Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյան. «Կարելի է խոսել տրանսպորտի սակագնի ոչ թե բարձրացման, այլ իջեցման մասին»

Հուլիս 31,2013 15:35

Ըստ սպառողների պաշտպանի՝ քաղաքային իշխանությունը պետք է ձեւավորվի նոր սկզբունքով
«Նորից մոլեգնում եւ ընդվզում է մեր ժողովուրդը: Մեր երիտասարդները ցուցադրեցին փայլուն հասարակական-քաղաքացիական վարվելակերպ: Նրանք ինքնաբուխ կազմակերպեցին այդ բողոքի ակցիաներն ու ցույցերը, եւ մենք հասանք մեր նպատակին: Իհարկե, դա միջանկյալ հաջողություն է եւ ավարտական չէ»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը:
«Մենք գիտենք, որ այս խնդիրը վերանայելու համար տրված է 2 ամիս: Խնդիրը շատ մեծ է եւ համակարգային: Ըստ ձեւի՝ այս մոտեցումը մեզ ընդհանրապես չի բավարարում: Հայտարարված է երկու ամիս, իսկ այդ երկու ամսից արդեն 6 օր է անցել: Ոչ ոք չգիտի, թե երբ, ինչպես, ինչ կարգով, ինչ կազմով, ինչ օրակարգով պետք է ընթանան այդ քննարկումները: Ես մամուլից եմ լսում, որ խորհրդակցություն կազմակերպելու մտադրություն կա: Մարդիկ, ովքեր այդ հարցերով զբաղվում են պետք է արդեն տեղեկացված լինեին»,-ասաց նա:
Պարոն Պողոսյանը համեմատում է այս ժամանակահատվածը 1988 թվականի հետ. «Այն ժամանակ շարժումը սկսվեց էկոլոգիական հարցերից եւ վերածվեց պետական անկախության համար մղվող շարժման: Այն ժամանակ, պարզապես, չակերտավոր առաջնորդները դպրոց չէին գնացել եւ չգիտեին, թե ինչ են ուզում: Նրանք բերեցին մեր երկիրը քարե դարի: Մենք 5 տարի ապրեցինք առանց լույսի՝ մոմի լույսի տակ: Այսօրվա շարժումը նախաձեռնողները գրագետ մարդիկ են: Այնպես որ ընդվզումը շատ ճիշտ է եւ չնայած նման է 88 թվականի շարժմանը, բայց իր հիմքով կատեգորիկ կերպով տարբերվում է»:
Արմեն Պողոսյանն ասաց, որ իրենց ասոցիացիան եւ այն կազմակերպությունները, որոնք ընդգրկված են այս շարժման մեջ, անվստահություն են հայտնում Երեւանի ավագանու նկատմամբ. «Բոլոր անդամներին ուղարկում ենք տուն՝ բացի միջազգային գրոսմայստերից: Բանն այն է, որ այդ մարդիկ առաջին անգամ չեն նստած՝ ընտրվել են եւ հետո վերընտրվել: Նրանք նստած են ավագանիում, բայց մենք երբեք չենք լսել իրենց խոսքն ու կարծիքը վիճահարույց եւ հուզող հարցերի վերաբերյալ: Երբ որ փետրվար ամսին մեր երիտասարդները նստած էին Մաշտոցի պուրակում, որպեսզի փրկեն բնության այդ մի կտորը, ավագանու կարկառուն ներկայացուցիչը՝ առաջին շարքում նստած այդ ճարտարապետը ասում էր՝ «пошли они»: Տրանսպորտի խնդիրը ճարտարապետական խնդիր է, եւ քաղաքի գլխավոր հատակագծում, որը կազմել են հիմնականում ճարտարապետները, սեւով սպիտակի վրա գրված է՝ միկրոավտոբուսների տեսակարար կշիռը պետք է լինի 19,2 %: Եւ եթե ավագանիում նստած ճարտարապետները եւ մնացած մասնագետները չեն տիրապետում իրենց մասնագիտությանը, մենք արտահայտում ենք անվստահություն նրանց նկատմամբ, պետք է գնան իրենց տուն եւ քաղաքային իշխանությունը պետք է ձեւավորվի նոր սկզբունքով»:
Պարոն Պողոսյանը նշեց, որ ուղեւորափոխադրումների ծավալը Երեւանում ամենանվազ հաշվարկով կազմում է 600.000 մարդ. «Եթե մենք այդ թիվը բազմապատկում ենք 100-ով, ստանում ենք մի ֆանտաստիկ թիվ, որը լրիվ բավարար է ե´ւ երթեւեկությունը կազմակերպելու համար, ե´ւ այն չարիքը վերացնելու համար, որը կոչվում է միկրոավտոբուս»:
Արմեն Պողոսյանը խոսեց նաեւ այն մասին, թե ինչ են իրենք առաջարկում անել. «Մենք առաջարկում ենք ստեղծել բաց բաժնետիրական ընկերություն: Այժմ մեր միկրոավտոբուսների ասպարեզում գործում են 67 տնտեսվարող սուբյեկտներ: Բաց բաժնետիրական ընկերության ստեղծման հետ տնտեսվարման ձեւը փոխվում է: Դրա կեսը պատկանում է քաղաքապետարանին, իսկ մյուս կեսը պատկանում է նույն ձեռնարկություններին, որոնք հիմա շահագործում են տրանսպորտը: Սա մենք չենք հնարել, այս կարգը գործում է Բեռլինում, Բուդապեշտում եւ մի քանի այլ քաղաքներում»:
Ըստ պարոն Պողոսյանի՝ այդ ձեռնարկության ստեղծման պարագայում միջինացվում են բոլոր ցուցանիշները. «Կան առավել շահութաբեր եւ ակնհայտ ոչ շահութաբեր տրանսպորտի տեսակներ: Այս թվերը միջինացվում են: Մեր քաղաքը ստացել է նվեր 249 ավտոբուս: Մենք, ունենալով այդ նվերը, խոսում ենք անշահութաբերությունից եւ սնանկացումից: Այդ 0 դրամ արժեքով գույքը, որը մտել է բաժնետիրական ընկերության հաշվեկշիռ, թույլ է տալիս խոսել սակագինը ոչ թե բարձրացնելու, այլ նվազեցնելու մասին»:

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031