Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պաշտպանել է լրագրողի շահերը

Հունիս 13,2013 20:29

«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի եւ Իջեւանի հեռուստաընկերության, այդ ՀԸ  լրագրող Նաիրա Խաչիկյանի միջեւ դատական վեճը շարունակվում է շուրջ 2 տարի: Գործի  պատմությունը հետեւյալն է: 2011թ. հուլիսի 15-ին «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել լրագրող Նաիրա Խաչիկյանի եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի դեմ, հայտնելով, որ 2011թ. հունիսի 21-ին Հ2-ի «Լրաբեր» լրատվական ծրագրով, ինչպես նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվել է տեսանյութ, որի մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկություններ: Հայցվորը  դատարանին խնդրել է  Ն. Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիային» պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել եւ պատասխանողներից համապարտության կարգով որպես փոխհատուցում բռնագանձել 3 միլիոն դրամ: Հայցը վերաբերում է պետբյուջեի միջոցներով «Իջեւանի ճՇՇ»-ի կողմից  Իջեւանի մի քանի փողոցների նորոգման հանգամանքներին: 2012թ. ապրիլի 27-ին  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանը հայցը բավարարել է մասնակի եւ վճռել Ն. Խաչիկյանից հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել 50 հազար դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար եւ մնացած մասով հայցը մերժել: Դատարանը վճռել է Ն. Խաչիկյանից հօգուտ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել 20 հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար եւ 1500 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: 2012թ. հուլիսի 7-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռն ամբողջությամբ բեկանվել  է, գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում  գործի քննությունը սկսվել է 2012թ. սեպտեմբերի 26-ին:

2013թ. մարտի 22-ին  դատավոր Աշոտ Խաչիկյանը հրապարակելով  վճիռը՝ համարել է, որ գործի քննությամբ չի հիմնավորվել «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին վիրավորանք հասցնելու հանգամանքը: Այդ հիմքով դատարանը մերժել է «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ին եւ Ն. Խաչիկյանին ներողություն խնդրելուն եւ համապարտության կարգով 1 միլիոն դրամ փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու հայցվորի պահանջը:

Դատարանը որոշել  է, որ զրպարտության առկայության պարագայում 2 միլիոն դրամ փոխհատուցումը պարտավորեցնելու պահանջը պետք է մերժել ՝հիմք ընդունելով պատասխանողների  գույքային դրությունը: Դատարանը վճռել է «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի եւ Նաիրա Խաչիկյանի  (ներողություն խնդրելուն եւ փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին) մերժել: Դատարանը վճռել է «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից եւ Ն. Խաչիկյանից համապարտության կարգով հօգուտ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել  100 հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար եւ 40 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Ն.  Խաչիկյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել այս վճռի դեմ: Քաղաքացիական վերաքննիչ դատարանում  գործի քննությունը կայացել է հունիսի 12-ին,դատարանի որոշումը նախատեսված է հունիսի 26-ին: Վերաքննիչ  դատարանում Ն. Խաչիկյանի շահերը պաշտպանել  է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրավաբան Օլգա Սաֆարյանը: Վերջինս ասաց, որ վերաքննիչ բողոքն ուղղված էր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի այն կետի դեմ, որով «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից եւ Ն. Խաչիկյանից համապարտորեն  պետք է   բռնագանձվեն   փաստաբանի վարձատրության եւ պետական տուրքի գումարները: Օ. Սաֆարյանն ասաց, որ  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսվում է , որ  փաստաբանի վարձատրության գումարը եւ պետտուրքի վճարը  պատասխանող կողմից գանձվում են, երբ հայցը բավարարվում է, մինչդեռ այս  դեպքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի հայցը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930