Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառցի. «Գնացեք ձեր Լեւոն Իշտոյան ա, Տեր-Պետրոսյան ա, ասեք՝ թող գնա մի կին կա` օգնի»

Ապրիլ 24,2012 17:36

Գավառցի տաքսու վարորդ Տիգրանենց տունը կռիվ է ընկել. «Հարսս ու տղաս պետական աշխատողներ են, պասպորտներն ուզել են, ասել են` թե չէ գործից կազատենք: Սաղ տնեցիք տվել են` ես չեմ տվել: Անցյալ ընտրություններին, երբ եկան պասպորտները հավաքեցին տարան` 60 հազար փող տվեցին, էս տարի ուզում են ձրի պրծնեն»,- Aravot.am-ի հետ զրույցում բողոքեց Տիգրանը: Հասկանալի պատճառներով նա չցանկացավ լուսանկարվել կամ հրապարակել իր ազգանունը:

Ըստ նրա` «Ամենալավը մենք ապրում էինք Քոչարյանի օրոք: Իրա վախտ ես 2 տղա պսակեցի` ճո~խ սեղան գցեցի: Դրանից հետո լճացանք, նույն գործն եմ անում հիմա էլ, էն ժամանակ էլ: Հլը Քոչարյանը տղա էր»: Մեր հարցին` իր «տղայությունը» ինչպե՞ս է դրսեւորվել, գիտե՞ք, որ իր օրոք Մարտի 1, Հոկտեմբերի 27 է եղել` նա պատասխանեց. «Լավ է արել, թող խելոք մնային: Ամեն մեկն էլ ունի իր լավ ու վատ կողմերը: Ինչի՞ եք ուրանում, մարդը ճանապարհներ է սարքել, Սելիմի ճանապարհը բացեց մարդը, արի ձեռդ դիր խղճիդ խոսա»: Մենք մի շարք իրադարձություններ թվարկեցինք, որոնք եղել են Ռոբերտ Քոչարյանի օրոք` «Ա1+»-ի փակվելուց սկսած` գավառցին ի պատասխան նշեց` «դե դա էլ իրա բացասական կողմն է եղել. դուք Սերժի պլյուսները նշեք: Չի էլ ամաչում, գալիս է Մալաթիա, ասում է Լֆիկ Սամվելին ձեն տվեք, չի՞ ամաչում ինքը: Սկի Նիկոլի բանավեճին չգնացին»:

Չնայած ՀՀԿ-ի նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքին` Տիգրանը վստահ է, որ Գավառից ընտրվելու է ՀՀԿ թեկնածու Մանվել Բադեյանը. «Արծվաքար թաղամասը լրիվ ասֆալտապատել է, մարդը գործ անում է, շատ հասարակական, լավ տղա է, ժողովրդի մեջի տղա է»: Թե ինչով է օգնել Բադեյանը գավառցիներին` պարզվում է՝ աշխատատեղ է ստեղծել.  «Դուռ-պատուհանների ընկերություն է բացել, էլի մի քանի հոգու աշխատանք է տվել, էլի երեսը տեսնում ենք»:

Տիգրանն ավանդ ուներ ներդրված նախկին «ՀայԽնայբանկում»: Մեր դիտարկմանը, որ ՀԱԿ-ը խոստացել է ավանդները վերադարձնել 10 տարվա ընթացքում` պարտատոմսեր տալ անմիջապես մայիսից` նա պատասխանեց. «Բա էն որ մազութը ծախեցին-կերան, էդ փողե՞րը երբ են վերադարձնելու: Հիմա էլ ՀՀԿ-ն է եկել ասում` հավատանք, որ փոխենք` վի՞ն հավատանք, ինչի՞ն հավատանք: Մենք լակո՞տ ենք, ի՞նչ ենք, որ հավատանք: Մի կին կա` զիբիլանոցի մեջ` ճամփի բերանին կիսափուլ դոմիկում 3 երեխա է մեծացնում: Երեխեքից մեկն էլ վերջերս ընկավ ավտոյի տակ` մահացավ: Նկարեք, տարեք տվեք ձեր Լեւոն Իշտոյան ա, Լեւոն Տեր-Պետրոսյան ա, թե ինչյան ա, ասեք սենց բաներ կա, գնա այդ կնոջն օգնի, թե չէ եկել ես քարոզ ես կարդում, ո՞ւմ են պետք դրանք»:

Անդրադառնալով Գավառում ՀԱԿ-ի հանրահավաքին` նա նշեց. «Քյավառում անտեր մեռելի հոգեհանգստին ավելի շատ մարդ է հավաքվում, քան ՀԱԿ-ի հավաքին են եկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30