Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության նոր հենակետեր մայրաքաղաքում

Օգոստոս 18,2012 19:40

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված և հունիսի 1-ից մայրաքաղաքում ուժի մեջ մտած` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությամբ` ծառայությունն իրականացվում է հենակետերի միջոցով, որոնք շահագործվում են ըստ ժամանակացույցի:

Օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի, շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ևս երեք նորակառույց հենակետ  բացվեց ոստիկանության Նոր Նորքի, Շենգավիթի և Կենտրոնականի բաժինների կողմից սպասարկվող տարածքներում:

Նորաբաց հենակետերը  կարևոր քայլ են հանրապետությունում համայնքային ոստիկանության կազմավորման, հասարակության վստահության ամրապնդման, քաղաքացիների հետ համագործակցության խորացման ուղղությամբ:

Ոստիկանների անմիջական աշխատանքը համայնքներում կնպաստի բնակչության իրավագիտակցության բարձրացմանը և փոխվստահության այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, երբ համայնքային ոստիկանը քաղաքացու կողմից կընկալվի ու կգործի որպես ընտանեկան ոստիկան:

Մայրաքաղաքը բաժանված է 40 հենակետային տեղամասի: Հենակետում ծառայություն են իրականացնում 7 համայնքային ոստիկան, որոնցից մեկը` անչափահասների գծով: Յուրաքանչյուր հենակետ սպասարկում է շուրջ 30 հազար բնակչի, և քաղաքացին միշտ կարող է դիմել իր ու համայնքի խնդիրներով,  գործակցության ծրագրերով ու առաջարկներով:

Մայրաքաղաքում մինչ այս նորամուտը արդեն իսկ գործում էր վեց հենակետ` ոստիկանության Արաբկիրի, Կենտրոնականի, Մալաթիայի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների սպասարկած տարածքներում:

Համայնքային ոստիկանության կազմավորումը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել