Լրահոս
Օրվա լրահոսը

Վ.Կարապետյան. «Սերժ Սարգսյանի օրոք միայն մի երկիր է ճանաչել Ցեղասպանությունը» (Տեսանյութ)

Ապրիլ 09,2012 15:22

Այսօր կայացած ասուլիսում ՀԱԿ ներկայացուցիչ, թիվ 2 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, թե ՀՀԿ կազմում է «Ցեղասպանությունն ուրացած» Սերժ Սարգսյանը:

Ասուլիսից հետո պարոն Կարապետյանին խնդրեցինք բացատրել, թե ինչ ի նկատի ունի՝ ասելով, որ Ս.Սարգսյանն ուրացել է Ցեղասպանությունը: «Ես բազմիցս գրել եմ դրա մասին, խորությամբ ուսումնասիրել եւ ներկայացրել եմ խնդիրը: Վերջին տվյալներով՝ Տեր-Պետրոսյանի օրոք 6-7 երկիր ճանաչեց Ցեղասպանությունը, Քոչարյանի օրոք՝ դրանից էլ շատ, իսկ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք միայն մի երկիր է ճանաչել Ցեղասպանությունը: Որեւէ երկրում գործընթաց չի նախաձեռնվել եւ այն արձանագրությունները, որ ստորագրվեց եւ ներառվեց պատմաբանների ենթահանձնաժողովի դրույթը, հնարավորություն է տալիս Թուրքիային կանխելու  Ցեղասպանության ճանաչման գործընթացը որեւէ երկրում: Սերժ Սարգսյանը դրա մասին շատ լավ գիտեր, պարզապես այն ժամանակ, որպեսզի շահի միջազգային հանրության աջակցությունը՝ ճնշելու ընդդիմությանը, Հայ ազգային կոնգրեսին, նա գնաց նման քայլի: Ես պնդել եմ եւ միշտ ասելու եմ՝ սա հավասարազոր է ուրացման»,-ասաց պատգամավորի թեկնածուն:

Մեր հարցին՝ «Բայց չէ՞ որ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը գոնե այդ արձանագրությունների ստորագրմանը այնքան վատ չէր նայում, ինչպես, ասենք ՝ «Ժառանգությունը» կամ ՀՅԴ-ն: Հակասություն չկա՞», Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ոնց էր նայում, ես նայում եմ՝ ոնց-որ ասացի»: Հետաքրքրվեցինք՝ «Դա Ձեր անձնական մոտեցո՞ւմն է», եւ նա պատասխանեց. «Չէ՜, Տեր-Պետրոսյանը շատ կտրուկ, խիստ քննադատել է պատմաբանների ենթահանձնաժողովը, իսկ արձանագրությունների մեխը եւ միակ բանալին՝ արձանագրությունների ստորագրման, ենթահանձնաժողովն է: Դա հայտնի է բոլորին»:

Այս կապակցությամբ ցանկանում ենք ընդամենը երկու մեջբերում անել: Մեկը՝ ՀՀԿ-ի, որի նախագահն է Սերժ Սարգսյանը, նախընտրական ծրագրից.«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին համախմբելու ենք հայության ջանքերը Հայոց ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ սարսափելի ոճիրի միջազգային ճանաչման, ապագայում ցեղասպանությունների կանխարգելման, ուրացման բացառման եւ դատապարտման գործում»:

Իսկ երկրորդը՝ «Մոսկովսկիե նովոստի» թերթին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 2011 թ. հունիսի 23-ին տված հարցազրույցից.

«-Երբ Սերժ Սարգսյանի վարչակազմը ակտիվացրեց շփումները Թուրքիայի հետ, ես հիշեցի Ձեր խոսքերը, թե՝ Հայաստանի ցանկացած նախագահ, ինչ էլ որ լինի նրա անունը, ստիպված պիտի լինի դա անել:

-Այո: Այդպես էլ պետք է լինի, այդպես էլ կլինի:

-Այդ դեպքում՝ ի՞նչ է Սերժ Սարգսյանը արել ոչ այնպես:

-Դե նա ամեն ինչ էլ ճիշտ է արել: Պետք է այդ թեման մշտապես պահել օրակարգում: Որովհետեւ առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, առանց սահմանների բացման՝ Հայաստանը չունի զարգացման հեռանկար»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30