Լրահոս
Օրվա լրահոսը

Միաբանական համագումար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունիս 06,2012 16:34 Share

Հունիսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքներն սկսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հինգերորդ համագումարը: Համագումարին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և կառույցներում  ծառայող  81 միաբաններ (աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ): Միաբանական հավաքին մասնակցում են նաև  ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից:

Տերունական միասնական աղոթքից հետո համագումարը բացեց կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Նարեկ վարդապետ Պերպերյանը (ԱՄՆ Արևելյան հայոց թեմ): Իր խոսքում Հայր Սուրբն ընդգծեց երկու տարին մեկ Մայր Աթոռում անցկացվող միաբանական հավաքի կարևորությունը և շահեկանությունը Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում սպասավորող միաբանների համար, ապա ողջ միաբանության անունից որդիական երախտագիտություն հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայրական հոգատարության համար:

Այնուհետև ներկաներին Հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` գնահատանք հայտնելով Մայր Աթոռի միաբաններին նվիրյալ, ամբողջանվեր ծառայության համար: Նորին Սրբությունը նշեց, որ միաբանների ներկայությունը զորացնում, ոգևորում և լավատեսությամբ է լցնում դեպի Հայոց Եկեղեցու վաղվա օրը:  Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ այս օրերին միաբանները ոչ միայն ուրախություն պիտի ապրեն շփվելու իրենց եղբայրների հետ, այլև  անդրադարձ ունենալու իրենց կոչմանն ու առաքելությանը, տեղին ու դերին եկեղեցական կյանքում: Վեհափառ Հայրապետը հորդորեց նաև շարունակել նախանձախնդիր ծառայությամբ կերտել փառքը Հայոց Եկեղեցու` ունենալով առաջնորդությունն Երկնավոր Տիրոջ  և մեր հայրերի:

Խոսքի վերջում Նորին Սրբությունը մաղթեց հոգևոր դասին հաստատուն մնալ իր ուխտի մեջ և առավելագույն արդյունավորությամբ ծառայություն իրականացնել ազգային-եկեղեցական կյանքում` զորեղ պահելով հայ ժողովրդի հավատը և ամուր ու հաստատուն` նրա ընթացքը Տիրոջ ճանապարհներին:

Մինչ ժողովի օրակարգին անցնելը համագումարի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Մակար ծայրագույն վարդապետ Աշկարյանը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը:

Եռօրյա  համագումարի քննարկման նյութ է ընտրված «Էլեկտրոնային միջոցների կիրառությունը հոգևորական քարոզչության առաքելության մեջ» թեման, որի շուրջ բանախոսություն ներկայացրեց Հայ Եկեղեցու ԱՄՆ Արևելյան հայոց թեմի աշխատակից Արթուր Պետրոսյանը: Բանախոսությունից հետո  տեղի ունեցան խմբային քննարկումներ, որոնք առնչվում էին հոգևոր հովվի և համայնքի անդամների միջև հաղորդակցության զորացման նպատակով համացանցի առավել լայն կիրառությանը, հոգևոր-քարոզչական բնույթի նյութերի համացանցային գրավիչ մատուցմանը, նաև համացանցային վտանգների նվազեցմանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                                   

Տեղեկատվական Համակարգ       

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930