Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Կարինը՝ հոր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին. «Իմ հայրը չէ, պատկանում է ձեզ»

Ապրիլ 05,2013 19:28

Նա կարդաց Գասպար պապի նամակը եւ հուզեց Րաֆֆի Հովհաննիսյանին եւ հանրահավաքի մասնակիցներին


Քիչ առաջ ելույթ ունեցավ Կարինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին: Նա հայտարարեց. «Կպատմեմ մի մարդու մասին, ով գալիս է շատ հեռուներից, ով ծնվել է մի աշխարհ հեռու, սնվել է պատմություններով ջարդի, ում մեջ հասունացել եւ արթնացել է մի մեծ սեր եւ հավատք»,- ասաց նա՝ խնդրելով իր խոսքերը չընդունել որպես զավակ, որը գովաբանում է իր հորը:

Նրա խոսքերով՝ «Այս մարդն իմ հայրը չէ: Փետրվարի 18-ից այս մարդը պատկանում է ձեզ, պատկանում է պատմության: Իմ հայրը կերպար դարձած, ազգային հեքիաթի կար ու չկար, ով 25 տարի առաջ վերադարձել է հայրենիք, ով 25 տարի ապրել եւ քայլել է ձեր մեջ եւ ով իր վրա վերցրել է եւ զգացել է ձեր խայտառակ ցավը եւ սերը: Այս մարդը, ում շատ հաճախ ծաղրել են իր սիրո համար, ես էլ եմ ծաղրել, բայց նա սիրել է: Այս մարդը, ում հաճախ հեգնել են իր ժպիտի համար, ես էլ եմ հեգնել, բայց նա ժպտացել է: Միգուցե ի վերջո շատերը չհասկացան, թե ով է այս մարդը, ինչ է ուզում եւ ինչի է եկել: Ես էլ շատ հաճախ չեմ հասկացել, բայց ես գտել եմ մի նամակ, որը տարիներ առաջ եմ նկատել իր գրասեղանին, բայց վերջերս էր, որ համարձակվեցի բացել եւ ընթերցել»:

Ասաց նա եւ ընթերցեց նամակը. «Մայիսի 26, 1970 թվական: Սա Գասպար Հովհաննիսյանի վերջին նամակն է իր թոռանը՝ 10 տարեկան Րաֆֆիին: Իզուր չէ, որ քեզ Րաֆֆի անունը դրվեցավ: Կհուսանք, որ մի օր էլ Մասիս գագաթին հայկական դրոշակը կպարզա: Րաֆֆին մեծ վիպագիր էր, իր գրվածքներով Րաֆֆին հայերին մղած է հեղափոխության թուրքերուն դեմ, որ ունենանք մեր պատմական հողերը: Այսօր ունենք փոքր Հայաստան մը, բայց դա ամբողջը չէ: Այսօր ձեր սերունդը պիտի տիրանա մեծ Հայաստանին, ուր պիտի հավաքվին բոլոր հայերը: Եվ ես, այս նամակը կարդալով՝ հասկացա այն, ինչ արդեն դուք գիտեք: Սա ոչ թե Գասպարի նամակն է Րաֆֆիին, սա ամեն մի պապի նամակն է՝ իր թոռան: Այս նամակը գալիս է պատմության խորքից: Այս նամակը տեսել է կայսրություն, ցեղասպանություն եւ այսօր տեսնում է Ազատության հրապարակ: Սա պայմանագիր է՝ կնքված բոլոր սերունդների միջեւ, որ ասում է՝ մենք չենք հանձնվելու: Չկասկածե՛ք, հա՛յ ժողովուրդ: Մենք պայմանավորված ենք պատմության հետ: Մենք ժամադրված ենք ճակատագրի հետ: Եվ այս նամակը, երբ ես բռնում եմ իմ ձեռքում, այս կերպարը նորից իմ հայրն է դառնում, եւ ես հասկանում եմ նրան: Հասկանում եմ, որ ունի նա պատասխանատվություն ոչ միայն ձեր առաջ, այլեւ իր պապերի առաջ, ովքեր կարող էին երազել այս ժամերի համար եւ այս հրապարակի: Ես ինձ լիազորված եմ ասել բոլոր կասկածողներին, որ այս մարդուն չեք կարող կոտրել, այս ժողովրդին չեք կարող կոտրել, այս երկիրը չեք կարող կոտրել եւ չեք կարող կոտրել այս երազանքը, որի անունն է Հայաստա՛ն»:

Կարինի ելույթից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հուզվեց եւ հազիվ զսպեց իր արցունքները: Հանրահավաքի մասնակիցներն անցան անձեռոցիկների եւ թաշկինակների՝ ասելով. «Կարի՛ն, բոլորիս լացացրիր»:

Հռիփիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. sergik says:

    Այսօրվա իշխանավորներից շատերի զավակները խայտառակում են իրենց ծնողներին, իսկ Րաֆֆու բախտը շատ է բերել…

  2. Anush says:

    Անգամ մեկնաբանության բառեր չկան… նույնիսկ կարիքը չկա….. Այնքան հավատում , վստահում ենք ամեն խոսքիդ…. Կարդացել եմ գիրքդ , տարածել, որ ուրիշներն էլ կարդան ու հասկանան, ով է հայրդ, ով է պապդ, նրա հայրը…. Ազգի ցավով ապրող, ազգի համար ապրող Րաֆֆին, որի կողքին արդեն կանգնած ես դու՜ հաջորդ սերունդը. Փառք ու պատիվ ձեզ, !!!!

  3. Լիլիթ says:

    Գրիչդ ու խոսքդ զորեղ է,Կարին….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930