Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում ռուսամե°տ են, թե՝ եվրոպամետ

Հուլիս 09,2012 17:32

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսեց հայաստանյան կուսակցությունների արդիականացման անհրաժեշտության մասին: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի°նչ ասել է արդիական կուսակցություն: Պարոն Աշոտյանը պարզաբանեց. «Կուսակցությունների նոր ձևերն ակնհայտ են այսօր ամբողջ Եվրոպայում: Դրանք ձևավորվում են դասական կուսակցությունների կողքին: Օրինակ՝ Գերմանիայի Ծովահենային կուսակցության ի հայտ գալը: Կուսակցությունները պետք է հարմարվեն և օգտվեն նոր տեղեկատվական հասարակության հոգեբանատեխնիկական հնարներից, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաները քաղաքական դաշտում դառնում են լուրջ քաղաքական դերակատարներ»:

Դառնալով հայաստանյան իրավիճակին՝ պարոն Աշոտյանը նկատեց, որ մենք քիչ ենք հետ այդ զարգացումներից: Բացելով փակագծերը՝ Ա. Աշոտյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 24-26-ը տեղի կունենա հայկական քաղաքական կուսակցությունների առաջին «կլոր սեղանը»:  Կմասնակցեն ՀՀ-ի և ԼՂՀ-ի խորհրդարանական կուսակցությունները: ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ դա առիթ կլինի հայաստանյան փորձը փոխանցել ԼՂՀ-ին:

Իսկ Բաթումում վաղը մեկնարկելու է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության կազմակերպած արեւելյան գործընկեր երկրների գագաթաժողովը, որին մասնակցելու են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը եւ այլ երկրներ:

Աշոտյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀԿ-ի համար առաջնահերթություն է արտաքին կապերի զարգացումը ու տեղեկացրեց.  «Մեր կապերը ԵԺԿ-ի հետ զարգանում են բոլոր ուղղություններով: ՀՀԿ երիտասարդական թեւը դիմել է անդամակցելու համար ԵԺԿ-ին, որը կքննարկվի աշնանը»:

Ա. Աշոտյանը կարևորեց նաև ԱՊՀ տարածքում գաղափարակիր կուսակցությունների նոր ձևակերպումներ տալը և նկատեց. «ԱՊՀ տարածքում քաղաքական շփումները նույնականացվել են իշխանական շփումներին: Քաղաքական էլիտայի համար համապատասխան կուսակցական շփման եզրեր չեն եղել և կարծես թե միջկուսակցական հարաբերությունները միջպետական հարաբերություններով են ծածկվել»: Այս առիթով պարոն Աշոտյանը նշեց, որ Երեւանում աշնանը ՀՀԿ-ի եւ «Եդինայա Ռոսիայի» կողմից կկազմակերպվեն քաղաքական քննարկումներ՝ ԱՊՀ-ում միջկուսակցական հարաբերություններ զարգացնելու համար:

Իսկ թուրք գործընկերների հետ «կոնտակտների» մասին ՀՀԿ փոխնախագահն  ասաց. «Երբ միասին մի տեղում ենք հայտնվում, ես ինքս եմ գնում կոնտակտի: Ադրբեջանցիները երբեմն ունեն մեզ հետ շփվելու բարդույթներ, իսկ մենք պաշտոնական կոնտակտներում բարդույթներ չունենք»:

Երբ հարց հնչեց, թե ՀՀԿ-ն ավելի շատ Եվրասիական կողմնորոշո°ւմ է որդեգրել, թե՞ «նայում» է դեպի Եվրամիություն, Ա. Աշոտյանը նշեց. «ՀՀԿ-ում ռուսամետների կամ եվրոպամետների դասակարգում չկա, բոլորն էլ հայաստանամետ են: Պարզապես որոշ քաղաքական գործիչների հրապարակային ելույթներում կարող են որոշ երանգներ երևալ: Ուստի քաղաքական լայն կապերի շնորհիվ ՀՀԿ-ն քաղաքական խանդի տեսարաններ չունի ոչ Բրյուսելի, ոչ Մոսկվայի հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031