի վստահում. «Մենք դեմ ենք դրան, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը այս ռեժիմը կառավարող, հիմնական հանցագործն է, հիմնական պատասխանատուն է բոլոր այս ընտրակեղծիքների համար, մենք չենք վստահում որեւէ գործընթացի, որը կազմակերպվում է ռեժիմի կողմից»: Ի պատասխան` Գալուստ Սահակյանը բարկացավ. «Ինչե՞ր ես դուրս տալիս, ա’յ տղա, մի տես մենք քեզ վստահո՞ւմ ենք, հիմա էնքան բաներ կասեմ, էստեղ խոսքը վերաբերում է ընտրությունների մասին, ոչ թե անտեսակետ տեսակետների մասին, ինչե՞ր եք դուրս տալիս»:

«Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ստորագրեց միասնական շտաբի փաստաթուղթը, բայց չստորագրեց ՀԱԿ-ի փաստաթուղթը, որն ուղղված է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` ասելով. «Շուտասելուկի նման ասել արագ ստորագրեք` սա լուրջ չի»:

Վարդան Օսկանյանն ասաց, որ ԲՀԿ-ն սկզբունքորեն դեմ չի ստորագրել նաեւ ՀԱԿ-ի փաստաթղթի տակ, բայց նախընտրեց չշտապել` դա թողնելով ամսի 11-ին` շտաբի առաջին նիստի ժամանակ ստորագրել:

Զուրաբյանը շտապում էր. «Մենք ուզում ենք գործ անենք, ի՞նչ աղաղակող խնդիր կա, Սահմանադրութանը հակասող բա՞ն կա: Եկեք չընկնենք այդ խմբագրական բաների հետեւից, եկեք ժամանակ չկորցնենք, մենք բոլորս զբաղված մարդիկ ենք, ընտրարշավներ ենք ղեկավարում: Եկել ենք գործ ցույց տանք, եկեք, եթե կարող ենք, ստորագրենք, դուրս գանք մեր ժողովրդին պատրաստի փաստաթղթով: Էդպես մենք կարող ենք թաղել գործը բանակցություններով, կուսակցությունների ներսում քննարկելով: Ես կարող եմ ասել, որ 11 կուսակցություն պետք է ստորագրեն իրենց վարչություններով, բայց ես նման բան չեմ անում, որովհետեւ ընտրական շտաբի ղեկավար եմ եւ պատասխանատու եմ ընտրությունների հետ կապված բոլոր հարցերին: Ես այդ լիազորությունները ունեմ»: Ռուբեն Հակոբյանը նշեց. «Դուք կարող է ավելի շատ լիազորություն ունեք, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը, մենք էլ ունենք լիազորություններ, բայց պետք չէ շտապել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30