Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Գալուստ Գրիգորիչի հերթական շուլուխներից է»

Մայիս 29,2013 20:46

Aravot.am-ը ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախկին անդամ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ այն, որ Ռուբեն Հակոբյանը մտադիր է դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ Գալուստ Սահակյանի կողմից Զարուհի Փոստանջյանին վիրավորելու համար: Դա ինչքանո՞վ է հիմնավոր հարց՝ էթիկայի հանձնաժողով դիմելու համար: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ Սահմանադրությունն ասում է՝ պատգամավորն իրավունք ունի արտահայտել կարծիք՝ ԱԺ նիստում, եւ նրա կարծիքը որեւէ ձեւով չի կարող դատապարտվել, բացառությամբ, եթե այն զրպարտություն, վիրավորանք կամ այլ հանցագործություն չի համարվում. «Եթե մենք խոսում ենք հանցագործության մասին, ապա այս դեպքում խոսքը գնում է հնարավոր հանցագործության իրավական հետաքննության մասին, որն արդեն էթիկայի հանձնաժողովից դուրս հարց է: Այդ տեսակետից մենք խնդիր ունենք: Արտահայտչամիջոցները, ձեւերը, բառերը իսկապես էթիկայի հանձնաժողովի հարց կարող են դառնալ, մի վերապահումով, որ էթիկայի հանձնաժողովը եթե հայտնաբերի հանցագործության տարրեր, իրավունք չունի դա քննության առարկա դարձնել: Եթե դա վարչական զանցանք է նախատեսվում եւ ըստ էության դատական համակարգով է իրականացվում, դա նույնպես էթիկայի  հանձնաժողովի իրավասություններից դուրս է դառնում: Բայց ընդհանուր, որպես քննարկման հարց, կարող է լսվել էթիկայի հանձնաժողովում՝ զուտ միայն միասնական ստանդարտներ ձեւավորելու տեսակետից, ոչ թե դատապարտման կամ պատասխանատվության ենթարկելու»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 1-in.am-ին ասել էր, որ էթիկայի հանձնաժողով դիմում են էթիկայից թույլ մարդիկ: Հարցին՝ համաձա՞յն եք այդ դիտարկման հետ՝ Արծվիկ Մինասյանը ծիծաղեց. «Իհարկե՝ ոչ: Գալուստ Գրիգորիչի  այդ արտահայտությունը հավանաբար նրա հերթական շուլուխներից է: Ո՞նց կարող է էդպես լինել: Էթիկայից թույլ մարդու դիմելը ո՞րն է: Ցանկացած պատգամավոր, ցանկացած քաղաքացի կարող է դիմել էթիկայի հանձնաժողով, եթե տեսնում է, կամ իր գնահատմամբ պատկերացնում է պատգամավորի կեցվածքը»:

Խոսելով անցած քառօրյայի ընթացքում փոխադարձ վիրավորանքների մասին՝ Արծվիկ Մինասյան ասաց, որ դա պառլամենտական առօրյա է. «Չի կարելի է ամեն ինչ մի տեսակ կանխատեսելի դարձնել, որովհետեւ պատգամավորն էլ ի վերջո մարդ է, նյարդեր ունի, նյարդային համակարգ ունի: Իհարկե, ասում ենք, որ հնարավորինս փորձենք լինել կոռեկտ լինենք, բայց չի բացառվում հակառակն էլ: Միջավայրը ինքը չպետք է թույլ տա, որ մարդ դառնա այդպիսին, նյարդային համակարգից դուրս գա ու սկսի հայհոյանքների տարափ տեղալ: Բայց եթե համեմատենք այլ երկրների պառլամենտների հետ, մեր պառլամենտը փառք է, հատկապես վերջին այդ վիրավորանքները ես չեմ համարում, որ դա լուրջ թեմա էր»:

Ըստ Արծվիկ Մինասյանի, ՀՀԿ-ն պետք է ավելի ներողամիտ լինի. «Եթե անգամ փոքրամասնությունը նյարդային համակարգից դուրս գա, որոշակի կոպիտ  արտահայտություններ անի, չեմ ասում վիրավորի, դա չպետք է համարժեք պատասխան ստանա քաղաքական մեծամասնության կողմից, որովհետեւ խոսքը եւ ամբիոնը միայն քաղաքական փոքրամասնությանն է տրված, իսկ մնացած ամեն ինչ տրված է քաղաքական մեծամասնությանը: Այնպես չէ, որ ընդդիմության ամեն խոսքին մեծամասնությունը որոշի, որ պետք է պատասխան տա: Դա անհանդուրժողականություն է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կեցցես՝ Արծվիկ: Հարցին պատասխանեցիր երկիմաստ,՝ ճիշտ ՀՅԴ-ին բնոտոշ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031