Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. «Հիշյալ տեսակետի մեկնաբանության, դրա պետաիրավական ուղղվածության բացահայտման հասցեատերը ես լինել չեմ կարող»

Հուլիս 09,2013 22:01

ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանի հետ զրուցեցինք հուլիսի 5-ին կայացած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի մասին:

 – Պարոն Դանիելյան, դատախազ Աղվան Հովսեփյանը մասնակցել է այդ համաժողովին, եւ իր ելույթում դատախազը հետեւյալ միտքն արտահայտել. «Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները»: Այս մասին շատ քաղաքական գործիչներ են խոսել, բայց առաջին անգամ երկրի ուժային կառույցի ղեկավարն է հրապարակավ նման պահանջ հնչեցնում: Դա կարո՞ղ է ընկալվել իբրեւ պաշտոնական Երեւանի տեսակետ: Ի՞նչ ազդեցություն կունենա դատախազի պահանջատիրական ելույթը, եթե հաշվի առնենք նաեւ այն, որ հաճախ Հայոց ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման հարցը համարում են Թուրքիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու միջոց:

– Իրավաբանների Համահայկական երկրորդ համաժողովի հիմնական նյութը Հայոց ցեղասպանությանն առնչվող իրավական ասպեկտներն էին: Բնականաբար քննարկվել են նաեւ տարածքային պահանջների իրավաչափության հարցերը: Սակայն քննարկվող հարցադրումների շրջանակը չի սահմանափակվել միայն փոխհատուցման կամ տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրներով, ավելին՝ փոխհատուցումը չի դիտարկվել միայն նյութական պատասխանատվության կտրվածքով. վերջին հաշվով, ներկայումս առանցքային նշանակություն է ձեռք բերել նաեւ բարոյական պատասխանատվության ինստիտուտը: Ընդ որում, միանգամայն իրավաչափորեն հնչել է տեսակետ, ըստ որի Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը եւս բարոյական վնասի դրսեւորում է:

Գիտաժողովը հենց տեսակետներ հայտնելու հարթակ է, ընդ որում, վերջին նիստը վարելիս, նկատեցի, որ նույն տարածքային պահանջների իրավական հիմքերի առնչությամբ տարաձայնությունները գրեթե ձեռք էին բերում անհանդուրժողականության բնույթ, ուստի պարզաբանեցի, որ բանավեճը կարող է հաջողված լինել միայն այլոց կարծիքները հարգելու եւ տարաբնույթ տեսակետներն ի մի բերելու արդյունքում միասնական դիրքորոշումներ մշակելու պարագայում:

Կոնկրետ հիշյալ տեսակետի մեկնաբանության, առավել եւս դրա պետաիրավական ուղղվածության բացահայտման (եթե, իհարկե, կա այդպիսին) հասցեատերը ես լինել չեմ կարող:

– Պարոն Դանիելյան, Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ հաճախ են լինում, այդ մեկն ինչո՞վ կառանձնացնեք, եւ ի՞նչ տվեց այն մեզ, եւ ի՞նչ կարող ենք ակնկալել դրանից:

– Անվերապահորեն կարող եմ փաստել, որ համաժողովն ստացվեց, այն չդարձավ սոսկ հանրահայտ տեսակետների ու փաստերի հրապարակման միջավայր: Ինքս ողջունում եմ սփյուռքի նախարարության և Իրավաբանների համահայկական համաժողովի նախաձեռնությունը, քանի որ այն ի սկզբանե զերծ մնաց այն միջոցառումներին բնորոշ անհարկի հանդիսավորությունից, որոնք համընկնում են յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին նշվող Հայոց ցեղասպանության օրակարգային միջոցառումներին: Շեշտում եմ՝ անհարկի հանդիսավորություն, որովհետեւ գիտաժողովին հարիր է հարցերի քննարկման խորը գիտականությունը, սոսկ իրավիճակային ենթահարցերն անտեսելու կարողությունը և այլն: Գիտաժողովի գաղափարներից էր նաեւ այն, որ աշխարհասփյուռ հայ իրավագետները փորձեցին աներկբա ընդգծել, որ Հայոց Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման իրավական խնդիրներին առնչվող հարցադրումներն արդիական են եւ դրանք ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ` մշտապես ու համակարգված գտնվելու են իրենց ուշադրության կենտրոնում:

Ձեր հաջորդ հարցի առնչությամբ նկատեմ, որ Իրավաբանների Համահայկական համաժողովի խորհրդի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի նախաձեռնությամբ ձեւավորվեց հանձնախումբ, որը սեղմ ժամկետում պետք է հավուր պատշաճի կատարի համալիր պատմաիրավական ու քաղաքագիտական հետազոտություններ եւ Համաժողովի խորհրդին ներկայացնի վերը նշված խնդիրների լուծմանը միտված իրավական կողմնորոշումների փաթեթածրարը:

– Ինչո՞վ էր թելադրված այդպիսի հանձնախմբի ձևավորման անհրաժեշտությունը: Մի՞թե ձեր կողմից նշված հարցադրումների պատասխանները դեռեւս տրված չեն, մի՞թե նոր միայն պետք է ուսումնասիրենք եւ համոզվենք Հայոց Ցեղասպանության եղելության հարցում:

– Իրավիճակն այլ է, որեւէ մեկը չի կարող պնդել, որ նոր միայն պետք է հետազոտություններ կատարվեն ու լուծումներ առաջադրվեն: Նախ, գիտաժողովում հստակ ընդգծվեց, որ հարկ է հավուր պատշաճի գնահատել արդեն իսկ կատարված աշխատանքը: Միաժամանակ, անհրաժեշտ համարվեց հստակեցնել արդիական գործնական նշանակություն ունեցող հարցադրումների շրջանակը եւ ներկայացնել դրանց լուծման համար անհրաժեշտ իրավական եղանակները: Ընդ որում, անընդունելի համարվեց առանձին պատմաբանների այն, գուցեեւ փոխաբերական իմաստով, հայտնված այն դիտարկումը, որ հետազոտությունների հարուստ փաթեթը պետք է պատմաբաններից փոխանցվի իրավաբաններին:

Ինքս, նախ նկատեցի, որ իրավագետները եւս որոշակի հետազոտություններ են կատարել և արդեն իսկ որոշ չափով կանխորոշել են հետագա աշխատանքների բնույթը. անդրադարձա, հատկապես, ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական եւ միջազգային իրավունքի ամբիոնի նախկին վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Աղասի Եսայանին, որը դեռեւս անցյալ դարի 60-ական թվականներին հարուստ ժառանգություն էր թողել Հայոց ցեղասպանության իրավական ասպեկտների վերաբերյալ:

Նոր հանձնախմբում ընդգրկվել են աշխարհասփյուռ Հայաստանի ճանաչված իրավագետներ, մասնավորապես, դրանում ընդգրկվել են Ամերիկյան Հայ դատի կառավարման հարցերով տնօրեն Քեյթ Նահապետյանը, Ավստրիայից միջազգային իրավունքի փորձագետ Սուրեն Սերայդարյանը, Արգենտինայից միջազգային իրավունքի պրոֆեսոր Ռոբերտո Մալխասյանը, Լիբանանից իրավաբան Ռոդնի Դաքեսյանը, Իրանից  իրավաբան Ռիտա Ավետիսյանը եւ այլոք: Հայ իրավաբաններից ընդգրկվել են միջազգային իրավունքի ճանաչված մասնագետ, սահմանադրական դատարանի անդամ, իրավագիտության դոկտոր Վլադիմիր Հովհաննիսյանը, սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայության պետ, դարձյալ միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Մալխասյանը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը եւ այլոք:

Համաժողովի խորհրդի որոշմամբ ինքս ընտրվել եմ այդ հանձնախմբի համակարգող, ինչն ինձ համար չափազանց պատասխանատու ու պատվաբեր եմ համարում: Մտադիր ենք անհապաղ անցնել հստակ ու կոնկրետ քայլերի: Ի դեպ, շատերը հայտնեցին համագործակցելու պատրաստակամություն, սակայն սա մեր կողմից չի դիտարկվելու, որպես «փիառ ակցիա», ուստի բոլորի համար շուտով պարզ կդառնա, որ սպասվում է ծանր, բարդ գիատական աշխատանք՝ առանց շնորհակալության ակնկալիքի. մեզ բոլորիս համախմբելու է պարտքի զգացումը:

Այս պահին, զուտ քաղաքական նկատառումներով, դեռ նպատակահարմար չեմ գտնում ամբողջովին բացահայտել մեր ծրագրերը եւ գործունեության ուղղությունները, սակայն հակիրճ կանդրադառնամ դրանց, մեր խնդիրն է ոչ միայն միջազգային գործող իրավական փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության արդյունքներով իրավական լուծումներ առաջադրելը, այլեւ՝ հանդես գալ դրանք որոշակիորեն բարելավելու հստակ նախաձեռնությամբ:

– Դո՞ւք գտնում եք, որ ցեղասպանության իրավական կարգավորմանն առնչվող միջազգային իրավական ակտերը բավարար չափով չեն բովանդակում առաջադրված հարցերի պատասխանը:

– Այս մոտեցումը, թերեւս, նոր ու համարձակ է, սակայն, իմ խորին համոզմամբ, խիստ անհրաժեշտ: Այս դեպքում եւս դեռ վաղ է բացահայտել հարցերի շրջանակը, սակայն մի մասնավոր օրինակով, թերևս, ասելիքս առարկայական կդառնա: Դեռևս 1946թ. Ռաֆայել Լեմկինը, մշակելով ցեղասպանության կոնվեցիայի նախագիծը, ենթադրում էր, որ մարդկանց մշակութային ոչնչացումը ևս ցեղասպանության տարատեսակ է, քանզի մշակութային արմատներ չունեցող էթնիկական խմբավորումն արագ կորցնում է ազգային հատկանիշները եւ լուծվում այլ ազգությունների մեջ: Սակայն այն ժամանակներում այդ մոտեցումը համարժեք ընկալելու համար անհրաժեշտ իրավական մշակույթ չէր ձևավորվել: Եթե նմանաբնույթ ասպեկտները հնարավոր լինի առաջադրել միջազգային իրավասու կառույցներին, ապա դա հնարավորություն կտա իրավական համարժեք գնահատական տալ եւ հետապնդում նախաձեռնել, օրինակ, ազերիների կողմից սանձազերծած մշակութային արժեքների, մասնավորապես խաչքարերի զանգվածային ոչնչացման փաստերի առթիվ:

Ի դեպ, այս հարցերը համակողմանի ուսումնասիրության նյութ են դարձել երիտասարդ իրավագետ Տաթեւիկ Գրիգորյանի «Մշակութային ցեղասպանություն» երկլեզու աշխատությունում:

– Այս պահին գործնական քայլեր անելո՞ւ հիմքեր կան, թե՞ պետք է սպասել արդյունքների:  

– Ներկա պահին որոշ հարցադրումների առնչությամբ եւս բավարար հիմքեր կան դատաքննություն նախաձեռնելու համար: Մի մասնավոր օրինակ, որին անդրադարձա իմ զեկույցում. Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Կիպրոսի հատվածում ամբողջովին ավերվել ու թալանվել է Հայկական եկեղեցին: Եկեղեցու տրամադրության տակ կան լիարժեք փաստեր (լուսանկարներ, գույքագրման արձանագրություններ եւ այլն), որ դրա կազմակերպման  հեղինակները իշխանության կոնկրետ ներկայացուցիչներ են, ընդ որում, հափշտակված սրբապատկերների մի մասը հետագայում աճուրդներում հայ բարերարները գնել եւ եկեղեցուն են հանձնել: Իմ կարծիքով, արդեն հիմա հարկ է գոնե պատճառված վնասի հատուցման հայց ներկայացնել ներազգային դատական ատյան:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031