Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը մեկնաբանում է Հայաստանի ներքին կյանքը

Օգոստոս 17,2012 19:45

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածներն էլ անհաջող են եղել, բայց եթե մենք անպայման ուզում ենք դրանք համեմատած լինել, ապա հանրապետության երկրորդ նախագահի օրոք առավել լավ վիճակում է գտնվել տնտեսությունը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց ֆեյսբուքյան ասուլիսով հանդես եկած Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Պատասխանելով այն հարցին,թե ի՞նչ համեմատականներ կանցկացնի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակահատվածների միջև, մասնավորապես, խոսքի ազատության, տնտեսության, արտաքին քաղաքականության, մշակույթի և այլն մասով, Հրանտ Բագրատյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակամիջոցում լավ վիճակում է գտնվում մամուլի ազատությունը։

Խոսելով մամուլի ազատության առումով առաջընթացի մասին, Հրանտ Բագրատյանը նշեց, որ այն իր տրամաբանությունն ունի, քանի որ լրատվական դաշտը մոնոպոլիզացվում է, ապա ըստ Հրանտ Բագրատյանի, այս վարչակարգը իրեն թույլ է տալիս նման շռայլություն։

Հարցին, թե ճի՞շտ է համարում, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Հետգրություն» հաղորդման ընթացքում ազատագրված տարածքները բառացիորեն կոչել է «օկուպացված տարածքներ», և չի՞ կարծում, որ նմանատիպ սայթաքում թույլ տված քաղաքական գործիչը պետք է մեկընդմիշտ հեռանա քաղաքական ասպարեզից, Հրանտ Բագրատյանն ասաց, որ, այո՛, սա համարում է սայթաքում: «Այս տարածքները օկուպացված չեն, ունեն ուրիշ կարգավիճակ: Մի երկիր հարձակվել է մյուսի վրա, որը հետ է մղել այն և մեր երկիրը այդ տարածքները սարքել է անվտանգության գոտի»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ ընդգծելով, որ մեզ համար վայել է օգտագործել այդ տարբերակը:

ՀՀ նախկին վարչապետը նաև ասաց, որ իր կարծիքով, այդ խոսքերի հեղինակը մեկ անգամ պետք է ներողություն խնդրի, և վերջանա-գնա այդ պատմությունը:

Մեկ այլ հարցի առիթով Հրանտ Բագրատյանը նշեց, թե իր վարչապետության պաշտոնավարման երկու ամիսներին 20.000 մարդ է վերաբնակեցվել ազատագրված տարածքներում, այն դեպքում, երբ դրան հաջորդող տասնհինգ տարիներին բնակչության թիվն այնտեղ պակասել է 10.000-ով:

Հայ ազգը բարդ ազգ է. նա կարող է երեկոյան «Ազատության» հրապարակում ոգևորված խոսել արդարությունից, առավոտյան գնալ և ընտրակաշառք վերցնել: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում՝ «ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով օգտատերից մեկի հարցին, թե Սերժ Սարգսյանի վարչակարգից ազատվելու ի՞նչ ճանապարհներ է տեսնում:

«Մենք բարդ ազգ են, մենք ունենք փրկվելու բնազդ, դա և՛ լավ է, և՛ շատ վատ բան է»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ փրկվելու բնազդի մեջ վատը գոյատևելու բնազդն է: Մինչդեռ, պետք է ոչ թե գոյատևել, այլ ապրել:

Իսկ գոյատևել, ըստ Հրանտ Բագրատյանի, կնշանակի արտագաղթել Եվրոպա ու Ռուսաստան ու չբռնել ընտրակեղծարարի ձեռքը, ոչ թե «ապտակել ընտրակաշառք տվողներին», այլ այն վերցնել ու հետագայում արդարանալ, թե «հարևանի տղեն եկավ՝ չէինք կարող մերժել»:
Եվ վերջապես, այդ գոյատևման բնազդն է, որ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ մեզ 14 –րդ դարում ստիպել է հայոց վերջին թագավոր Լևոն Զ-ին ասել այն, ինչ կասեր միայն խելագարը, թե՝ «Մեզ թագավոր պետք չէ, կա եկեղեցի, բավական է»:

Հայի մոտ այդ գոյատևելը, Հրանտ Բագրատյանի խոսքով՝ դառնում է տրամաբանություն. «Բոլորս կենտրոնացած ենք մեր ընտանիքի վրա: Բոլորս ուզում ենք մեր ընտանիքը տեսնել ոչ թե շրջապատի մեջ, այլ շրջապատը մեր ընտանիքի մեջ»:

Այսպիսով, ամփոփելով մեր բոլոր դժբախտությունների պատճառը, Հրանտ Բագրատյանը այն համարում է ոչ թե մեր աշխարհագրական դիրքը, այլ այն, որ ունենալով հզոր գոյատևման բնազդ` չենք ուզում տեսնել զարգացման գործիքը. «Իսկ աշխարահագրական դիրքը համարելը հիմարություն է: Աշխարհագրական դիրքը վիճարկման ենթակա չէ, այն ի վերուստ է դրված»,- նկատեց Հրանտ Բագրատյանը:
Պատասխանելով ֆեյսբուքցիներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ է առաջ քաշում եկեղեցու բարեփոխման թեզը, ՀՀ նախկին վարչապետն ինքը հարց ուղղեց. «Դուք եկեղեցու բալանսը տեսե՞լ եք», ապա ավելացրեց, եթե մեկը արտասահմանից 1000 եվրո է ուղարկում, անմիջապես մեզ մոտ սկսում են ուսումնասիրել՝ ի՞նչ կառույց է ու սկսում են խոսել փողերի լվացումից:
Եկեղեցում մոմ վաճառելն էլ, ըստ Հրանտ Բագրատյանի, միայն հետամնաց եկեղեցիների սովորությունն է:
Հրանտ Բագրատյանը հավելեց, թե Հայաստանի յոթ պատմական դժբախտություններից մեկը հենց տասանորդն է, ինչի պատճառով անգամ հարյուր հազարավոր մարդիկ մահմեդականացել են:
Ասուլիսի վերջում ՀՀ նախկին վարչապետը հավելեց, որ ամաչում է այն փաստից, որ մենք, ահավոր չափերով հետ մնալով Վրաստանից ու Ադրբեջանից, հիմա նրանցից պետք է սովորենք:

Ըստ Tert.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031