Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգյան հոգևոր ճեմարանը տոնախմբեց իր 138-րդ տարեդարձը

Սեպտեմբեր 29,2012 16:59

Սեպտեմբերի  29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Ս. Գևորգ զորավարի տոնը:

Տոնի առիթով Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Արարողության ընթացքում պատարագիչ Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով համաքրիստոնեական մեծ սրբի վկայաբանությանը. «…Հայ ժողովուրդը, որ աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, իր հոգևոր գիտակցությամբ այն սրբերի հետ է կապվել, որոնց հավատքի օրինակը համընկել է իր հոգևոր փորձառության հետ: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո հավատքի պաշտպանության հարցը  պատմության ընթացքում դարձավ մեզ համար ճակատագրի անբաժանելի մի մասը: Դրա լավագույն օրինակն է հայ ժողովրդի գոյության դարագլուխ կազմող Ավարայրի հերոսամարտը: Պատահական չէ հետևաբար, որ հայ ժողովրդի բարեպաշտական մտածողության մեջ ամենամեծ տեղը հատկացված է երկու զինվորականներին` Սբ. Սարգսին և Սբ. Գևորգին: Ազատության համար պայքարի պատմության ընթացքում ո±վ պետք է ոգևորեր հայ ժողովրդին` հաստատուն մնալ իր հավատքի մեջ, լինել անդրդվելի, եթե ոչ հավատքի այս համառ պահապանները:  …Նրանց քաջության շնորհիվ քրիստոնեությունը հաղթանակ տարավ, չլինեին Աստծու այս քաջարի մարտիկները, քրիատոնեությունը շարունակվելու էր արգելված, հալածված կրոն մնալ: Մարդու ամենամեծ շնորհն ազատությունն է, իսկ քրիստոնեությունը միայն ազատության մեջ կարող է լիարժեք արտահայտվել: Այս ազատության համար իրենց կյանքը զոհաբերեցին Աստծու վկաները, այդ թվում նաև հավատարիմ վկա Ս. Գևորգ զորավարը»:

Իր խոսքում Գևորգ Սրբազանը նաև տեղեկացրեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք  և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ  այսուհետ կվերականգնվի Սբ. Գևորգի տոնին Գևորգյան հոգևոր ճեմարանի տարեդարձը նշելու ավանդույթը: Ճեմարանը  հիմնադրվել է Գևորգ Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 1874 թ.` Ս. Գևորգի տոնին, և ի պատիվ սրբի` անվանվել Գևորգյան:

Ս. Պատարագի արարողությունից հետո տոնի առիթով ճեմարանի հանդիսությունների սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ    Գևորգյան հոգևոր ճեմարանի 138-րդ տարեդարձին նվիրված հանդիսություն:                                                                                                                                               Հանդիսությունը սկսվեց Տերունական աղոթքով, որին հաջորդեցին ՀՀ և ԳՀՃ օրհներգերը: Այնուհետև ասմունքով, ազգային և հոգևոր երգերի կատարումներով հանդես եկան ճեմարանի սաները:

Հանդիսության վերջում ներկաներին իր հայրական օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուրախություն հայտնելով նվիրական տոնի առիթով` Նորին Սրբությունն անդրադարձավ լուսամիտ Գևորգ Հայրապետի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգևոր-կրթական հաստատությունը վերահաստատելու տեսիլքին:  Նորին Սրբությունը խորհրդանշական նկատեց ճեմարանը Ս. Գևորգ զորավարի անունով կոչելը, որպեսզի ապագա եկեղեցականներն իրենց առաջնորդող ունենան Սբ. Գևորգ զորավարի անձը, Տիրոջը, ամբողջանվեր ու անձնազոհ հավատարմության խորհուրդը: «Այս ոգին է, որ մենք ցանկանում ենք կրթել ու կերտել մեր հոգևոր-կրթական հաստատություններում, որպեսզի այդ կրթօջախների հարկի ներքո ուսում առնող յուրաքանչյուր անձ ունենա զորեղ հավատք և հավատարմության ու նվիրումի ոգի, ի պահաջել հարկի նահատակության պսակը վերցնի, ինչպես մեր հայրերը` հանուն Քրիստոսի ու սուրբ հավատքի», – ասաց Հայոց Հայրապետը` կոչելով այս տոնին մեկ անգամ ևս անդրադառնալ հոգևորականի կոչմանը և առաքելությանը, որպեսզի Սբ. Գևորգ զորավարի օրինակով կերտվի ոգին, զորանա մեր հավատքը, պայծառանա մեր առաքելության տեսիլքը:

Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորեց ըստ ամենայնի նմանվել եկեղեցական պատմության ընթացքում Հայոց Եկեղեցին շենացրած լուսավոր կերպարներին, որոնցից  մեկն է նաև Գևորգ Դ Հայրապետը` գոհունակությամբ ընդգծելով, որ այսօր էլ կան ազգի և եկեղեցու բազում արժանի, անձնուրաց, ազգասեր, հայրենանվեր, Քրիստոսի սիրով ապրող և գործող սպասավորներ:

Շնորհավորելով Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությանը, դասախոսներին և սաներին` Վեհափառ Հայրապետը աղոթքով մաղթեց, որ Երկնավոր Տերը միշտ օրհնյալ պահի հիշատակը հաստատության հիմնադիր լուսահոգի Հայրապետի և զորացնի ճեմարանն իր առաքելության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930