Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ավստրիայում

Ապրիլ 30,2013 20:07

Ապրիլի 26-28-ը Վիեննայում և Գրացում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:

Ապրիլի 26-ին Վիեննայի Մխիթարյան Միաբանության Մխիթար սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Մխիթարյան միաբանությունից Հայր Պողոս Կոճանյանը եւ Հարություն Տանիլը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող ներկաների հարցերին պատասխանեց Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:

Ապրիլի 27-ին Վիեննայում տեղակայված ուղղափառ ասորական համայնքի Մշակութային միության դահլիճում առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունում քրիստոնյա հպատակների՝ հայերի, հույների և ասորիների կոտորածների մասին ելույթով հանդես եկավ Բեռլինի Ազատ համալսարանի Ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման աշխատանքային խմբի ղեկավար դոկտոր Թեսսա Հոֆմանը: Վերջինս ներկայացրեց քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության հանգամանքները, անդրադարձավ Գերմանիայի Բունդեսթագի կողմից 2005 թ. հունիսի 16-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին, որի շրջանակներում անդրադարձ կա նաև ասորիների և Պոնտոսի հույների կոտորածներին: Հոֆմանը ներկայացրեց նաև Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Բեռլինում նախագծվող Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ գնացած հայերին, հույներին և ասորա-արամեացի-քաղդեացիներին նվիրված հուշահամալիրի կառուցման ծրագիրը, որի համար արդեն իսկ որոշակի գումար է հատկացվել Բեռլինի քաղաքային և Բրանդենբուրգի երկրամասային իշխանությունների կողմից: Միջոցառմանը ներկա էր ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը:

Ապրիլի 27-ի երեկոյան Ավստրիայի հանրային ORF 3 հեռուստաալիքը ցուցադրեց գերմանացի վավերագրող Էրիխ Ֆրիդլերի 2010 թվականին նկարահանած Հայոց ցեղասպանությանը նվիրված ԱՂԵՏ-ցեղասպանություն փաստավավերագրական ֆիլմը:

Ապրիլի 28-ին Գրաց քաղաքի հայ եկեղեցական համայնքը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հոգեհանգստյան պաշտոն մատուցեց Գրացի Կալվարիենբերգ եկեղեցում, որին հաջորդեց մոմերով երթը դեպի Դոմինիկյան եկեղեցու սրահ, ուր տեղի ունեցավ զոհերի հիշատակին նվիրված հիշատակի միջոցառում: Միջոցառմանը ներկա Գրացի հասարակայնության ներկայացուցիչների առջև ցուցադրվեց Էրիխ Ֆրիդլերի Հայոց ցեղասպանությանը նվիրված «ԱՂԵՏ-ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմը, որին հաջորդեց համերգային մասը՝ Գրացում հիմնադրված Բխիյան լարային քառյակի կատարմամբ:

ՀՀ արտաքին գործոց   նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930