Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԳԱԼԱ-ի վարորդը դատի է տվել ոստիկաններին

Մայիս 18,2013 20:49

Այսօր Շիրակի մարզի վարչական դատարանում սկսվեց  ԳԱԼԱ հեռուստաընկերության լրատվական բաժնի վարորդ Արմեն Պետրոսյանի`  ճանապարհային ոստիկանության դեմ ներկայացրած հայցի նախնական  լսումը:

ԳԱԼԱ-ի  վարորդի շահերը դատարանում ներկայացնում էր Մատաղիսի գործով նախին ամբաստանյալ Արայիկ Զալյանը, ով աշխատում է Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրսաենյակում: Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դատին չէր ներկայացել:

Հայցվոր կողմը  դատարանից պահանջեց  ճանաչել  վարորդի  ազատ տեղաշարժման   իրավունքը, ոչ իրավաչափ համարել ՃՈ աշխատակիցների գործողությունները, անվավեր  ճանաչել վարչական ակտը, որով վարորդին 5000 դրամ տուգանքի են ենթարկել: Արայիկ Զալյանը միջնորդեց նաեւ դատարան որպես վկա հրավիրել  ԳԱԼԱ հեռուստաընկերության մի քանի լրագրողների`Հերմինե Մկրտչյանին, Քրիստինե Մկրտչյանին, Արմենուհի Վարդանյանին, օպերատոր  Տիգրան Գասաբյանին, ովքեր անձամբ ականատեսն են եղել ոստիկանության գործողություններին:

Ոստիկանության շահերը պաշտպանում էր իրավաբանական բաժնի ներկայացուցիչ Հայկ Վարդանյանը: Վերջինս իր հերթին  միջնորդեց որպես վկա ընդգրկել ԳԱԼԱ-ի վարորդին,  ինչպես նաեւ ՃՈ-ի այն ծառայակիցներին,  ովքեր գտնվել են դեպքի վայրում:

ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրող Հերմինե Մկրտչյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց հետեւյալը. «Մարտի 27-ին տուգանել էին մեր վարորդին, իբրեւ թե նա  մի քանի օր առաջ Սայաթ-Նովա փողոցում խախտում է թույլ տվել, եւ որը տեսել են ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցները`  երկու ոստիկաններ, ովքեր այդ պահին հերթապահություն են արել Սայաթ-Նովա փողոցում: Նրանք տեղյակ են պահել Գյումրու ոստիկանապետ Մարտիրոսյանին,  ով միջնորդել է  ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի ակտ կազմեն ճանապարհային  երթեւեկության խախտման`հոծ գիծ հատելու  վերաբերյալ: Սակայն ասեմ, որ մեր նկարահանող խումբը այդ օրը, այդ ժամին  բոլորովին այլ վայրում է  գտնվել, Սայաթ -Նովա փողոցում չի եղել, մենք նույնիսկ տեղյակ էլ չենք ինչ խախտման մասին է խոսքը: Բացի այդ, եթե անգամ  վարորդը խախտում է  թույլ տվել, գոյություն ունի պատշաճ ծանուցում, իսկ մեր վարորդը պաշտաճ չի ծանուցվել, ճանապարհային ոստիկանները այցելել են  վարորդի բնակարան ու փորձել են բռնի ուժով… Իրենց խոսքում վրիպումներ են թույլ տվել. երբ մեր վարոդը հարցրել է, թե ինչու են իրեն  ճանապարհային ոստիկանություն  կանչում, ասել են` գուցե մարդու ես գցել ավտոյի տակ: Երբ այդ պահին աշխատանքի բերումով մեր նկարահանող խումբը զանգահարեց վարորդին,  տեղեկացանք, թե ինչ է տեղի ունեցել: «Նանե հոթելի» մոտ ականատես,  որ մեր վարորդին բռնի ուժով նստեցնում էին ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան, էնտեղ շատ մարդիկ էին հավաքվել, բոլորն էլ ականատես են եղել ՃՈ գործողություններին, որ իբրեւ թե մեր վարորդին չի հաջողվում  տեղափոխել, իրենք լրացուցիչ ուժեր են կանչել ճանապարհային ոստիկանությունից ու Գյումրու ոստիկանությունից`օգնության»:

Հերմինե  Մկրտչյանի ասելով, իրենք  փաստեր են պահանջել ոստիկանությունից իրենց  վարորդի խախտման վերաբերյալ, սակայն ոստիկանությունից տեղեկացրել են,  որ իրենք հենվում են  ոստիկանների բանավոր խոսքերի վրա: «Բանավոր խոսքը  ի՞նչ փաստ է, էն օրը իմ աչքի առջեւ, տեսան նաեւ ոստիկանները,  թե ինչպես Շիրակի մարզի գյուղապետերից մեկը հոծ գիծ հատեց Շիրակի մարզպետարանի դիմաց,  եւ ես հետեւողական եմ լինելու` տեսնեմ  նույն քաղաքի ոստիկանները արձանագրե՞լ են այս փաստը:Տեսնենք ակտ կազմելո՞ւ են գյուղապետի նկատմամբ», -ասում է Հերմիեն Մկրտչյանը:

Նրա  համոզմամբ, այս կերպ փորձել են լռեցնել ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակիցներին, քանի որ այս դեպքից մի քանի օր առաջ, հեռուստաընկերությունը, լուսաբանել էր «Ժառանգության» կազմակերպած  ստորագրահավաքը, միջամտել էր Շիրակի մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին վերադարձնել ակցիայի մասնակիցներից մեկի հեռախոսը, որը ձեռքից խլել էր ոստիկաններից մեկը: Մասնակիցը հեռախոսով  ֆիքսել էր, թե ինչպես են ոստիկանները փորձել հեռացնել «Ժառանգության» խփած  վրանը, խափանել ստորագրահավաքը: «ԳԱԼԱ-ն շատ է լուսաբանել ոստիկանների անօրինականությունները, նաեւ սրանով է պայմանավորված», ասում է  Հերմիեն Մկրտչյանը:

Ըստ նրա, երբ ինքը փորձել է ՃՈ ավագ տեսուչ, դասակի հրամատար Սարգսյանից պարզել, թե իրենց վարորդը ի՞նչ խախտում է  թույլ տվել, այս անձը բացարձակ տեղյակ չի եղել, իր հերթին զանգահարել է Գյումրու ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանին`  ճշտելու, թե խոսքը ի՞նչ խախտման մասին է: Նրանց խոսքերը, ըստ մեր զրուցակցի, չեն համընկել, մեկ ասել են, թե հրապարակում են խախտում թույլ տվել, մյուս անգամ Սայաթ-Նովա փողոցում:

Ի դեպ, ԳԱԼԱ-ի շահերը պաշտպանող Արայիկ Զալյանը  եւս, ծանոթանալով, ոստիկանության ներկայացրած արձանագրություններին,  դատարանում հայտարարեց, որ  իր համար անհասկանալի  է, թե վարչական ի՞նչ իրավախախտման համար է վարորդը ենթարկվել տուգանքի: Նա միջնորդեց դատարան հրավիրել  նաեւ արձանագրության հեղինակներին,  որին չառարկեց ոստիկանության ներկայացուցիչը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հիացմունքով եմ կարդում՝ Գյումրիում տեղի ունեցող ցանկացած միջոցառումը, նույնիսկ այս դեպքը,
    երբ իսկակսն քաղաքացին իր արժանապատվությունն է պաշտպանում,՝ այս նեխած, փթած, վարչակազմի ոտնձգություններից: Կեցցես՝ իմ լավ, հարազատ բարեկամ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031