Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի և Ռիգայի քաղաքապետերը ստորագրել են երկու քաղաքների եղբայրացման համաձայնագիր

Հուլիս 05,2013 17:44

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ:

Ողջունելով Երևանի քաղաքապետին՝ Նիլ Ուշակովը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և արձանագրելով, որ երկու քաղաքապետերն էլ, ըստ էության, գրեթե միաժամանակ են վերընտրվել իրենց զբաղեցրած պաշտոններում, հույս է հայտնել, որ այդ հանգամանքը ևս մեկ խթան կհանդիսանա Երևանի և Ռիգայի միջև փոխշահավետ համագործակցություն հաստատելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազում ծրագրեր կյանքի կոչելու համար. «Անկեղծորեն ուրախ եմ, որ հենց այս փուլում եք այցելել Ռիգա: Այս օրերին Ռիգայում անցկացվում է ոչ միայն Լատվիայի, այլև ողջ Եվրոպայի կողմից ճանաչված ամենահայտնի` լատվիական երգի և պարի ավանդական տոնը, ինչը հրաշալի հնարավորություն է լիարժեք տեսնելու ու ծանոթանալու մեր քաղաքին: Համոզված եմ, պարոն քաղաքապետ, որ մեր կողմից ստորագրվելիք համաձայնագիրը կնպաստի, որ երկու մայրաքաղաքների բնակիչներն ավելի հաճախակի այցելեն մեկը մյուսին և շատ ավելի տեղեկացված լինեն մեր մշակույթների առանձնահատկություններին: Նաև վստահ եմ, որ մեր ջերմ հարաբերություններն անպայման կունենան նաև փոխշահավետ զարգացումներ», – նշել է Ռիգայի քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին, նախ փոխադարձաբար շնորհավորել է գործընկերոջը վերընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ պատասխանատու աշխատանքում:

Անդրադառնալով երկու քաղաքների միջև փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու գործնական հարաբերությունների զարգացմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս նկատել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունն իսկապես կարևոր խթան է Երևանի և Ռիգայի բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար: Քաղաքապետը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու Երևանի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին. «Մենք ողջունում ենք գործընկեր քաղաքների հետ փոխշահավետ համագործակցությունը, և վստահ եմ, որ ստորագրվելիք եղբայրացաման մասին համաձայնագիրն իսկապես արդյունավետ ծրագրային համագործակցության սկիզբ կդնի Երևանի և Ռիգայի միջև: Մեզ համար շատ կարևոր է տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի և նախագծերի իրականացումն ու փորձի փոխանակումը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը ստորագրել են եղբայրացման մասին համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջև: Համաձայնագրի շրջանակում համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տեղական ինքակառավարման, փորձի և մասնագետների փոխանակման, քաղաքային ծառայությունների կառավարման, ինչպես նաև քաղաքներում երթևեկության և փոխադրումների կազմակերպման ուղղությամբ:

Հանդիպման վերջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նիլ Ուշակովին հրավիրել է Երևան:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031