Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախախորհրդարանի» հայտարարությունը՝ Գորիսում տեղի ունեցած հանցագործության առնչությամբ

Հունիս 04,2013 17:54

2013 թ. հունիսի 1-ի երեկոյան Գորիս քաղաքում տեղի ունեցած հայտնի միջադեպի զոհերից մեկը Հայրենիքի պաշտպանության գործին իր կյանքով նվիրված հերթական հայորդին է` զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը:

Դեռ չի լրացել քրեական բարքերի վրա հիմնված համակարգին զոհ գնացած զինվորական բժիշկ, բուժծառայության մայոր, երկու մանկահասակ երխաների հայր Վահե Ավետյանի` առանձնակի դաժանությամբ կատարված սպանության դեպքի մեկ տարին: Այդ գործի հանգամանքները նախաքննության մարմնի և դատախազության գործակցությամբ կոծկվեցին, մեղավորների մի զգալի մասը չեն կանչվում քրեական պատասխանատվության, իսկ հանցագործության սխալ որակման և թերի քննության հետևանքով գործնականորեն անհնար է դարձել պատասխանատվության կանչվածների նկատմամբ արդարացի պատժի կիրառումը:

 

Ամիսներ առաջ հանցավոր համակարգին զոհ գնաց Պռոշյանի գյուղապետ, Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիր-անդամ, չորս փոքրահասակ երեխաների հայր Հրաչ Մուրադյանը: Նրա սպանությունը մինչ օրս չի բացահայտվել, իսկ սպանության մեջ կասկածվող անձի մեղավորությունը որևէ կերպ չի հաստատվում:

Արդեն ակնհայտ է, որ նույն ձեռագրով և գործելաոճով է ընթանում նաև ներկայումս կյանքի ու մահվան միջև գտնվող գնդապետ Արտակ Բուդաղյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու և նրա եղբորը` Ավետիք Բուդաղյանին, կյանքից զրկելու` ս.թ. հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքի քննությունը:

Որևէ տարբերություն չկա նաև Վահե Ավետյանի սպանության ու այս դեպքի առանցքային անձանց վարքի դրսևորումների, ինչպես նաև վարչախմբի կողմից նրանց ըստ ամենայնի հովանավորելու գործելակերպի միջև: Այս հանգամանքը, ինչպես նաև այդ անձանց դրսևորած բացառիկ ցինիզմին զուգադրվող կեղծ ու պատեհապաշտ մեղայական հայտարարությունները, որոնք վարչախմբի քարոզչամեքենան նրանց անունից հրամցնում է հանրությանը, մեկ անգամ ևս ապացուցում են, որ համակարգը ոչ միայն չի ուզում, այլև չի կարող փոխել իր բնույթն ու էությունը: Այն ամբողջությամբ հիմնված է քրեական բարքերի ու տարրերի վրա, ուստի նրա պարագայում փոփոխությունը հավասարազոր է ինքնաոչնչացման:

Ասվածն էլ ավելի հիմնավոր է այն առումով, որ ոչ պատերազմ ոչ խաղաղություն իրավիճակում գտնվող երկրում բնականոն կերպով առաջնային սոցիալական դեր ունեցող հրամանատարական ու սպայական կազմն անգամ պաշտպանված չէ կամայականությունից ու բռնությունից: Պետական կառավարման համակարգի միջուկը` քրեաօլիգարխիկ վարչախումբը, ամբողջությամբ վերածվել է ներքին թշնամու և արդեն առանց խտրության անպատժելի կերպով սպանում է նույնիսկ Զինված ուժերի հրամանատարական կազմի ներկայացուցիչներին:

Նախախորհրդարանը ցավակցում է հանցավոր համակարգին զոհ գնացած Ավետիք Բուդաղյանի հարազատներին ու մերձավորներին և շուտափույթ ապաքինում է մաղթում գնդապետ Արտակ Բուդաղյանին:

Միևնույն ժամանակ` Նախախորհրդարանը համոզմունք է հայտնում, որ մեր ժողովուրդը, այդ թվում` հայրենիքի ճակատագրով մտահոգ հրամանատարները, սպաները և ազատամարտիկներն այս դեպքերից հետո միանգամայն սթափ կերպով արդեն գիտակցում են, որ Հայաստանում հաստատվել է ապազգային ու հակամարդկային կառավարման համակարգ, ուստի այն անհրաժեշտ է օր առաջ խաղաղ, իրավական և ժողովրդավարական մեթոդների գործադրմամբ փոխարինել ազգային ու մարդասիրական համակարգով:

 Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Երկու հանցագործներին, որոնք արյունահեղությամբ զավթել են երկրորդ և երրորդ նախագահի
    աթոռը, պետք է հենց իրենց հանցագործ թիմակիցները հանձնեն արդարադատությանը, որպեսզի
    կիսով չափ մեղմացնեն իրենց մեղքը, քանի որ օր օրի մոտենում է նրանց վախճանը, հակառակ
    դեպքում կարող է տեղի ունենալ այն, որի մասին ասում են՝ աստված չանի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930