Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Սողոմոնյան. «Մանկապարտեզում երեխան օրը 3 անգամ լոբազգի էր ուտում, ինչպե՞ս կարելի է»

Հուլիս 11,2012 22:59

«Առաջ մանկապարտեզում երեխան օրը 3 անգամ լոբազգի էր ուտում, ինչպե՞ս կարելի է: Շաբաթվա 4 օրը ուտում էր վերմիշել ու մակարոն, բա այդքան հաց կարելի՞ է երեխային տալ»,- առաջվա մանկապարտեզներից այս դժգոհությունը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ վստահեցնելով, որ անվճար դառնալուց հետո, ճիշտ է, լուրջ խնդիրներ են առաջացել մանկապարտեզներում, բայց սննդի որակը բարձրացել է: Այսօր Երեւանի շատ մանկապարտեզներում յուրաքանչյուր խմբակում խցկված են 35-40 երեխա, որն անվտանգության տեսակետից անթույլատրելի է: Ինչ մանկապարտեզներն անվճար են դարձել` քաղաքապետարանը կանգնել է երեխաներին տեղավորելու խնդրի առջեւ: Գայանե Սողոմոնյանը հաստատեց, որ իսկապես մանկապարտեզները գերբեռնվել են. «Սա հոգս է իրականում, որովհետեւ մինչ անվճարին անցնելը Երեւանում մանկապարտեզ հաճախող շուրջ 22 հազար երեխա ունեինք: Անվճար դառնալուց հետո արդեն մոտ օրերս մոնիթորինգ անցկացրեցինք՝ շուրջ 30 հազար երեխա է հաճախում մանկապարտեզ: Երեխաներին տեղավորելու համար` վարձակալությամբ տրված կարճաժամկետ պայմանագրերը չվերակնքեցինք: Բայց միեւնույն է, դեռ գերբեռնված մանկապարտեզներ ունենք՝ 40 հոգանոց խմբեր, այսինքն՝ մենք 2 խմբի երեխաներին մեկ խմբում ենք տեղավորել: Բայց այստեղ խնդրի լուծման ճանապարհներն են շատ բարդ: Լուրջ խնդիր է մահճակալների խնդիրը: Երկհարկ մահճակալներ ենք ուզում պատվիրել, որ տեղի խնդիրն էլ կլուծի»:

Անվճար դառնալուց հետո, Գայանե Սողոմոնյանի գնահատմամբ՝ ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն այն է, որ կարգավորել են սննդի հարցը. «Մենք սկսեցինք շատ լուրջ աշխատանք: Երբ որ ես դա սկսեցի անել, բոլորը կողքից ասում էին՝ եկավ, էս ի՞նչ է անում, էս որտեղի՞ց եկավ, որտեղի՞ց է այսպիսի բաներ հնարում, բայց ես չէի հնարում, Մոսկվայից էի բերել, Չեխոսլովակիայում էի եղել, Ամերիկայից էի բերել: Մենք 1 ամիս շարունակ հաշվարկեցինք, թե ինչ պետք է երեխաներն ուտեն օրվա մեջ, որ անհրաժեշտ կալորիականությունը ստանան՝ 350 դրամի մեջ տեղավորվելով: Առաջ էլ անընդհատ  ստուգում էին սնունդը, բայց քայլ չկար, Մուրացանն ասում է՝ դուք անընդհատ ասում եք, որ ճակատին մուր կա, Շիրվանզադեն էլ ասում էր՝ մուրը տեսանք, մուրը կա, մենք տեսնում ենք, բայց մուրը ո՞նց մաքրենք ճակատից: Հիմա ասում էին՝ կա, վատ է, ինչ ես դու անում՝ վատը լավ դարձնելու համար: 1 ամսից ավելի աշխատեցինք, արդյունքում ունենք օրինակելի ճաշացանկ: Չնայած դժվար է պատկերացնել, բայց շատ-շատ մանկապարտեզներում  կաթսաներ անգամ չունեին, սառնարաններ չունեին, եւ ստիպված են եղել օրվա սնունդ ձեռք բերել, որ չփչանա»:

Մինչեւ անցյալ տարի Երեւանում եղել են փայտի վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ, այս ձմեռ չջեռուցվող մանկապարտեզ չի լինելու: Հիմա էլ քաղաքապետարանն ուշադրություն է դարձնելու մանկապարտեզների նորոգմանն ու հիմնանորոգմանը. «Այս տարի 8 մանկապարտեզ է հիմնանորոգվելու: 4-ի տանիքներն ահավոր վիճակում են, անցք է, տեսնում ես երկինքը, եւ կան մանկապարտեզներ, որտեղ սանհանգույցներն ահավոր սանիտարարահիգիենիկ վիճակում են, համաճարակի բուն է: Բացի նման լուրջ խնդիրներից` պայմանագրեր ենք կնքել եւ ուզում ենք մանկապարտեզների համար կլոր սեղաններ բերել՝ առանց սուր անկյունների: Գույներն էլ սովորում է երեխան դրանով: Արդեն բավականին բաժանել ենք այդ սեղան-աթոռներից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031