Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանը երեկ աննախադեպ մի վճիռ կայացրեց՝ ՀԱԿ ակտիվիստ, Արցախում կռված ազատամարտիկ Ժորա Աթոյանին դատապարտելով 3 տարվա ազատազրկման ու նրան հարկադրելով փոխհատուցել պետությանը հասցրած 8.733.
879 դրամի վնասը: Հիշեցնենք, որ ազատամարտիկին մեղադրում էին Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ, ինչպես նաեւ բնակարան ձեռք բերելու ու այսպիսով՝ պետությանը 8.733.
879 դրամի վնաս պատճառելու մեջ: Ժորա Աթոյանը, ով երկու տարի շարունակ պնդում է, որ իր գլխին գործ են սարքել իր ընդդիմադիր քաղաքական հայացքների համար, ասաց, որ սպասում էր արդարացման վճռի, քանի որ դատախազը, ըստ նրա, այդպես էլ չկարողացավ հիմնավորապես ապացուցել իր մեղքը: Ազատամարտիկը նաեւ նեղվեց՝ ասելով, եթե կան կեղծ փաստաթղթեր, ապա ինչո՞ւ չեն պատժվում դրանք տրամադրողները: «Եթե տվողները հայտնի չեն, ստացվում է, որ կեղծ փաստաթուղթ չկա, մինչեւ օրս եթե հայտնի չեն, թե ովքեր են նրանք, ապա ինչպե՞ս են իրենք որոշել, որ իմ փաստաթղթերը կեղծ են, այսինքն՝ սա ավելի շատ քաղաքական որոշում էր, քան օրինական, պետության շահերը պաշտպանելու որոշում, մի քանի քստմնելի մարդկանց կեղծ ցուցմունքների վրա կայացած որոշում էր»,- ասաց ՀԱԿ ակտիվիստը:
Ժորա Աթոյանը հայտարարեց, որ պատրաստ է վճիռը բողոքարկել ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարան: Նշենք, որ խափանման միջոցը, այն է՝ ստորագրություն երկրից չհեռանալու մասին, թողեցին անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հավելենք, որ ի տարբերություն բազմաթիվ ծանր հիվանդություններ ունեցող ու պարբերաբար հիվանդանոցում բուժվող Աթոյանի՝ անցած տարի նույն մեղադրանքով դատեցին մեկ այլ գյումրեցի ազատամարտիկի՝ նրան հարկադրելով փոխհատուցել միայն պետությանը պատճառած վնասը:
Կարդացեք նաև
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































