Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախարար. «Այդ նախընտրական զավեշտն ամփոփեց նախարարի պիոներական խոստումը՝ ես ամեն ինչ կանեմ»

Հոկտեմբեր 15,2012 19:54

«Նույն ինքը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդամենը մի քանի ամիս առաջ՝ ապրիլին, մինչեւ խորհրդարանական ընտրությունները, ամեն առիթն օգտագործում էր՝ գովերգելու համար կառավարության կատարած բարեշրջումները առողջապահության բնագավառում: Ի՞նչ պատահեց, որ հանկարծ 3-4 ամիս հետո, մենք ականատես ենք լինում լրջագույն բացահայտումների եւ մտահոգությունների»,- այս հարցն առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի մոտ առաջացել է ուրբաթ օրը, երբ լրատվամիջոցները սկսեցին ցուցադրել, թե առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ ինչպես է վարչապետ Տիգրան Սարգսյանը բարկանում՝ պատվիրելով հարցը չհասցնել ռիսկային բուժհիմնարկների ցուցակների ստեղծման, վերացնել ստվերային աշխատավարձերի վճարման արատավոր երեւույթը եւ այլն:

Հանրության տեսանկյունից նման խորհրդակցությունը եւ նրա լուսաբանումը, ըստ մեր զրուցակցի, ոչինչ չի տալիս. «Հանրությանը հետաքրքրում է այն, թե ե՞րբ կառավարությունը կսկսի իր առողջության խնդիրներով զբաղվել եւ կապահովի իր համար անվճար ու որակյալ բուժօգնություն: Համակարգի հետ կապված այլ բաներ հանրությանը չի հետաքրքրում»: Առողջապահության համակարգի տեսանկյունից դիտարկելով հարցը, որի ներկայացուցիչները, որոշումներ կայացնողները ներկա էին խորհրդակցությանը, նախկին նախարարն ասում է. «Ինձ թվում է՝ իրենք էլ ոչինչ չհասկացան, քանի որ չհնչեցին որեւիցէ ուսումնասիրության արդյունքներ, որոնք կբացահայտեին նշված երեւույթների պատճառահետեւանքային կապը, ծնող պատճառները: Հաթաթաները, իմ կարծիքով, կամ ոչ մի արդյունք չեն տալիս, կամ լինում են կարճաժամկետ: Անձամբ ես՝ տխուր տպավորություն ստացա խորհրդարկցությնից, որը ըստ իս, ոչինչ չի տալու»:  Արարատ Մկրտչյանի համոզմամբ, եթե կառավարությունն անկեղծ ցանկություն ունի ոլորտը բարելավելու, նախ պետք է իր համար հստակեցնի՝ ի՞նչ առողջապահության համակարգ ունենք մեր երկրում կամ ի՞նչ առողջապահական համակարգի ենք ձգտում՝ ամբողջական, ծայրահեղ շուկայական հարաբերությունների վրա հիմնված, կառավարվո՞ղ շուկայի սկզբունքներ ենք դնում, թե՞ սոցիալական առողջապահության սկզբունքով ենք գնու: Կազմակերպա-կառուցվածքային, կազմակերպաիրավական, օրենսդրական խնդիրնե՞րն են այսօր խոչընդոտ հանդիսանում, թե՞, ընդհանրապես, գործող կառավարման հետեւանք են, որո՞նք են կոռուպցիոն ռիսկերի պատճառները եւ այլն: Մի խոսքով. «Խորհրդակցություն՝ խորհրդակցության համար, իր համապատասխան PR կոմպոնենտով: Եվ այդ նախընտրական զավեշտն ամփոփեց նախարարի պիոներական խոստումը՝ ես ամեն ինչ կանեմ, կկարգավորեմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031