Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի բնակիչները դժգոհում են սառած մայթերից

Հունվար 16,2013 16:36

Կապանում արդեն մի քանի օր է՝ ձյան տեղումները դադարել են, բայց քաղաքի մի շարք թաղամասերում մայթերն ու որոշ ճանապարհահատվածներ շարունակում են սառած մնալ ու դժվարանցանելի:

Վերջին օրերին Կապանի բնակիչներից շարունակ դժգոհություններ ու ահազանգեր ենք ստանում խնդրի վերաբերյալ: Սառցապատ մայթեր կան ինչպես կենտրոնական փողոցներում, այնպես էլ` ծայրամասային: «Երեխեքս ամեն առավոտ մինչեւ դպրոց են հասնում, տանը նստած սիրտս ճաքում ա: Ճանապարհը ավազով, աղով մշակված ա ու չոր ա որոշ չափով, բայց չես կարա թողնես, որ ճանապարհով գնան` մեքենաներ են գնում-գալիս, վտանգավոր ա, մայթն էլ սառցակալած ա, մի գրամ աղ կամ ավազ չկա շաղ տված, թե ո՞նց պիտի մարդիկ էդ սառույցով քայլեն`չգիտեմ: Սպասում են, որ ոտք ու ձեռք ջարդեն, նոր  բերեն աղ ու ավազով մշակեն էդ մի քանի մետր հատվածը», – ասաց Կապանի հիվանդանոցից վերեւ բնակվող Մելիք Ստեփանյան փողոցի բնակիչներից մեկը:

Դժգոհության մասին տեղյակ պահեցինք Կապանի կոմունալ ծառայության տնօրենին, որից հետո րոպեներ անց աղով բարձված մեքենան եւ համապատասխան տեխնիկան արդեն նշված հատվածում էր եւ անցել էր աշխատանքի:

Կոմունալ ծառայության պետ Ռոբերտ Կոստանդյանը մեր զրույցում նշեց, որ իրենք անպատասխան չեն թողնում ոչ մի ահազանգ: Իսկ ահազանգեր այս օրերին կոմունալ ծառայությունը տարբեր թաղամասերի բնակիչներից է ստանում եւ աշխատակիցներին ուղարկում այդ հասցեներով: «Մեր աշխատակիցները առավոտյան աղ ու ավազով բարձած մեքենայով քաղաքի մանկապարտեզների ուղղությամբ են շարժվել, այդ հատվածները մշակել, Շահումյան, Հալիձոր, Ձորք թաղամասերում են աշխատանքներ տարել, ահազանգեր ստացած մի շարք թաղամասերի մայթերն էլ են մշակել: Ձմեռվա համար բավարար պաշար ունենք, պահեստավորել ենք 25 տոննա աղ եւ 100 խմ ավազ, որից դեռ 40 տոկոսն ենք օգտագործել, իսկ մյուս 60 տոկոսը դեռ պահեստում է», – նշեց Ռոբերտ Կոստանդյանը եւ հավելեց, որ դա կբավականացնի ամբողջ ձմեռվա համար:

Նշենք, որ սառած մայթեր կան ոչ միայն քաղաքի ծայրամասային փողոցներում, այլեւ` կենտրոնական հատվածներում:

Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքից ինչպես ճշտեցինք, այս տարվա ընթացքում սառած մայթերի պատճառով կոտրվածքների եւ տարբեր վնասվածքների դեպքեր իրենց մոտ դեռ չեն գրանցվել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031