
Ազգագրագետը նշեց, որ նախկինում մեկնարկային տարին չի ունեցել իր խորհրդանիշ-կենդանին, հետեւաբար` չի խոսվել այն մասին, թե ինչ գույնի հագուստ պետք է կրել. «Ավանդաբար բոլորը ձգտել են պարզապես նոր հագուստ կրել, քանի որ Նոր տարին նորի խորհուրդ է պարունակել, ինչպես եւ հիմա: Բացի այդ, տնային տնտեսուհիները մաքրել են բնակարանները, ինչը այսօր էլ արվում է: Կարեւոր էր տոնը նշել մաքուր հոգով. եթե մարդիկ տարվա ընթացքում վիճել էին, տոնին հաշտվում էին: Այսօր չենք ձգտում պահել հոգու մաքրությունը, որը նախկինում արտահայտվել է մինչ Սուրբ Ծնունդը պաս պահելով»:
Կարդացեք նաև
Խոսելով ամանորյա կերակրատեսակներից` Կարինե Բազեյանն ասաց, որ խոզի բդի «ավանդույթը» ներմուծված է դրսից. «Ավելին, հայերն իրենց կենցաղում գրեթե չեն օգտագործել խոզի միս: Փոխարենը օգտագործել են գառան միս: Տոնական սեղանին դրվել է տոլմա, ավելուկով աղցան, պասուց տոլմա, քուֆթա, չրով կոմպոտ եւ այլն»:
Նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը նշեց, որ տոնի նախաշեմին հայ կանայք ոչ միայն հետեւողականորեն պատրաստում են սեղանները, այլեւ` ուշադրություն դարձնում արտաքին տեսքին, որոշում` ինչ կրել Ամանորի գիշերը` տարվա խորհրդանիշ կենդանուն «չնեղացնելու» համար: Քաբաբյանի խոսքով. «Ջրային օձի տարում նորաձեւ են ծովային գույները` կանաչը, կապույտը եւ դրանց երանգները: Ակտուալ են նաեւ մետաղական փայլ ունեցող գույները, այնպես որ` սեպտեմբերի մեկին ոչինչ չխնայելու եւ փայլուն տեսք ունենալու փոխարեն փայլեք ամանորի գիշերը. դա միակ տոնն է, երբ պետք է փայլես` առանց խնայելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



















































