Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարը» պայթեցնելու գնացած փոխգնդապետին դատախազն առաջարկեց 6 ամսվա ազատազրկում եւ 200.000 դրամի տուգանք

Սեպտեմբեր 25,2012 15:15

Հուլիսի 1-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնելու փորձ անելու համար կալանավորված  ՀՀ պաշտպանության նախարարության փոխգնդապետ Վարդան Սամվելյանի քրգործով դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 4-ին:

Հիշեցնենք, որ այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական առաջին նիստն էր, որը, ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանի միջնորդությամբ, անցկացվեց արագացված ընթացակարգով:

Դատախազ Տիգրան Հարությունյանը միջնորդեց Սամվելյանի համար սահմանել 6 ամսվա  ազատազրկում և 200 հազար դրամի չափով տուգանք՝ հաշվի առնելով, որ Սամվելյանն ունի երկու անչափահաս երեխա, եւ հիվանդ հայր, ինչպես նաեւ լավ բնութագրական հատկանիշներ:
Ամբաստանյալի պաշտպան Հ.  Հարությունյանն էլ  խնդրեց պատիժը սահմանելիս հաշվի առնել, որ հանցագործությունը միջին ծանրության է եւ առաջարկեց պայմանականորեն ազատել պատժից: Միաժամանակ նա նշեց, որ սա այն եզակի դեպքերից է, երբ ամբաստանյալի պաշտպանը համաձայնում է  մեղադրողի առաջարկած ե՛ւ պատժատեսակին, ե՛ւ պատժաչափին:

Ամբաստանյալ Սամվելյանն էլ դատարանում խոստովանեց՝ որ զղջում է, որ ավելի վաղ հայտնաբերած զինամթերքը ժամանակին չի հանձնել, այլ տեղափոխել է իր ավտոտնակ:
Հիշեցնենք, որ բժիշկ Վահե Ավետյանի՝ «Հարսնաքարում»  ծեծի հետեւանքով մահանալուց հետո, հուլիսի 1-ի  գիշերը , Սամվելյանը  ճամպրուկը ձեռքին մտել է «Հարսնաքար» ու  սպառնացել ՝ պայթեցնել ռեստորանը, իսկ  ժամեր անց տեղափոխվել ոստիկանություն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սամվելյանի դեմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35 հոդվածի 1-ին եւ 4-րդ հոդվածներով՝ ապօրինի զինամթերք ձեռք բերելու, կրելու եւ փոխադրելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930