Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին

Հունիս 19,2012 16:05

Քիչ առաջ ավարտված խմբակցության նիստում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը որոշել է, որ դեմ է քվեարկելու կառավարության ներկայացրած ծրագրին: Հիշեցնենք, որ վաղվա արտահերթ նիստում ծրագիրը պետք է ներկայացվի խորհրդարանի դատին:

Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ թեեւ նիստն ընթանում է փուլերով, սակայն ԲՀԿ-ում արդեն որոշում ունեն՝ դեմ են քվեարկելու: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված սույն որոշումը, հատկապես ո՞ր կետերն են, որ չեն բավարարում ԲՀԿ-ականներին, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ինքս, որպես ԱԺ պատգամավոր, մեկ հարց բարձրացրեցի. ծրագրի ռիսկերի մասում, ասել է թե՝ իրականացման վերապահումների մասում, օրինակ, բերված են մի շարք կետեր, այդ թվում՝ նաեւ դոլարի փոխարժեքի փոփոխությունը, բարձրացումը, գունավոր մետաղների գների անկում, նավթի գների տատանում: Վստահաբար ուզում եմ նշել մեկ բան, ի դեպ, իմ կարծիքը կիսում են նաեւ փորձագետները, դոլարի փոխարժեքը միանշանակ փոխվելու է, եւ վերլուծությունները ցույց են տալիս, որ փոխվելու է հօգուտ դոլարի: Դա նշանակում է, որ ավելի հանրամատչելի ձեւակերպեմ, կառավարությունը սեւով սպիտակի վրա գրել է, որ այդ ծրագիրը չի իրականացնելու, որովհետեւ ռիսկերում նշված են այն կետերը, որոնք ապագայում հենց այդպես էլ լինելու են: Ցանկացած ողջամիտ վերլուծություն դա է ցույց տալու: Եվ եթե այդպես էլ լինելու է՝ լավն է, թե՝ վատը այդ ծրագիրը, արդեն իսկ անիմաստ է քննարկել, քանի որ կառավարությունն արդեն իսկ վերապահում ունի՝ շա՜տ հավանական է, որ դա չենք իրականացնելու»:

ԲՀԿ-ն բազմաթիվ հարցեր է ներկայացնելու կրթության ոլորտի, էներգետիկ անվտանգության մասով, արտաքին հարաբերությունների, երիտասարդական քաղաքականություն հետ, որոնք առաջիկա քննարկումների ժամանակ կներկայացվեն:

Aravot.am-ի հարցին պատասխանելով, Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ իրենք ձեռքները ծալած չեն նստելու, ներկայացնելու են այլընտրանքային նախաձեռնություններ բոլոր վիճելի կետերի մասով: Ի դեպ, բացի կառավարության «անիրատեսականությունից», ԲՀԿ-ում չեն վստահում նաեւ այն կաբինետին, որը որ պետք է իրականացնի դա:

Հետաքրքրվեցինք նաեւ, վաղը ԲՀԿ-ն պատրաստվո՞ւմ է քաղաքական հայտարարությամբ ամրագրել իր տեղը քաղաքական դաշտում: «ԲՀԿ-ն իր տեղն արդեն ամրագրել է քաղաքական դաշտում եւ ամրագրում է ամենօրյա իր գործունեությամբ: Մենք ֆուտուրիզմի հետեւից չենք ընկնելու, չենք կարեւորելու ձեւը՝ բովանդակության փոխարեն, մեր բոլոր քայլերով եւ գործողություններով ապավինելու ենք ժողովրդի, հասարակության գնահատականին, թե ԲՀԿ-ն քաղաքական դաշտում ինչ տեղ է զբաղեցնում: Մենք հստակ այլընտրանք ենք»,- ասաց Ուրիխանյանը: Դիտարկմանը՝ անկախ Ձեր գրական նախասիրություններից, ԱԺ կանոնակարգը պահանջում է, որպեսզի հայտարարությամբ հստակեցվի կուսակցության գործունեության դաշտը, ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ օրենքի նման իմպերատիվ պահանջ չկա. «Դա ուղղակի մամուլում շրջանառված, չհիմնավորված տեղեկություն էր, որը շրջանառվեց փչացած հեռախոսի պես: Օրենքի այդպիսի իմպերատիվ պահանջ չկա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930