«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Ընտրություններից առաջ բազմիցս հայտարարել եմ, որ Փաշինյանի պրոեվրոպական օրակարգի իրական նպատակը ընտրողներին մանիպուլացնելն է, արևմտամետ քաղաքական ուժերի ընտրազանգվածի ձայները սեփական օգտին կենտրոնացնելը և այդ ճանապարհով վերընտրվելը։ Սակայն այդ ընթացքում Փաշինյանը նաև հասցրեց լրջորեն վատթարացնել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ։
Իսկ հիմա, երբ նա արդեն վերընտրվել է, իշխանության օրակարգը կտրուկ փոխվել է։ Այժմ փորձում են մարդկանց բացատրել, որ առաջիկա տարիների ընթացքում Հայաստանը չի կարող դառնալ Եվրամիության անդամ։ Ընդ որում՝ ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ցանկանում, այլ որովհետև Եվրամիությունը պատրաստ չէ մեզ ընդունել։ Միաժամանակ փորձ է արվում վերականգնել Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ վատթարացած հարաբերությունները։
Փաշինյանն արդեն հայտարարել է, որ դեկտեմբերին այցելելու է Ռուսաստան, որտեղ, իմ համոզմամբ, փորձելու է համոզել ռուսական կողմին չհեռացնել Հայաստանին ԵԱՏՄ-ից, ինչն էլ, իր հերթին, կարող է տասնամյակներով հետաձգել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Կարդացեք նաև
Երբ փորձում ենք բացահայտել իշխանության իրական մտադրությունները, մանիպուլյացիաներն ու կեղծ օրակարգերը, իշխանական քարոզչամեքենան սկսում է թիրախավորել մեզ՝ ներկայացնելով որպես Հայաստանի եվրոպական ապագայի, ԵՄ անդամակցության և զարգացման հակառակորդներ։
Սակայն որոշ ժամանակ անց նույն իշխանության ներկայացուցիչներն իրենք են սկսում բարձրաձայնել այն խնդիրները, որոնց մասին մենք վաղուց զգուշացրել էինք։ Միայն թե այդ ընթացքում նրանք արդեն հասցրած են լինում մոլորեցնել ընտրողներին, ստանալ նրանց ձայները, վերընտրվել և ամրապնդել սեփական իշխանությունը։
Իսկ որպեսզի մեր քաղաքացիները, որոնք բազմիցս մոլորության մեջ են ընկել նման իրավիճակներում, հերթական անգամ չդառնան քաղաքական մանիպուլյացիաների զոհ, պետք է ավելի ուշադիր լինեն մեր վերլուծություններին, գնահատականներին ու կանխատեսումներին՝ չտրվելով մեզ թիրախավորող իշխանական քարոզչության ազդեցությանը։
Երբ մենք նախապես զգուշացնում ենք որևէ վտանգի մասին, դա անում ենք ոչ թե պարզապես քննադատելու, այլ հնարավոր բացասական զարգացումները կանխելու համար։ Այդ պահին դեռ կա ժամանակ և հնարավորություն՝ փոխելու իրադարձությունների ընթացքը, ուղղելու սխալներն ու խուսափելու դրանց հետևանքներից։
Սակայն երբ իշխանություններն այլևս չեն կարողանում շարունակել մանիպուլյացիան և ստիպված են լինում ընդունել իրականությունը, կամ ճշմարտությունը բացահայտվում է անկախ նրանց կամքից, հաճախ արդեն ուշ է լինում։ Այդ փուլում սխալներն ուղղելը շատ ավելի մեծ ջանքեր է պահանջում, իսկ երբեմն էլ ընդհանրապես անհնար է դառնում։



















































