Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական խնդիրների պատճառով երեխաների ատամներն են սևանում, մազերի մեջ սնդիկ և մկնդեղ է հայտնաբերվում

Հունիս 05,2012 13:57

Այսօր շրջակա միջավայրի պահպանության օրն է: Ուստի բնապահպան «Էկոլուր» հ/կ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեց մի շարք բնապահպանական խնդիրներ: Բնապահպանի հիմնական մտահոգությունը հանքարդյունաբերության բուռն զարգացումն է՝ բացասական հետևանքներով: Ի. Զարաֆյանին հատկապես մտահոգում է վերջին ամիսներին կառավարության կողմից ընդունված հողերի կատեգորիայի փոփոխությունները, որով գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան իջեցվում է ընդերքօգտագործման` ՀԷԿ-եր կառուցելու համար:Նրա խոսքով, Հայաստանն արդեն իսկ քիչ հողային ռեսուրսներ ունի, գյուղնշանակության հողերը դժվարությամբ են օգտագործվում և, այս պարագայում, գյուղնշանակության հողերը կրճատվում են և այն հողերը չեն մշակվում, քանի որ մշակման համար պարզապես հնարավորություններ չկան: Ըստ բնապահպանի՝ իրավիճակն այնքան է սրվել հանրապետությունում, որ արդեն վտանգվում են նաև հատուկ պաշտպանության տարածքները:  Տիկին Զարաֆյանը շեշտեց, որ բնապահպանական խնդիրներն իրենց անմիջական ազդեցությունն են ունենում նաև մարդու առողջության վրա: Այս առումով բնապահպանը մի քանի օրինակներ բերեց. «Կապանում երեխաների մազերի մեջ հայտնաբերվել է  սնդիկ և մկնդեղ: Փաստորեն իրավիճակը հասել է նրան, որ փաստացի այս դեպքում էլ պետությունը միանգամից քայլեր չձեռնարկեց: Կամ Գեղանուշ գյուղում երեխաների ատամներն են սևանում: Մեկ այլ դեպք էլ պատմեմ: Մի քանի տարի առաջ Սյունիքի համայնքում էինք, որտեղ մեծ քանակով  թափոնների արտանետում էր գրանցվել, այստեղ մեզ երեխաներից մեկը պատմեց, որ երեխաները մտում են թափոնների մեջ, ինչի արդյունքում նրանց մշակը սկսել էր պլոկվել: Երբ այդ երեխայի պապիկին հարցրինք՝ ինչու չեն դիմել համապատասխան մարմինների, նա պատասխանեց, թե, միևնույն է, հարցին լուծում չեն տալու, ուստի անիմաստ է»: Ի. Զարաֆյանը կարծում է, որ պետք է անհապաղ ստիպել նոր ձևավորվելիք կառավարությանը խնդիրների հրատապ լուծման համար, հակառակ դեպքում հետո արդեն ուշ կլինի: ՀՀ-ում տիրող իրավիճակը համեմատելով հետխորհրդային մյուս երկրների հետ՝ բնապահպանը նկատեց, որ իրավիճակը գրեթե նույնն է, մոտավորապես նմանատիպ իրավիճակ է գրանցվում նաև Վրաստանում, որը շատ հարցերում այլ քաղաքականություն է վարում և ցանկանում է փոխել իր համակարգը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930