Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունները պետք է պաշտպանեն ազատ խոսքը և ապահովեն ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչների անվտանգությունը

Ապրիլ 26,2012 12:37

 AMNESTY INTERNATIONAL

Հրապարակային հայտարարություն
Հետևելով Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել ցանկացող քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ հարձակումներին՝ Amnesty International-ը կոչ է արել Հայաստանի իշխանություններին հարձակումների վերաբերյալ հրատապ և անաչառ քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Կազմակերպությունը խորապես մտահոգ է, որ Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանել փառատոնի կազմակերպիչներին այն հարձակումներից, որոնց նպատակն էր կանխել ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը և հորդորում է իշխանություններին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի կազմակերպիչները կարողանան շարունակել փառատոնը:

«Ստոպ» ֆիլմերի փառատոնի նպատակն է ծանոթացնել հայերին ադրբեջանական մշակույթին՝ փորձելով կամրջել Հայաստանի և Ադրբեջանի միջև անդունդը, որոնք վիճարկում են Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության հարցը վաղ 1990-ականների հակամարտությունից ի վեր: Երկու կառավարությունն էլ քաղաքական նպատակներով պարբերաբար սրում են ազգայնական զգացմունքները մյուս երկրի նկատմամբ:

Ապրիլի 12-ին փառատոնը չեղյալ է հայտարարվել Գյումրիում՝ Հայաստանի հյուսիս-արևմուտքում, այն բանից հետո, երբ տասնյակ ցուցարարներ փակել են փառատոնի անցկացման վայրը և ֆիզիկապես վնասել Գեորգի Վանյանին, որը փառատոնի կազմակերպիչն է և «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախագահը: Ցուցարարները խոչընդոտել էին նրա ելքը քաղաքից և ստիպել հրապարակայնորեն հայտարարել փառատոնը չեղյալ հայտարարելու մասին: Նույն օրը Գեորգի Վանյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ նա սպառնալիքներ է ստացել տեղական իշխանություններից:

Գյումրիում ֆիլմերի փառատոնը չեղյալ հայտարարելուց հետո կազմակերպիչները հայտարարեցին փառատոնը ապրիլի 17-ին «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակում» անցկացնելու մասին:

Սակայն փառատոնից մեկ օր առաջ մոտ 200 քաղաքացիներ, ներառյալ՝ ուսանողներ, քաղաքական ակտիվիստներ, նախկին ազատամարտիկներ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ հավաքվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմաց: Տեղեկացվում է, որ ցուցարարներին առաջնորդել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վետերանների Երկրապահ կամավորական միությունը, ցուցարարները գոչչել են «դավաճաններ», «ամոթ» և «թուրքեր»: Նրանք պահանջել են, որ միջոցառումը չեղյալ հայտարարվի:

Ապա որոշ ցուցարարներ ներխուժել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը տեղեկացրել է Amnesty International-ին, որ ցուցարարները վնասել են գրասենյակի գույքը և վիրավորել են անձնակազմին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի անձնակազմը տեղեկացրել է ցուցարարներին, որ կազմակերպիչները հետաձգել են փառատոնը: Սակայն ցուցարարները պահանջել են, որ միջոցառումը չեղյալ հայտարարվի և քարեր ու ձվեր են շպրտել գրասենյակի ուղղությամբ: Գրասենյակի մի քանի պատուհաններ կոտրվել են և մի աշխատակից վնասվածք է ստացել, երբ քարը հարվածել է ոտքին:

Մի քանի ոստիկաններ ուղեկցել են ցոցւարարներին և ներկա են եղել ցույցի ընթացքում, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկել՝ միջամտելու և ապահովելու անձնակազմի անվտանգությունը, ինչպես նաև դադարեցնելու բռնությունը: Արթուր Սաքունցը տեղեկացրել է Amnesty International-ին, որ տեղական կառավարման մարմիների ներկայացուցիչներ և առնվազն չորս ոստիկան ներկա են եղել և ուղղակի դիտել են, թե ինչպես է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նկատմամբ հարձակումը շարունակվում: Կազմակերպությունը նաև զանգահարել է Վանաձորի ոստիկանության բաժանմունք և պահանջել ոստիկանության լրացուցիչ ուժերի ներկայություն, երբ մարդիկ սկսել են հավաքվել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մոտ, բայց լրացուցիչ ոստիկանները ժամանել են ժամեր անց՝ ամբոխի ցրվելուց հետո:  Տեղական ոստիկանությունը սկսել է քննել ապրիլի 16-ի միջադեպը, սակայն կազմակերպիչները մտահոգություններ ունեն քննության անաչառության վերաբերյալ՝ հաշվի առնելով գործի քաղաքական բնույթը և քննության համար պատասխանատու պաշտոնյաների կանխակալ հայտարարությունները: Ապրիլի 17-ին Լոռու մարզի դատախազը լրատվամիջոցներին ասել էր, որ «քարեր և ձվեր շպրտելը քաղաքացիական բողոքի ձև է», և որ ՀԿ-ի նկատմամբ հարձակումը հասարակական կարգի խախտում կամ ոստիկանության միջամտությունը պահանջող այլ արարք չի հանդիսացել:

Amnesty International-հիշեցնում է Հայաստանի իշխանություններին, որ միջազգային մարդու իրավունքների օրենքով նրանք պոզիտիվ պարտականություն ունեն պաշտպանելու նրանց, ովքեր ցանկանում են խաղաղ կերպով կիրառել արտահայտման ազատության իրենց իրավունքը նրանցից, ովքեր փորձում են նրանց խոչընդոտել, որովհետև համաձայն չեն այդ տեսակետին: Հարձակումներից չպաշտպանելով ֆիլմերի փառատոնի կազմակերպիչներին՝ Հայաստանի իշխանությունները չեն կատարել իրենց միջազգային պարտավորությունները՝ երաշխավորելու բոլոր քաղաքացիների արտահայտման ազատությունը, նույնիսկ եթե այդ արտահայտումը հակասական է ընկալվում:

Ընդհանուր տեղեկություններ
Երևանում գործող «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» նախկինում մի քանի անգամ փորձել է իրականացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոնը 2009, 2010, 2011 թթ.: Ամեն անգամ միջոցառումը չեղյալ է հայտարարվել անվտանգության մտահոգությունների պատճառով և մեղադրանքներով, որ կազմակերպիչների և ցուցադրության վայրի սեփականատերերի նկատմամբ ճնշումներ են եղել: 2012 թ. փառատոնը բաղկացած էր Ադրբեջանում 2007 և 2008 թթ. ստեղծված չորս ոչ քաղաքական, կարճամետրաժ ֆիլմերից:

Հայաստանը և Ադրբեջանը դեռևս վիճում են Լեռնային Ղարաբաղի շուրջ: Խորհրդային միության փլուզումից հետո եռացող հակամարտությունը վերածվել է պատերազմի, որի պատճառով հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել և հարյուր հազարավորները՝ տեղահանվել: Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանությունները  միակողմանի անկախություն են հռչակել 1991 թ. և դե ֆակտո ինքնավարություն է պահպանել փխրուն հրադադարի ռեժիմում, որը հաստատվել է 1994 թ.:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30