Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արտուշ Ղուկասյան. «Նկատողության մասին ինձ մի հարցրեք, նախարարին հարցրեք»

Հունիս 21,2013 22:37

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՝ երեկ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում քննարկվել է Հանրային խորհրդի անդամ, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի նամակն՝ ուղղված Հանրային խորհրդին, որը վերաբերում էր ս.թ. մայիսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով իրեն տրված «խիստ նկատողություն» կարգապահական տույժին: Արտուշ Ղուկասյանը համաձայն չէ նախարարի հրամանի հետ, և իր անհամաձայնությունն ու բացատրությունները հայտնել է նաև ՀՀ վարչապետին, ԿԳ նախարարին և Քաղծառայության խորհրդի նախագահին: Հանրային խորհրդի անդամները քննարկել են գիտական աստիճանների շնորհման ոլորտում վերջին տարիների իրավիճակը, քննարկել են նախարարի հրամանի հիմքերը և գտել, որ խիստ նկատողությունը հիմնավորված չէ, ուստի որոշվել է ՀԽ անդամների դիրքորոշման վերաբերյալ կազմել համապատասխան փաստաթուղթ:

Այս կապակցությամբ «Առավոտը» կապվեց ԲՈՀ նախագահ Արտուշ Ղուկասյանի հետ՝ խնդրելով մանրամասնել, թե հատկապես ի՞նչն է համարում անհիմնավոր այդ նկատողության մեջ: Պարոն Ղուկասյանը հրաժարվեց պատասխանել այդ հարցին.«Ես խնդրում եմ այդ բոլոր հարցերը տվեք ԿԳ նախարարին: Անհարմար է, որ ինձ եք հարցնում: Ես նկատողության հետ համաձայն չեմ, այդ մասին ինձ այլեւս մի հարցրեք: Նախարարից հարցրեք»:

Մեր դիտարկմանը, որ օրերս «Առավոտում» հրապարակված էր բաց նամակ մի հայցորդի կողմից, որը պաշտպանել է թեկնածուական թեզը, սակայն վեց ամիսն արդեն անցել է, եւ ԲՈՀ-ն անընդհատ ձգձգում է հաստատումը, եւ նա ԲՈՀ-ից չի ստանում որեւէ պատասխան, պարոն Ղուկասյանն ասաց, որ  պատասխան եղել է. «Պատասխանել ենք, պատասխանել ենք: Իսկ այդ երիտասարդի մասին հարցին ես այսօր պատասխանել եմ «Այսօր» էլեկտրոնային կայքի միջոցով»: Արդյո՞ք այդ դեպքի հետ է կապված խիստ նկատողությունը՝ մեր այս հարցին պարոն Ղուկասյանը կրկին հրաժարվեց պատասխանել, ասելով, որ նկատողության մասին բոլոր հարցերը պետք է ուղղել միայն Արմեն Աշոտյանին:

Ի դեպ, «Այսօրին» պարոն Ղուկասյանը ասել էր հետեւյալը. « Դավիթ Ղարիբյանը 2010թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանն ու ընդունվել է նույն համալսարան` որպես ասպիրանտ: Ընդունվում է Հայ գրականության ամբիոն` «Հայ դասական գրականություն» մասնագիտությամբ: ԵՊՀ-ն ժամանակին հաստատել է նրա թեման, ժամանակին նշանակել է ղեկավար և Դավիթ Ղարիբյանը ԵՊՀ-ում պետք է իրականացներ իր ասպիրանտական գործունեությունը: Ասեմ, որ ԵՊՀ-ում ասպիրանտ դառնալով Դավիթը ստացել է բանակից տարկետման իրավունք: Հետո` 2011թ.-ին, երիտասարդն անակնկալ կերպով տեղափոխվել է Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան և ձևակերպվել է որպես հայցորդ: Ասեմ, որ մինչև այսօր չի եղել նման մի մասնագետ, ով մի տեղում լինի ասպիրանտ` ստանա բանակից տարկետում ու թոշակ, իսկ մյուս տեղում` լինի հայցորդ: Եվ հիմա, այս ձգձգումները, որոնք մատնանշում է երիտասարդը, կապված են հենց այս տարօրինակ իրավիճակի հետ: Փաստորեն՝ Երևանի պետական համալսարանի միջոցով նա մի քանի տարով ազատվել է բանակից, ստացել է թոշակ ու Բրյուսովի համալսարանում այդ ընթացքում դարձել է հայցորդ` արդեն «Սլավոնական լեզուներ» մասնագիտությամբ:

Ուշադիր եղեք` կառավարությունից ԵՊՀ-ում ասպիրանտական տեղը նրան տրված է «Հայ դասական գրականություն մասնագիտությամբ», իսկ Բրյուսովի անվան համալսրանում նրա մասնագիտացումը «Սլավոնական լեզուներից» է: 2012 թ.-ի փետրվարի մեկին ռուս և սլավոնական լեզուների ամբիոնում հաստատվել է Դավիթ Ղարիբյանի թեկնածուական ատենախոսության թեման: Էլի եմ հայցում ձեր ուշադրությունը` նույն` 2012թ.-ի դեկտեմբերին նա պաշտպանել է իր ատենախոսությունը, Բրյուսովի անվան համալսարանում գոծող սլավոնական լեզուների մասնագիտական խորհրդում, որն, ի դեպ, ավելի ուշ փակվեց:  Տարօրինակ է սա, թե` ոչ, սա այլ հարց է: Հիմա, եթե ամփոփենք: Ստացվում է, որ երիտասարդը կառավարության կողմից ասպիրանտական տեղ է ստացել ԵՊՀ-ում «Հայ դասական գրականություն» մասնագիտացմամբ», ԵՊՀ-ի միջոցով տարկետում է ստացել բանակից ու այդ ընթացքում ատենախոսություն է պաշտպանել Բրյուսովի անվան համալսարանում, բոլորովին այլ մասնագիտությամբ: Ստացվում է, որ այս ամենի արդյունքում չի պատրաստվել այն մասնագետը, որի համար Կառավարությունը տեղ է հատկացրել ԵՊՀ-ում և այդ երիտասարդի փոխարեն նույն ԵՊՀ-ում կարելի էր ասպիրանտ վերցնել մեկ այլ մարդու: Խնդիրը սա է: Հիմա այն, որ Դավիթը փորձում է թերթերի միջոցով ճնշման ենթարկել ԲՈՀ-ին, կապված է այն բանի հետ, որ նրա տարկետման ժամկետն ավարտվում է: Ավելին, որպեսզի սխալված չլինենք մեր որոշումներում, ես այս դեպքի կապակցությամբ նամակով դիմեցի Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Նամակի ու գրագրության պատճեններն էլ կարող եմ ձեզ տրամադրել: ԿԳՆ-ից ինձ պատասխանեցին, որ գործին ընթացք տամ սահմանված կարգով, բայց քանի որ հարցը հենց այն է, որ նման դեպքի համար սահմանված կարգ մենք չունենք` ես խնդրեցի ներկայացնել առաջարկություն: Հիմա սպասում ենք պատասխանի»:

Այս ամենի կապակցությամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պարզաբանումը կներկայացնենք առաջիկայում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նունե says:

    Այ եթե ԲՈԼՈՐ դեպքերում ԲՈՀ-ը և ԿԳ նապարարությունը այսպես հետևողական լինեին….բայց դե ՉԷ, դա է ցավալի… ուղղակի այնպիսի տպավորություն է իմ մոտ, որ մի բան չեն կիսել, դրա համար էլ մեկ էլ նկատողության կարիք ի հայտ եկավ… թե չէ մինչև այս դեպքը ամեն ինչ շատ լավ էր

  2. Սահակ says:

    Անկեղծ ասեմ, ոչ թե իրար հետ կիսելու բան ունեն, այլև կարգի և էթիկայի չիմացությունն է,
    որ մեկ անձը չի կարող երկու իրարամերժ մասնագիտություններով գիտական աշխատանք անել, դա ամենայն հավանականությամբ լավ հովանավոր ունի վերևներում, որտեղից էլ ծագում է ;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930