Լրահոս
Սպիտակ ալյուր
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան. «Հիմարացած թշնամին պակաս վտանգավոր է իրական թշնամուց» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2012 13:08

Այսօր «Փաստարկ» ակումբում «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը խոսեց Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած իրողությունների և ապագա հնարավոր զարգացումների մասին:

«Ադրբեջանը եւ Թուրքիան գենոցիդոգեն ազգային-պետական կազմավորումներ են: Այն, ինչը որոշակիորեն անվանում ենք միջազգային հանրություն եւ դրանից բխող մոտեցումների կարեւորություն, իրականում պայմանական հասկացություներ են: Ադրբեջանի քայլն անակնկալ չէր, բայց անսպասելի էր եվրոպական երկրների արձագանգը: Հետեւաբար, իդեալներ պետք է ունենանք, բայց ոչ` պատրանքներ»,-ասաց Հարությունյանը` հավելելով, որ Հայաստանը տեղեկատվական քարոզչության խնդիր ունի:

Խոսելով ղարաբաղյան խնդրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից, Գագիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ պետք չէ դադարեցնել բանակցային գործընթացը. «Ճիշտ է, կատարվածը բավական բարդացրեց բանակցային գործընթացը, բայց դրա շարունակականությունը բխում մեր ազգային շահերից: Հաշվի առնենք, որ տարածաշրջանում դրությունը սրվել է` կապված Սիրիայի իրադարձությունների հետ: Դրանք անմիջական կապ ունեն Իրանի խնդրի հետ, իսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից որոշ տերություններ ակնկալիքներ ունեն, ինչից ելնելով` այդ պետությունները ոգեւորված են: Բացի այդ, Ադրբեջանը կրկնօրինակում է Թուրքիայի քաղաքական մոդելը` խնդիրներ ձեռք բերելով Իրանի, Թուրքմենիայի, Հայաստանի եւ ԼՂՀ–ի հետ»: Բանախոսը հավելեց, որ միջազգային հանրությանը պետք է հասկանա Ադրբեջանի կազմում ԼՂՀ-ի գտնվելու անհնարինությունը, ինչը հատկապես պետք է սուր ընկալեն միջնորդ կողմերը:

Հարությունյանի խոսքով` Հունգարիայի ցինիկ վերաբերմունքը ենթակա չէ հրատապ ներման. «Հունգարիայի արածը միջազգային ցինիկության եւ անբարոյականության դրսեւորում էր: Դա մեզ համար դաս պետք է լինի, որ չհավատանք տարբեր ամբիոններից հնչող խոստումներին

Ստեղծված իրավիճակում «Նորավանքի» տնօրենը պատերազմի վերսկսման հավանականությունը փոքր է համարում. «Պատմական փորձը ցույց է տալիս, որ նման տրամադրությամբ հանրությունները, տվյալ դեպքում` ադրբեջանցիները, որպես կանոն լավ պատերազմողներ չեն: Ադրբեջանին հասարակության հիմարացումը ի օգուտ մեզ է գործում, քանի որ հիմարացած թշնամին պակաս վտանգավոր է իրական թշնամուց»:

Հարությունյաննն իրատեսական չի դիտում Հունգարիայի կողմից ԼՂՀ-ի ճանաչման հավանականությունը:

Խոսելով ՀՀ արտգործնախարարության վարած քաղաքականությունից` Հարությունյանն ասաց. «Մեր արտգործնախարարությունը չպետք է խաբվի, քանի որ դիվանագետը հենց դրա համար է: Օտարերկրյա դիվանագետները կիսում են Հայաստանի մոտեցումները, ինչը չի կարող ազդեցություն չունենալ, չնայած որ նրանք ցուցաբերում են դիվանագիտական կոռեկտություն: Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում իր իմիջի վրա, մենք էլ պետք է գերազանցենք նրան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930