Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գագիկ Եգանյան. «Անվերջ խոսում են` բոլորը մեկնեցի՜ն, երկիրը հայաթափվե՜ց»

Օգոստոս 21,2013 12:11

Հատված Միգրացիոն պետական ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցից;

  -145 միլիոնանոց Ռուսաստանում 1,25 մլն մարդու արտագաղթը մեծագույն աղետ են համարում: Ագրեսիվ հարեւաններ ունեցող փոքր Հայաստանի համար 1,2 միլիոնը ի՞նչ է, եթե ոչ աղետ, ազգային անվտանգության խնդիր:

-Անշուշտ, դա մեզ համար հսկայական թիվ է, եւ շատ մտահոգիչ: Բայց որքանո՞վ են մեր լրատվամիջոցները խնդիրը ճիշտ ներկայացնում: Անվերջ խոսում են` բոլորը մեկնեցի՜ն, երկիրը հայաթափվե՜ց:

Այս քարոզչությունը ստեղծում է շատ վտանգավոր հոգեբանական մթնոլորտ: Նախ, այն մարդը, որ ցանկություն ունի Հայաստանում ներդրումներ անելու, մտածում է` ինչպե՞ս գործ սկսել մի երկրում, որն անվերջ «մարդաթափվում» է: Սովորական մարդիկ էլ սկսում են մտածել` վա՜յ, բոլորը գնացին, բա մե՞նք ինչու չգնանք, չէ՞ որ արտագաղթելը շատ դյուրին ու լավ բան է: Բայց այդպես չէ, ճիշտ հակառակն է:

 -Հայաստանցի միգրանտներին գրավող երկրներն են Ֆրանսիան ու Գերմանիան, սակայն, ըստ լուրերի, այդ երկրներում միգրանտները ծանր վիճակում են հայտնվում` Գերմանիայի ճամբարներում սարսափելի պայմաններ են, Ֆրանսիայում մարդիկ նույնիսկ սթրեսային իրավիճակների հետեւանքով հայտնվում են հոգեբուժարաններում: Վատ վերաբերմունք կա նաեւ Ռուսաստանում: Ի՞նչ անել նման վիճակում հայտնված հայ միգրանտներին օգնելու համար: 

-Մենք խնդրում, հորդորում ենք բոլորին` գնալուց առաջ տասը չափեք ու մեկ կտրեք: Իմացեք, թե այդ երկրում ինչ կարգեր են գործում, որպեսզի չհայտնվեք անկանոն միգրանտի կարգավիճակում:
Ի դեպ, Ֆրանսիա ու Գերմանիա մեկնածները ներկայանում են որպես ապաստան հայցողներ կամ ժողովրդի լեզվով ասած` «հանձնվողներ»: Այսպիսիք մտածում են. եթե «հանձնվեն», ուրեմն այդ երկիրն իրենց կտրամադրի իր սոցիալական բարիքները: Բայց չգիտեն, որ մինչեւ այդ պետք է բավարարեն որոշակի` քաղաքական, ռասայական, կրոնական չափանիշների: Իսկ այնտեղ միամիտներ չեն նստած, որ միանգամից իրենց համաձայնությունը տան:
Եվրոպական երկրների պաշտոնյաները հրաշալի գիտեն Հայաստանի մասին, գիտեն, որ մեզանում չկան նմանատիպ խտրականություններ, ճնշումներ, ահա թե ինչու հայցերի մեծ մասը մերժվում է: Այդ գործընթացը կարող է տեւել 1-2, անգամ 10 տարի: Մարդկանց թվում է, թե իրենք արդեն հաստատվել են, բայց երկարատեւ դատական քաշքշուկներից հետո հետ են ուղարկվում: Մեր բնակչությունն այս մասին պետք է տեղեկացված լինի, որպեսզի կասկածելի հեռանկարով ճամփորդությունից առաջ իր եղած-չեղածը չծախի, կամուրջները չայրի ու գիտակցի, որ մերժվելուց հետո վերադառնալու է Հայաստան:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031