Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» թեկնածուները ՏԻՄ ընտրություններում

Սեպտեմբեր 07,2012 20:32

Սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում «Ժառանգությունը» Կապանում առաջադրել է Սամվել Հայրապետյանի, իսկ Մասիսում Գեւորգ Մինասյանի թեկնածությունը՝ քաղաքային ավագանու անդամի համար:

Սամվել Հայրապետյանը կուսակցության բազմամյա համակիրներից է, ակտիվիստ, այժմ նաեւ կուսակցական: Ծնվել է 1954-ին Կապանում, ուսանել է  ըմբշամարտ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Աշխատանքային գործունեությունը սկսել է հուշանվերների ձեռնարկությունում, ավելի ուշ նկարիչ-ձեւավորող է աշխատել Կապանի Երկրագիտական թանգարանում, այժմ աշխատում է «Շիկահող» պետական արգելոցում: Ղարաբաղյան ազատամարտի մասնակից է, ռազմական գործողությունների առաջին օրերից մասնակցել է Կապանի սահմանների պաշտպանությանը, այնուհետ՝ Կապանում առաջին փորձնական գումարտակի ստեղծմանը, 1992-ին, որպես կամավորական ջոկատի հրամանատար, մասնակցել է Լաչինի պաշտպանական մարտերին, ավելի ուշ՝ Ղազանչիի գրավմանը: ՀՀ ՊՆ-ի կողմից արժանացել է պատվոգրերի եւ մեդալների:

Գեւորգ Մինասյանը «Ժառանգության» Մասիսի ստորաբաժանման երիտասարդական թեւի ղեկավարն է, ծնվել է 1989-ին, սովորել է Երեւանում, Ավանդական բժշկության համալսարանի Ստոմատոլոգիայի ֆակուլտետում, այնուհետ` «Հայբուսակ» համալսարանի մագիստրատուրայում: Այժմ կրթությանը զուգահեռ նաեւ աշխատում է Մասիսում՝ իր մասնագիտությամբ: Քաղաքականության մասին առաջին պատկերացումները եւ հիշողությունները վերաբերում են 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերին, առաջին մասնակցությունը հասարակական-քաղաքական զարգացումներին եղել են 2007-ի, 2008-ի ընտրարշավները: 2010-ից անդամագրվել է «Ժառանգությանը»: Մասիսում առաջնային է համարում ավտոճանապարհների, մթնոլորտային ավազանի աղտոտվածության եւ ընդհանուր բարեկարգման խնդիրները:

Հորդորելով Կապանի եւ Մասիսի ընտրողներին ձայնը տալ «Ժառանգության» թեկնածուների օգտին՝ կուսակցությունը նաեւ կոչ է անում Վերին Արտաշատ եւ Նորապատ համայնքներում քվեարկել հօգուտ ավագանու անդամի թեկնածուներ Արարատ Միքայելյանի եւ Գագիկ Մարգարյանի, Ոսկեհատ, Անի ավան եւ Ազատան համայնքներում՝ հօգուտ համայնքապետի թեկնածուներ Հովհաննես Գնոյանի, Դավիթ Դավթյանի եւ Կարապետ Ազատյանի:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930