Նիկոլ Փաշինյանն այսօր Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում՝ Սառնաղբյուրում, Մարալիկում, Արթիկում, Փանիկում բառացիորեն նույն մտքեր էր կրկնում՝ ճանապարհների ապաշրջափակման, մասնավորապես՝ Ախալքալաք-Կարս երկաթուղու բացման մասին էր խոսում՝ այն համարելով դարակազմիկ իրադարձություն։ Այս ամենը ներկայացնում էր որպես խոստացված «խաղաղության խաչմերուկ»։ Խոսում էր ամենամեծ նվաճման՝ խաղաղության մասին, 9-ամյսա խաղաղությունը համեմատելով 9 ամսական երեխայի հետ։ Խոսում էր նաև ապօրինի գույքի բռնագանձումների մասին, ՀԷՑ-ի պետականացման, նախկինում բնակիչների վրա հոսանքի մեծ գումարներ գրելու մասին, անդրադառնում էր՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին ԱՄՆ-ում պատկանող առանձնատունը բռնագանձելուն ու վաճառքի հանելուն, քննադատում էր իր բառերով ասած «պատերազմի եռագլուխ կուսակցության» առաջնորդներին, սպառնում էր Գագիկ Ծառուկյանին՝ խոստանալով բռնագանձել նրա գույքը։ Բնակիչների հետ շփման ժամանակ գրեթե չուներ, օրինակ՝ Արթիկում իրեն անձնական հարցով մոտեցող քաղաքացուն չլսեց՝ ասելով, որ ժամանակ չկա։
Փանիկում նա ներկայացրեց մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում սպասվելիք զորահանդեսը։
Նա ասաց, որ Էրեբունի վարչական շրջանում մի քաղաքացի իրեն է մոտեցել ու ասել՝ «Գիտենք՝ ինչ եք անելու, հեսա մուլյաժները բերելու եք, արագ անցկացնենք կամերայի տակով իբր զենք է, շատ ազդեց իմ վրա էդ քաղաքացու ասածը։ Մտածեցի՝ եթե մի հոգի ըտենց մտածում է, ուրեմն 2 հոգի էլ կարա մտածի, 3 հոգի էլ կարա մտածի, 4 հոգի էլ։ Ընդդիմություն էլ կա լրացուցիչ․․․
Դրա համար ասի, մի րոպե, էսպես չի լինելու։Եկա, մի օր մտածեցի, հետո հանձնարարական տվեցի, ասի՝ ինչ սպառազինություն, ինչ-որ կարող է կամերաների առաջ անցնի, էդ օրը՝ մայիսի 28-ին մինչև ժամը 12․00-ն մնալու է՝ Տիգրան Մեծ փողոցում, որ ով ուզենա գա, նայի։ Իհարկե, երկու կողմից ցանկապատեր ենք դնելու, ասում եմ՝ երեխեքը հանկարծ չբարձրանան, անզգույշ մի կնոպկա սեղմեն, պատահական կրակեն, խայտառակ լինենք։ Հաջորդ օրը չենք պահելու, որովհետև աշխատանքային է, Երևանում խցանումներ կլինեն։
Կարդացեք նաև
Էնպես որ եկեք, տեսեք և հպարտացեք ձեր նոր բանակով։ Իմիջայլոց, միայն սպառազինությունը չէ, ամբողջությամբ նոր հագուստ է լինելու, ներառյալ տոնական հագուստը պատվո պահակախմբի և երգչախմբի։ Իսկ սպառազինության և տեխնիկայի մի մասը լինելու է օտարերկրյա արտադրության մի մասն է, Հայաստանի Հանրապետության արտադրության։
Ուրախ եմ ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունն սկսել է ռազմական տեխնիկա արտահանել, այսինքն՝ մրցունակ են դարձել նաև այդ շուկայում։ Նաև գիտեք ինչի՞ շնորհիվ, որ 2017 թվականից մինչև 2025 թիվը մենք 2,7 անգամ մոտավորապես գիտության ֆինանսավորումն ավելացրել ենք։ Գիտնականները աշխատավարձը մինչև 300 տոկոս ավելացրել ենք, մենք Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրում 170 միլիարդ դրամի ներդրում ենք արել պետական բյուջեի միջոցներից թալանի հետ բերած փողերից։ Տասնյակ արտադրամասեր և գործարաններ են ստեղծվել, հարյուրավոր, հազարավոր աշխատատեղեր են ստեղծվել, 2018 թվականից մենք Հայաստանում 280 հազար աշխատատեղ ենք ստեղծել, իրական աշխատավարձը շուրջ 50 տոկոսով ավելացել է»։
Նա ամենուր հայտարարեց՝, որ վաղը Գյումրու Վարդանանց հրապարակում ամփոփիչ հավաք է լինելու, «Վարչաբենդն» է ելույթ ունենալու, ինքը նվագելու է, դրոն-շոու է լինելու, իսկ հավաքը ոչ մի րոպե շուտ ու ոչ մի րոպե ուշ չի լինելու նշված ժամից;
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































