Լրահոս
Ճանաչողությունը և ԱԲ-ն
Օրվա լրահոսը

«Մարզերում գործող համալսարանները, բուհերը, մասնաճյուղեր ունեցող գիտական կազմակերպությունները ստիպված են լինելու դադարեցնելու իրենց գործունեությունը»

Հոկտեմբեր 19,2026 12:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Պատգամավորները պարտվեցին Սահմանադրական դատարանում

Արդյո՞ք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 9-րդ մասն այնքանով, որքանով նախատեսում է, որ հանրային գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում ընտրված անձի լիազորությունները իրավասու մարմնի որոշմամբ դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին, համապատասխանում է Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին՝ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված՝ խտրականության արգելքի սկզբունքի լույսի ներքո, արդյո՞ք օրենքի 44-րդ հոդվածի 13-րդ մասի առաջին նախադասությունն այնքանով, որքանով արգելում է Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս բուհական նոր ենթակառուցվածքների ստեղծումը, եթե դա պայմանավորված չէ ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ  բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկություններով, համապատասխանում է Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասով պետության ստանձնած պարտականությանը՝ խթանել մշակույթի, կրթության և գիտության զարգացումը, ինչպես նաև Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված կրթության իրավունքին: Այս և այլ հարակից հարցերի շուրջ էր քննությունը։

Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 13-ի դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 27-րդ հոդվածի 9-րդ մասի և 44-րդ հոդվածի 13-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, հրապարակեց որոշումը։ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը դիմել էին դատարան 2026 թ․ մարտի 25-ին, ներկայացուցիչն էր Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Պատասխանողը Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Մարի Ստեփանյանն էր։

Դիմող կողմը պնդում էր, որ օրենքը  «ոչ միայն կտրուկ  սահմանում է գիտության և կրթության զարգացման համար անհրաժեշտ կառուցակարգերի ընդլայնումն ու ազատ գործունեությունը, այլև ուղղակիորեն նման հնարավորությունը կախման մեջ է դնում հոգաբարձուների խորհրդի որոշման առկայությունից և դրա բովանդակությունից»: Ըստ դիմողի՝ հոգաբարձուների խորհրդի որոշման առկայության պահանջը, ըստ էության, ոչ թե օրենսդրական կարգավորում է, այլ հիմնարար իրավունքի անհամաչափ սահմանափակում, որը փաստացի զրկում է այդ կառույցներին գործելու հնարավորությունից: Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասն արդեն լրացնում է առկա անհամաչափ սահմանափակումը՝ արգելելով կրթության և գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների և միավորումների գործունեությունը բուհի և գիտական կազմակերպության տարածքներում: Ինչ վերաբերում է օրենքի 27-րդ հոդվածի 9-րդ մասին՝ դիմողը գտնում էր, որ 65 տարին չի համարվում անձի կողմից աշխատանքային պարտականությունների դադարեցման կամ նման պարտականությունների դադարման հիմք, սակայն գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնի պարագայում, փաստորեն, լիազորությունները դադարեցվում են բացառապես որոշակի տարիքի հասած լինելու փաստի ուժով, մինչդեռ նման կարգավորման սահմանադրականության համար անհրաժեշտ էր սահմանել ոչ միայն քանակական, այլև որակական հատկանիշներ կամ պայմաններ: Անդրադառնալով օրենքի 44-րդ հոդվածի 13-րդ մասի սահմանադրականության հարցին՝ դիմողն արձանագրում է, որ նման սահմանափակումը հակասում է Սահմանադրությամբ նախատեսված համաչափության սկզբունքին, խաթարում է համայնքների համաչափ զարգացումը և չի նպաստում կրթության ու գիտության զարգացմանը: Մասնավորապես, նման կարգավորման դեպքում մարզերում գործող համալսարանները, ինչպես նաև մարզերում մասնաճյուղեր ունեցող գիտական կազմակերպությունները և բուհերը ստիպված են լինելու կա՛մ դադարեցնելու իրենց գործունեությունը, կա՛մ այն կտրուկ սահմանափակելու՝ կախված լինելով «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումից։ Դիմողի համոզմամբ՝ Երևանից դուրս գործունեություն իրականացնող մարզային բուհերը և գիտական կազմակերպությունները, փաստորեն, հարկադրված են տեղափոխվել Ակադեմիական քաղաք, իսկ «վերջինիս կողմից ենթակառուցվածքների ստեղծումը ենթադրում է ոչ միայն նյութական, այլև իրավական խոչընդոտներ՝ պայմանավորված հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և դրա բովանդակությամբ»: Այսինքն, եթե Երևանի հետ անմիջական սահման ունեցող մարզերի պարագայում խնդիրը կարող է լուծվել համապատասխան ենթակառուցվածքների ապահովմամբ, ապա ոչ սահմանակից մարզերի դեպքում բոլոր համալսարանների կենտրոնացումը Երևանում և այլ բուհերի գործունեության արգելքը մարզերում, բացի համաչափ զարգացումը խոչընդոտելուց, հանգեցնելու են նաև կրթության իրավունքի պարտադիր մաս կազմող մատչելիության բաղադրատարրի բացառման, քանի որ ենթադրելու են ուսանողների պարտադիր տեղափոխություն Երևան կամ հարակից բնակավայրեր: Այսպիսով՝ դիմողը պնդում է, որ «կտրուկ սահմանափակելով կրթության, միավորումների ազատության, տնտեսական գործունեության սահմանադրական երաշխիքները, վիճարկվող դրույթը չի ապահովել նման սահմանափակման սահմանադրականության պարտադիր պայմանը՝ լեգիտիմ նպատակը և համաչափությունը՝ դրանից զատ հանգեցնելով պետության կողմից հիմնական քաղաքականության սկզբունքների խախտման, որի արդյունքում վտանգվում են թե´ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, թե´ պետության քաղաքականությունը՝ կրթության և գիտության զարգացման, ինչպես նաև համաչափ զարգացում ապահովելու հարցում»:

Ըստ Պատասխանողի՝ Սահմանադրությամբ երաշխավորված միավորման ազատությունը չի բացառում պետության կողմից դրա կազմակերպական և ընթացակարգային կարգավորումը հատկապես այնպիսի հատուկ իրավական ռեժիմ ունեցող միջավայրերում, ինչպիսիք են բուհերը և գիտական կազմակերպությունները, որոնք ունեն հանրային առաքելություն և գործառույթ՝ ապահովելու կրթության և գիտության զարգացումը: Այդ համատեքստում, պատասխանողի պնդմամբ, օրենսդիրն իրավաչափորեն կարող է սահմանել, որ տվյալ տարածքներում գործունեություն կարող են իրականացնել միայն այնպիսի միավորումներ, որոնք բովանդակային առումով համահունչ են կրթական և գիտական նպատակներին, իսկ դրանց գործունեության կոնկրետ ձևաչափը և կազմակերպումը ենթակա են ինստիտուցիոնալ հաստատման: Պատասխանողը նշում է, որ հոգաբարձուների խորհրդին նման լիազորության վերապահումը բխում է բուհերի ինքնավարության և ինքնակառավարման սահմանադրաիրավական սկզբունքից, քանի որ հենց այդ մարմինն է կոչված որոշելու՝ ինչ ձևով և ինչ ծավալով կարող են արտաքին կամ ներբուհական միավորումներն ինտեգրվել տվյալ հաստատության գործունեությանը՝ հաշվի առնելով նյութատեխնիկական հնարավորությունները, կրթական գործընթացի կազմակերպումը և հաստատության ռազմավարական նպատակները: Պատասխանողի պնդմամբ, վիճարկվող նորմը չի արգելում միավորումների ստեղծումը, որպես այդպիսին, այլ կարգավորում է միայն դրանց գործունեությունը բուհի տարածքում, ինչը նշանակում է, որ միավորման ազատության էությունը չի խաթարվում։

Պատասխանողը նշում է, որ տարիքով պայմանավորված՝ փոխվում են մարդու ֆիզիոլոգիական, հոգեբանական, մտավոր որակները, հետևաբար՝ տարիքային սահմանափակումներն ունեն ողջամիտ հիմնավորում, քանի որ տարիքին զուգընթաց, որպես կանոն, տեղի է ունենում աշխատունակության, գիտական գործունեության, նախաձեռնողականության որոշակի կորուստ, ինչը կարող է ազդել աշխատանքի որակի վրա: Գիտական կազմակերպության տնօրենի համար որպես սահմանային տարիք 65 տարեկանը նախատեսելն  արդարացված է՝ հաշվի առնելով նրա կողմից կատարվող աշխատանքի բնույթը և առանձնահատկությունները:

Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ բուհի և գիտական կազմակերպության ներքին հարաբերությունների ոլորտում օրենքը Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումներին համահունչ է, օրենքը երաշխավորել է ինչպես սովորողների՝ ուսանողների, այնպես էլ դրանց աշխատողների միավորման, ներկայացուցչության կամ մասնակցության իրավունքները՝ նախատեսելով տվյալ տեսակի իրավաբանական անձանց առանձնահատկություններին ու առաքելությանը հարիր կազմակերպական ձևեր, կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք չեն կարող խաթարել այդ իրավաբանական անձանց ներքին կազմակերպական միասնությունը, պատշաճ և որակյալ կառավարումը: Վերոնշյալ տրամաբանությունից բխում է, որ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման առարկա են հանդիսանում բուհի և գիտական կազմակերպության կազմակերպական կառուցվածքից դուրս հիմնադրված «կազմակերպությունների և միավորումների» հետ հարաբերությունները։

Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ օրենքի 27-րդ հոդվածի 9-րդ մասով ամրագրված սահմանափակող դրույթները նախատեսված են բացառապես հանրային գիտական կազմակերպությունների տնօրենների համար, և միաժամանակ, որ տարիքային շեմն անցնելու հիմքով պաշտոնում պաշտոնավարելու սահմանափակում նախատեսող դրույթները նախատեսված են նաև՝ hանրային բուհում ակադեմիական կամ վարչական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար պաշտոնների համար, ներառյալ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության ղեկավարի, ղեկավարի տեղակալների և դրա ակադեմիական կառուցվածքային միավորների ղեկավարների պաշտոնների համար (Օրենքի 23-րդ հոդվածի 17-րդ մաս) և հանրային բուհի ռեկտորի պաշտոնի համար (Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մաս)։

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ հոդվածի 9-րդ մասը, 44-րդ հոդվածի 13-րդ մասի առաջին նախադասությունը համապատասխանում էր Սահմանադրությանը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել