Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «ԲՀԿ-ից կախված է ստատուս քվոյի փոփոխության հնարավորությունը»

Հոկտեմբեր 31,2012 11:48

 Հատված «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ հարցազրույցից:

 Նախագահական ընտրությունները քթի տակ են, բայց հիմնական քաղաքական ուժերը դեռ չեն հստակեցրել՝ «ումո՞վ եւ ինչպե՞ս» են մասնակցելու ընտրական գործընթացին։ Ինչո՞վ բացատրել քաղաքական դաշտում ստեղծված «ոչ կոնվենցիոնալ» այս իրավիճակը։

-Ստեղծված իրավիճակը, կարծում եմ, պայմանավորված է անորոշութամբ, որ կա քաղաքական ուժերի դիրքավորման եւ քաղաքական կեցվածքի առումով։ Խոսքս անշուշտ վերաբերում է նախեւառաջ «Բարգավաճ Հայաստանին»։
Թվում է, թե ԲՀԿ-ի կոալիցիային չիմանալու որոշումը որոշակիություն մտցրեց ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում, իշխանական դաշտում, բայց այստեղ էլ ակնհայտ անորոշություն կա, քանի որ նախկին ստատուս քվոն պահպանելու ցանկությունը, որ արտացոլվեց 2011թ. փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրում, այսօր էլ, ըստ էության, մնում է ուժի մեջ։ Այսինքն՝ ԲՀԿ-ի կեցվածքը անորոշություն է ստեղծում իշխանական դաշտում։
Է՛լ ավելի մեծ անորոշություն կա ընդդիմադիր դաշտում. պարզ չէ, թե ընդդիմադիր ինչ կոնֆիգուրացիա կարող է ձեւավորվել որեւէ թեկնածուի շուրջ, որովհետեւ քաղաքական կեցվածքի դիապազոնը շատ լայն է՝ չափավոր ընդդիմադիրից կամ «այլընտրանքայինից» մինչեւ արմատական ընդդիմադիր։
Ամենակարեւորը՝ ընդդիմադիր ընտրազանգվածը հստակ սահմանազատված չէ. ԲՀԿ-ի դիրքորոշումից է կախված, թե ինչպես կկողմնորոշվի բողոքավոր էլեկտորատը, ում հետ կկապի իր հույսերը։ Ստեղծված իրավիճակը որոշակի մտահոգության տեղիք է տալիս, նաեւ անհասկանալի է, այն տեսակետից, որ թեկնածուների առաջադրմանը գրեթե ժամանակ չի մնացել։
   –ԲՀԿի կեցվածքն առանցքային նշանակություն կունենա՞ր, եթե ընդդիմադիր ուժերն իրե՛նք իմանային՝ ինչ են ուզում, ջլատված չլինեին ներքին անորոշություններից, բացահայտ եւ թաքնված հակասություններից։ 
   -Քաղաքական ուժերի ներսում, իհարկե, խնդիրներ կան, եւ որեւէ մեկը կարծում եմ, չի կարող հակառակը պնդել։ Այնուամենայնիվ ԲՀԿ-ի դիրքորոշումն առանցքային է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտում անորոշությունները վերացնելու համար, եւ ասեմ՝ ինչու։
Առաջինը, ասացի՝ ընդդիմադիր ընտրազանգվածը հստակ սահմանազատված չէ, որովհետեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ փոփոխություններ պահանջող ընտրողների մի ստվար զանգված իր ձայնը տվեց ոչ թե ընդդիմադիր ուժերին, այլ ԲՀԿ-ին։
Երկրորդ՝ ԲՀԿ-ից կախված է շատ ավելի մեծ բան. դա ստատուս քվոյի փոփոխության հնարավորությունն է։ Միջանկյալ դիրքը, որ ԲՀԿ-ն զբաղեցրել է իշխանության եւ ընդդիմության միջեւ, ըստ էության, դեռեւս թույլ է տալիս պահպանել ստատուս քվոն։ ԲՀԿ-ի ցանկացած վերակողմնորոշում այս կամ այն բեւեռի օգտին կարող է խախտել ուժերի հավասարակշռությունը եւ ավելացնել այդ բեւեռի շանսերը։
Անշուշտ սրան գումարվում են նաեւ քաղաքական ուժերի ներքին անորոշությունները։ Ցավոք, քաղաքական ուժերի մեծամասնությունն այդպես էլ հետեւություններ չարեց խորհրդարանական ընտրություններից, գնահատական չտվեց նախկինում որդեգրած ընտրական ռազմավարությանը։ Իսկ երբ քաղաքական ուժը խուսափում է վերագնահատել իր անցած ճանապարհը, որքան էլ դա ցավալի լինի, թիմի ներսում սկսվում է «դրեյֆող կոնֆլիկտ», որը մաշեցնում է ներքին ռեսուրսները՝ հակասությունները չեն մարում, տարաձայնություններն անընդհատ զգալ են տալիս վերքը, եւ հանգուցալուծումը բավական ցավոտ է լինում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031