Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ մեծ օրակարգ ու քառօրյա նիստերի օրակարգ:
Որոշման նախագիծն ընդունվեց կոնսենսուսի արդյունքում: Նախագծի համահեղինակ, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ նախագծում որոշ փոփոխություններ են կատարվել, մասնավորապես քաղաքական գնահատականներն են հեռացվել: Ըստ Ջհանգիրյանի՝ հանձնաժողովը ձևավորվելու է Էթիկայի հանձնաժողովի ձևավորման սկզբունքներով, ունենալու է յոթ անդամ. ՀՀԿ-ն` երկու անդամ, խորհրդարանում իրենց ընդդիմություն հայտարարած խմբակցությունները միասին` երեք, իսկ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը՝ մեկական անդամ: Այսինքն կոալիցիան ունենում է 3 անդամ:
Հանձնաժողովում ընդգրկվելու ցանկություն հայտնեց նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ինչի մասին Դավիթ Հարությունյանն ասաց, որ Հանրապետական խմբակցությունում այդ հարցը կքննարկվի, և հետո միայն այդ մասին որոշում կընդունվի:
Հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հիմնական զեկուցող, նախագծի հեղինակներից Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունքներ է ակնկալում հանձնաժողովի գործունեությունից: Ջհանգիրյանն ի պատասխան ասաց, որ հանձնաժողովի գործունեության դրական արդյունքների հարցում լավատես է ու հավելեց. «Ակնկալում եմ, որ այս հանձնաժողովի գործունեության արդյունքում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կարող ենք տեղից շարժել առնվազն տասը սպանություններից հինգ-վեցի նախաքննությունը: Ըստ էության, այդ վարույթները կարճված չեն, իբր կասեցված են, բայց, վստահ եմ, ոչ որեւէ քննչական գործողություն է կատարվում, ոչ էլ օպերատիվ հետախուզական աշխատանքներ: Գուցե, քննչական խումբը շաբաթը մեկ մի հարցում անում է, մի թուղթ լրացնում է ձեւական ու դնում է պապկայի մեջ, բայց, քանի որ ես, վստահեք, որ որոշակի տեղեկատվություն էլ ունեմ, որեւէ մեկն այդ ուղղությամբ որեւէ գործ չի անում»:
Ջհանգիրյանը նաեւ համեմատություն արեց Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի հետ՝ ասելով. «Եթե քաղաքական խնդիր է դրվում արագ բացահայտելու, նույնիսկ էդ նարկոմանների կողմից կատարված այդ սպանության փորձը ես համարում եմ, որ օպերատիվ-արագ բացահայտել են»:
«Մարտի 1»-ի գործի դեպքում Ջհանգիրյանը չի հավատում, որ պատկան աշխատակիցները «մասնագիտորեն այնքան ոչ հասու են, որ չեն կարողանում բացահայտել»:
Ջհանգիրյանը նաեւ նկատեց, որ եթե ինքը գործադիր լծակներ ունենար, նման հանձնաժողով չէր նախաձեռնի, բայց, քանի որ ՀԱԿ-ում դա չունեն, ուստի մնում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողվի ստեղծումով գործը տեղից շարժել: Ինչը, ի դեպ, Ջհանգիրյանի համոզմամբ կախված է լինելու նաեւ հանձնաժողովի մյուս անդամների ջանասիրությունից, օբյեկտիվությունից, մասնագիտական բարեխղճությունից եւ այլն. «Հեքիաթ կլինի, որ մի հոգի կարողանա…Հանձնաժողովի ներքին մթնոլորտը պետք է մեզ աշխատելու հնարավորություն տրամադրի: Եթե մենք այնտեղ պետք է զբաղվենք մեկս մյուսին բոյկոտ անելով՝ մենք ոչ մի բան էլ չենք կարող»:
Որոշվեց նաեւ, որ հանձնաժողովի նիստերը փակ են լինելու, բացառությամբ այն նիստերի, որոնց բաց լինելու մասին կորոշի նույն հանձնաժողովը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ